«ՎԵՐՋԻՆ ՈՒՍՈՒՑԻՉԸ» ՆՈՐԻՑ ԲԵՄԻՆ Է

«ՎԵՐՋԻՆ ՈՒՍՈՒՑԻՉԸ» ՆՈՐԻՑ ԲԵՄԻՆ Է

3692

Պատանի հանդիսատեսի թատրոնում հոկտեմբերն անցնում է պետրոսյանական շնչով: Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ ցուցադրվում է հեղինակի «Վերջին ուսուցիչը» վիպակի հիման վրա բեմադրված համանուն ներկայացումը: Թե ինչով է առանձնահատուկ Վարդգես Պետրոսյանը, ինչու է ընտրվել հենց այս ստեղծագործությունը և ինչպես է այն տևական դադարից հետո բեմ վերադարձել, պարզաբանում է թատրոնի գեղարվեստական ղեկավար, ներկայացման բեմադրիչ Դավիթ Հարությունյանը.

-Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» իր մյուս գործերի նման մարդասիրական և դաստիարակչական բազում շերտեր ունի: Այն կարևոր է հատկապես դպրոցականների համար, այդ է պատճառը, որ 2008 թվականին որոշեցի Պատանի հանդիսատեսի թատրոնում հենց այս գործը բեմադրել: Ներկայացումը ցուցադրվեց մինչև 2012 թվական: Այս տարի ցուցադրությունը վերսկսեցինք արդեն որոշ փոփոխություններով, ժամանակակից շնչով և ավելի երիտասարդ կադրերով:

Բեմադրիչը հավատում է՝ ինչպես ստեղծագործության մեջ, այնպես էլ կյանքում, վերջին ուսուցիչ չի լինում. չէ՞ որ յուրաքանչյուր ուսուցիչ թողնում է իր հետքը, և մենք ամբողջ կյանքում տանում ենք այն մեզ հետ:

-Սյուժեի հիմքում ոչ միայն դպրոցին առնչվող թեմաներ են, այլև ընկերության ու սիրո: Բայց, ցավոք, մեր հիմնական հանդիսատեսը հենց դպրոցահասակ պատանիներն են: Ես շատ կուզեմ, որ նաև ուսանողները թատրոն այլեցելեն: Հիմա միտում ունենք ընդլայնելու մեր հանդիսատեսի տարիքային զանգվածը, բայց դա չի նշանակում, որ համոզելու ենք, երիտասարդները անձամբ պիտի հետաքրքրվեն ու ցանկանան գալ,-պատմում է Դավիթ Հարությունյանը:

Դահլիճի լցվելուն պես լույսերն անջատվում են, և ներկայացումը սկսվում է ճիշտ այնպես, ինչպես գրքում է. դպրոցի բարձր դասարաններից մեկում ավարտական քննություններից առաջ տհաճ միջադեպ է գրանցվել: Անցանկալի աղմուկն ու խոսացկությունները տարածվել են ոչ միայն դպրոցում, այլև դպրոցից դուրս: Ստեղծված կոնֆլիկտային իրավիճակում, անձնական, ընկերական և ընտանեկան խճճված փոխհարաբերություններում երիտասարդներին ձեռք է մեկնել իրենց նորեկ ուսուցիչ Վահան Մամյանը, ում կերպարը մարմնավորում է դերասան Արթուր Կարապետյանը: Վերջինիս հետ խոսել, ցավոք, չհաջողվեց (նա շտապում էր մեկ այլ ներկայացման), փոխարենը դերասան Վահան Միրաքյանը, ով հանդես էր գալիս Արմենի դերում, անկեղծացավ.

-Այս ստեղծագործությունը համարժեք է մերօրյա իրականությանը, որովհետև մեր օրերում էլ կան մարդիկ, ովքեր, ապրելով հետխորհրդային ժամանակաշրջանում, մնացել են խորհրդային մտածելակերպի մեջ, կամ մարդիկ, ովքեր քայլում են ժամանակին համընթաց: Թե սերունդների և մարդկային փոխհարաբերությունների խնդիրները, թե դեկորացին և  երաժշտական ձևավորումը հնարավորինս մոտեցված են մեր ժամանակներին:

Դերասանի խոսքով՝ թատրոնն առհասարակ դաստիարակելու կամ սովորեցնելու խնդիր չպիտի ունենա, որովհետև դերասանը երբեք չի կարող իմանալ, թե ով է դահլիճում նստած իր հանդիսատեսը: Դերասանը ցույց է տալիս  երևույթներ, որոնք դրական են կամ արատավոր, և հանդիսատեսին ասում է՝ փորձեք քաղել ամենից դրականը:

Մի քանի րոպե հոտնկայս ծափահարող դահլիճին, կարծում եմ, հաջողվեց քաղել այդ դրականը: Սա են փաստում նաև հ. 155 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Լուսինե Գրիգորյանի պայծառ աչքերը.

-Հատկապես նամակների հատվածը շատ հավանեցի, հասկացա, որ չի կարելի խաբել ու դավաճանել ընկերներին:

Դասղեկն էլ շտապում է լրացնել.

– Կային պահեր, որոնք աշակերտներս իրենց դասարանում կատարվածի հետ էին համեմատում: Ես շատ ուրախ եմ, որ նրանք դիտեցին այս ներկայացումը, և հույս ունեմ, որ մինչ օրս եղած բացերը այսուհետ կշտկեն:

 

Միլենա Խաչիկյան

2-րդ կուրս

 

Կիսվել