«ԵԹԵ ՉՄԱՍՆԱԿՑԵԻ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ, ԻՆՁ ԵՐԲԵՔ ՉԷԻ ՆԵՐԻ». ԵԳՈՐ ԳԼՈՒՄՈՎ

«ԵԹԵ ՉՄԱՍՆԱԿՑԵԻ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ, ԻՆՁ ԵՐԲԵՔ ՉԷԻ ՆԵՐԻ». ԵԳՈՐ ԳԼՈՒՄՈՎ

1524

«Ռադիոյում և հեռուստատեսությունում 17 տարվա փորձ ունենալով հանդերձ` ինձ լրագրող չեմ համարում, պատճառը մասնագիտական կրթություն չունենալն է »,- ապագա լրագրողների հետ զրույցում անկեղծացավ Եգոր Գլումովը:

Սեպտեմբերի 25-ին ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ նա պատմեց իր դպրոցական տարիներից, խոսեց մոտիվացիայից, սիրելի հերոսներից, անդրադարձավ ապրիլյան պատերազմին մասնակցելու պատճառներին:

Գլումովն իր մասին խոսելիս նշեց, որ խորհուրդներ տալ չի սիրում, քանի որ միևնույն է բոլորն անում են այնպես, ինչպես իրենք են ճիշտ համարում. «Որոշակի տարիքում համոզված ես, որ բոլորը սխալ են, դու ես ճիշտ միայն: Տարիքի հետ ես հասկանում, որ միակողմանի դատողություններ անելը սխալ է: Պիտի կարողանաս ցանկացած հարց այլ տեսանկյունից էլ դիտարկել: Դա կյանքի իմաստությունն է` մարդն ինքը պիտի հասկանա»:

Ապրիլյան պատերազմին մասնակցելու հիմնական շարժառիթն իր երեխաներն են եղել:

«Եթե չմասնակցեի ապրիլյան պատերազմին, ինձ չէի կարողանա ներել: Հպարտ եմ, որ տասնյակ հազարավոր մարդիկ այդ օրերին կարողացան միասնական դառնալ: Երբ ինձ ասացին` չգնամ, որովհետև շատ բան ունեմ կորցնելու պատասխանեցի, որ դա ինձ շատ ավելի մեծ ուժ է տալիս պայքարելու համար: Եթե մեկ երեխա ունես պայքարում ես նրա համար, եթե նրանք չորսն են, ուժերդ քառապատկվում են»:  Գլումովի ամենասիրելի պատմական հերոսը Վարդան Մամիկոնյանն է: Նշեց նաև, որ շատ կուզեր Մոնթե Մելքոնյանին ողջ տեսնել. կուզեր այսօր էլ  Մոնթեն ապրեր և գործեր: Հարցին, թե ինչո՞ւ է թողել զինվորական աշխատանքը և սկսել աշխատել հեռուստատեսությունում, Գլումովը պատասխանեց.

«Բթացումից խուսափելու համար հստակ գիտակցում էի, որ խաղաղ պայմաններում իմ այնտեղ մնալն անիմաստ էր, իսկ հեռուստաեթերով կարող էի շատ այլ հարցերի լուծում տալ»: Հաղորդավարը նշեց, որ նպատակների հստակեցումը շատ կարևոր է սեփական երազանքներն իրականացնելու համար: Երբ հստակ գիտես, թե ինչ ես կյանքից ուզում` ազատություն, անկախություն, հարստություն, աշխարհը բացվում է քո առաջ:

-Ո՞րն է Եգոր Գլումովի ներշնչանքի աղբյուրը:

-Ներշնչանք կարելի է գտնել ցանկացած փոքր բանում: Քսան տարեկանում  մոտիվացիաս սիրածս աղջիկն էր, որին ամեն կերպ փորձում էի դուր գալ: Այսօր իմ ամենամեծ ներչնչանքի աղբյուրը երեխաներս են:

 

Էլինա Ասատրյան

3-րդ կուրս

Կիսվել