«ՆՈՐ ԱՐՎԵՍՏԱՆՈՑ». ԿԱՅԱՐԱՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

«ՆՈՐ ԱՐՎԵՍՏԱՆՈՑ». ԿԱՅԱՐԱՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

214

«Նոր արվեստանոցը» արդեն մեկ տարի է ինչ գործում է Պուշկինի 4 հասցեում: Այն երիտասարդ արվեստագետներին, նկարիչներին ու երաժիշտներին հանրությանն անվճար ներկայանալու, արվեստի տարբեր ոլորտներն ու դրանց ներկայացուցիչներին համախմբելու նպատակ ունի: Արվեստանոցի պատը զարդարում է «արշինանոց» տառերով գրված՝ «Միտքը՝ գործ» կարգախոսը:

«Պատմական գրառման» խորհուրդը մեկնում է արվեստանոցի համահիմնադիր Հարութ Հովսեփյանը. «Եթե ինչ-որ նոր գաղափար ես ունենում, այն պետք է անմիջապես կյանքի կոչես, իրականացնես, թե չէ անիմաստ կկորչի: Ժամանակին ընկերներիցս մեկն առաջարկեց «Նոր արվեստանոցի» գաղափարը, ու ծնվեց այս ցուցասրահը… Մենք այդ կարգախոսով ենք առաջնորդվում ու ուզում ենք, որ բոլոր լավ գաղափարներն էլ կյանքի կոչվեն»:

«Նոր արվեստանոցն» անմիջապես առանձնանում է վառ երանգավորմամբ պատերով, բարձր առաստաղով, մեծ, լուսավոր պատուհաններով, ու ստիպում քեզ իսկական պատկերասրահում զգալ: Գուցե սա է պատճառներից մեկը, որ այստեղ կազմակերպվող ցուցահանդեսները մշտապես գրավում են նոր այցելուների, իսկ հներին ստիպում անընդհատ հետ վերադառնալ:

«Նոր արվեստանոցի միտքն առաջացել է Վերնատնից: Այդ մարդիկ՝ Մեծերը, ուղղակի չեն հավաքվել, չէ՞: Եթե անգամ ուղղակի են հավաքվել, ապա դա իր դրական ազդեցությունն է ունեցել մեր ճակատագրի վրա. մենք ունենք Կոմիտաս, Թումանյան, Իսահակյան, Թերլեմեզյան, Սուրենյանց ու  կանք մենք՝ որպես ազգ: Հայաստանում այսօր դա է պակասում՝ արվեստի մարդկանց համախմբվածությունը: Հատկապես երիտասարդների դեպքում այդ խնդիրը կա. ակադեմիայի ուսանողներն իրար հետ են շփվում, Թատերականի ուսանողներն՝ իրար, Կոնսերվատորիայի ուսանողներն՝ իրար հետ: Նեղ շրջան է: Պատկերացրեք, եթե նրանք բոլորը միասին լինեին. երաժիշտներն օգնեին նկարիչներին, թատերականի ուսանողները՝ երաժիշտներին, նկարիչները՝ բանաստեղծներին… Արվեստի տարբեր ճյուղներն օգնեին ու լրացնեին մեկմեկու, ինչքան լավ կլիներ:

Ի սկզբանե սա իմ արվեստանոցն էր: Մի օր ընկերներիցս մեկն ասաց, որ լավ կլիներ, եթե այն մշակութային փորքիկ օջախ դառնար: Ես ու ընկերներս՝ Երանուհի Մանուկյանն ու Ստեփան Ավետիսյանը հիմնեցինք «Նոր արվեստանոցը»:  Երեքիցս միայն ես կապ ունեմ նկարչության հետ, մյուսները շատ հեռու են: Չեք պատկերացնի, թե առաջ ինչքան անմխիթար էր վիճակը էստեղ: Ոնց որ նշանավոր Հարլեմը լիներ: Այս պատերը, գույները, վերանորոգումը, գույքը որ տեսնում եք՝ ամենը մենք ենք արել մեր ձեռքերով, մեր միջոցներով… Ամեն արվեստագետի կյանքում էլ փուլ կա, երբ ուզում է ներկայանալ մարդկանց: Կապ չունի լավն ես, թե վատն ես՝ որպես մասնագետ: Բայց փող չունես: Ես անցել եմ այդ ամենի միջով, հանդիպել եմ շատերին, որոնք ինձնից լավ են նկարել, բայց էլի փողի պատճառով չեն կարողացել ներկայանալ… Այդ պատճառով որոշեցինք, որ «Նոր արվեստանոցում» բոլորն անվճար ցուցադրվելու հնարավորություն կունենան:

Մեկ տարվա ընթացքում ցուցահանդեսներ շատ են կազմակերպվել: Առաջիններից մեկը «Խելաշեղումն» էր՝ երիտասարդ գրողներն առաջարկել էին միասին պրոյեկտ անել: Նրանք իրենց բանաստեղծությունները համապատասխանեցրել էին երիտասարդ նկարիչների նկարներին ու շատ հետաքրքիր նախագիծ էր ստացվել: Միայն բացման պահին մոտ 300 այցելու կար: Ցուցահանդեսը 3 օր էինք նախատեսել, բայց մեր էջին այնքան էին գրել, որ ժամկետը երկարացնենք, որ ստիպված եղանք ևս մի քանի օր պահել:

Հաջողված ցուցադրություններից էր «Երկրորդ հայացքից»-ը. այն և հետաքրքիր մեսիջ ուներ, և բավականին մեծ թվով այցելուներ: Բայց ամենալավն այն էր, որ դա 16 տարեկան երեխաների նախագիծն էր: Նրանց տեսնելով՝ հասկանում ես, որ ամեն ինչ կորած չէ, որ Հայաստանը կարող է դեպի լավը փոխվել… «Նոր արվեստանոցը» մեկ տարվա ընթացքում շատ բան է փոխել: Դա զգացի Թանգարանային գիշերը: Բոլորն այդ օրը ժպտում էին իրար, հարգում ու սիրում… Մարդիկ կային, որ առանձին-առանձին էին եկել, բայց էստեղ ընկերներ ձեռք բերեցին… Դա, կարծում եմ, ամենակարևորն է»:

 

Ադրինե Նիդելյան

3-րդ կուրս

 

Կիսվել