ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԲԵՐԴԱՎԱՆՈՒՄ ՀԻՄՆՎԵՑ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊՈՒՐԱԿ»

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԲԵՐԴԱՎԱՆՈՒՄ ՀԻՄՆՎԵՑ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊՈՒՐԱԿ»

1217

Նոյեմբերի 18-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղում ծառատունկ էր։ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան տանող ճանապարհի եզրին հիմնվեց «Խաղաղության պուրակը»։ Միջոցառումն ուներ «Մեկ ընտանիք, մեկ ծառ» կարգախոսը:

Բերդավանցիները ծառերի արմատների հետ հողում թաղում էին նաև թղթի վրա գրված իրենց երազանքները` հուսալով, որ դրանք կիրականանան: Ծառատունկի մասնակիցների համար կազմակերպվել էր հյուրասիրություն, ազգային երգն ու պարն ապահովում էր Երևանից ժամանած «Վարք հայոց» համույթը։ Միջոցառմանը մասնակցում էին նաև հարակից գյուղերի բնակիչներ։ Ծառատունկի իրականացմանն աջակցել էր ռուսաստանաբնակ Արթուր Զուրաբյանը, տնկիները տրամադել էր «Զիկատար» անտառային կենտրոնը։

Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանն ասաց, որ ծառատունկը կկատարվի ամեն տարի։ «Այս միջոցառման գլխավոր նպատակներից մեկը նաև գյուղի բնակիչներին համախմբելն է մեկ գործի շուրջ»,- հավելեց համայնքի ղեկավարը։

Հատկանշական է, որ Խաղաղության պուրակը հակառակորդի դիրքերից հեռու է ընդամենը 1,5 կիլոմետր։

 

Ասպրամ Փարսադանյան

2-րդ կուրս

Կիսվել