ԴԵՆԻԵԼ ՔԻԶ «ԾԱՂԻԿՆԵՐ ԷԼՋԵՐՆՈՆԻ ՀԱՄԱՐ»

ԴԵՆԻԵԼ ՔԻԶ «ԾԱՂԻԿՆԵՐ ԷԼՋԵՐՆՈՆԻ ՀԱՄԱՐ»

4752

Տարածված կարծիք կա, որ այսօրվա երիտասարդությունն այլ  հետաքրքրություններ ունի ընթերցանության փոխարեն: Մի խումբ երիտասարդներ իրենց քայլով հերքում են այդ մտավախությունն ու օրինակ ծառայում այլոց: Նրանք «Հյուլե» գրական ակումբի անդամներն են: Վերջինս դպրոցից, համալսարանից դուրս այլընտրանքային կրթության տարբերակ է, որ հնարավորություն է ընձեռում երիտասարդներին գրքեր ու ֆիլմեր քննարկելու, տարբեր տարիքի ու նախասիրությունների անձանց հետ շփվելու, միմյանց և աշխարհն ավելի լավ ճանաչելու:

Նոյեմբերի 18-ին, ժամը 14:00-ին «Հայ գիրք» գրախանութում ջերմ ու գրքային մթնոլորտ էր: Գրքասեր երիտասարդներն այս անգամ քննարկում էին բոլոր ժամանակների ամենատպավորիչ գեղարվեստական գրքերից մեկը՝ Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» վեպը: Հանդիպման սկզբնամասում վեպի, հեղինակի մասին խոսեց «Հյուլե» գրական ակումբի անդամ Նարինե Թադևոսյանը:

Գրքի առաջին իսկ տողերից ընթերցողը մտնում է Չարլի Գորդոնի աշխարհ ու ենթագիտակցություն: Չարլին՝ գլխավոր հերոսը, մտավոր խնդիրներ ու բարի սիրտ ունի: Նրա միակ երազանքն է խելացի դառնալը՝ այլոց պես խելացի,այլոց օգնելու համար խելացի: Չէ՞ որ, ինչպես մտածում էր Չարլին, եթե խելացի լինի, իրեն էլ կսիրեն, իր հետ էլ կխոսեն: Նրանք, ովքեր դեռևս ծանոթ չէին Դենիել Քիզի այս՝ միտքն ամբողջովին գրավող ստեղծագործությանը, «Հյուլե» ակումբի կազմակերպած քննարկումը հրաշալի հնարավորություն էր: Խորհուրդ է տրվում նաև դիտել վեպի համանուն ֆիլմը:

Քննարկումն անցավ ջերմ ու ուսուցողական մթնոլորտում՝ կրկին, այս անգամ արդեն այլ գրքի քննարկման համար հավաքվելու հաստատակամությամբ: Եվ վերջում, նրանց համար, ում մոտ հարց է առաջանում, թե ի՞նչ է պետք «Հյուլե» ակումբի անդամ դառնալու համար, ակումբականներն ու ղեկավարը տալիս են մեկ պատասխան. «Լինել գրքասեր ու պարտաճանաչ»:

 

Արաքսյա Սահակյան

3-րդ կուրս

Կիսվել