RUSAL FESTIVAL-Ն ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

RUSAL FESTIVAL-Ն ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1554

Երևանի պետական համալսարանում հոկտեմբերի 27-ը նշանակալի էր գյուտարարության, ստեղծարարության, եզակի տեխնիկաների և տեխնոլոգիաների ցուցադրությամբ և փորձնական կիրառությամբ:

«ՌՈՒՍԱԼ» ընկերությունը` աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրողներից մեկը, ԵՊՀ-ի հետ համագործակցության շրջանակներում առաջին անգամ Ռուսաստանից դուրս` Երևանում, անցկացրեց ՌՈՒՍԱԼ փառատոն «Գիտություն» գիտափառատոնը:

Հոկտեմբերի 27-ին, ժամը 10:00-ին տեղի ունեցավ գիտափառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Նախաձեռնությունը ողջունելու էին եկել մի շարք ուսանողներ, դասախոսներ, հյուրեր՝ Ռուսաստանից, տարբեր մասնագետներ, «ԱՐՄԵՆԱԼ» գործարանի գլխավոր տնօրեն Ադոլֆ Զալցմանը, ինչպես նաև համալսարանի ուսանողների, շրջանավարտների և hասարակության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը և ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Պաշտոնական մեկնարկից հետո ԵՊՀ-ի նախասրահում և միջանցքներում կարելի էր հանդիպել երիտասարդների, ովքեր ուսումնասիրում էին ինտերակտիվ գիտական տեխնիկաներ, ինչպես նաև ՈՒԳԸ և ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնի ստեղծագործության նմուշները:

Փորձագետների ցուցադրությունների ժամանակ մասնակիցները ծանոթացան տարբեր մետաղների զարմանահրաշ որակներին: Մի քանիսը համտեսեցին մոլեկուլային խոհանոցի «մասնիկներից»: «Տեխնոլոգիաների գոտում» վիրտուալ իրականության մեջ մտքի ուժով կառավարելն ու 3D գրիչներով ցանկացած պատկեր ստանալն էլ ավելի մեծ ուշադրության կենտրոնում էին տարբեր այցելուների և հետաքրքրասերների կողմից:

Փորձնական ցուցադրություններից զատ՝ մինչև երեկոյան ժամը, 6-ը ընթանում էին ինտելեկտուալ դասախոսություններ: Դասախոսությունները վարում էին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների գիտաշխատող Հայկ Իշխանյանը, գիտական լրագրող, բժիշկ թերապևտ Ալեքսեյ Վոդովոզովը և ՄՊՀ կենսաբանության ֆակուլտետի մանրէաբանական բիոտեխնոլոգիաների լաբորատորիայի վարիչ Անդրեյ Շեստակովը:

Թե որքանով էր արդյունավետ նման ծրագրի ստեղծումը, ուսանողները պատասխանեցին. «Մարդկանց ինտելեկտուալ կարողությունների պաշարը հարստացնելու դեպքում գիտելիքները կրկնապատկվում, եռապատկվում են և մարդուն դարձնում են արդիական. նման ծրագրերը խթան են հանդիսանում կատարելագործվելու և գաղափարներ ստեղծելու համար»:

Արդսյոք նմանատիպ ծրագրերն ու միջոցառումները կկրե՞ն շարունակական բնույթ, թե՞ ոչ, ԵՊՀ պրոռեկտոր պարոն Մարկոսյանը պատասխանեց. «Մենք պարբերաբար մտածում ենք նման ծրագրեր կազմակերպել, սակայն պետք է տեխնիկական սարքավորումները թարմացնել, քանի որ նույն ընտրանին ներկայացնելու դեպքում, բնականաբար, կնվազի հետաքրքրությունը: Ուսանողները պետք է դուրս գան նեղ մասնագիտական շրջանակներից և զբաղվեն նաև տեխնիկական հետազոտություններով»:

Աննա Գալուստյան

2-րդ կուրս

Կիսվել