ԾՆՈՂՆԵՐԻ ԴԵՐԸ ԸՆԹԵՐՑԱՍԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ

ԾՆՈՂՆԵՐԻ ԴԵՐԸ ԸՆԹԵՐՑԱՍԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ

2633

Փոքր տարիքից երեխաները լսում են ծնողների կարդացած հեքիաթները, որոնք, մասնագետների պնդմամբ, որոշակի ազդեցություն են ունենում երեխաների դաստիարակության ու զարգացման վրա։ Հոգեբան Լիլիթ Մկրտումյանի խոսքով կարևոր է վաղ մանկական հասակից երեխայի համար կարդալ բարի ու հետաքրքիր գրքեր։ Դրանք կօգնեն զարգացնելու երեխայի խոսքը, մտածողությունը, հիշողությունը, ուշադրությունը և երևակայությունը։ «Ճիշտ են այն ծնողները, ովքեր նույն հեքիաթները նորից ու նորից կարդում են իրենց երեխաների համար։ Երեխան անփոփոխ մտապահում է սյուժեն և փորձում ինքնուրույն վերարտադրել այն։ Ծնողների մեկնաբանություններով զուգակցվող հետաքրքիր պատմությունները կարող են խորապես տպավորել երեխային՝ ազդելով նրա հուզականի վրա, և վաղ հասակից ձևավորել գեղեցիկի ընկալման բարձր ճաշակ»։

Տարածված կարծիք կա, որ նոր սերունդը գիրք կարդալու հակում չունի, և որ համակարգչային սարքավորումներն ու խաղերը գիրք թերթելու ժամանակ բոլորովին չեն թողնում։ Սակայն Խնկո Ապոր անվան գրադարանի աշխատակցուհի Էլինար Մուրադյանը ասում է, որ այսօր երեխաները շատ են հաճախում գրադարան և ընթերցում բազում գրքեր։ «Հիմա երեխաների հոսքը մի քիչ պակասել է, բայց դա պայմանավորված էր նոր ուսումնական տարվա մեկնարկով։ Սակայն սա էլ չի խանգարում մշտական այցելողներին»։ Նրա կարծիքով, թեև, այսօր երեխաները ծնողների ցուցումներով ընթերցում են մեր հին դասական գրողների ստեղծագործությունները, բայց կան նաև նոր ստեղծագործողներ, ում աշխատանքները նույնպես սիրում են երեխաները։ Հոգեբանի պնդմամբ ավելի ծույլ երեխաների համար կարելի է գտնել գիրք – վիկտորինաներ, զարգացնող գրքեր, որոնք անմիջապես գրավում են և ընդգրկում երեխային աշխատանքի մեջ։ Նա կարծում էր, որ ծնողը գրքերի հանդեպ իր վերաբերմունքով միայն կարող է հասնել երեխայի կողմից դրանց արժևորմանը. «Ես նկատել եմ, որ ժամանակը ոչինչ չի փոխում, և ինչպես տասնյակ տարիներ առաջ էր, հիմա ևս, երբ երեխան, նույնիսկ ծուլանալով, միայն ծնողին հաճոյանալու համար կարդում է  գիրքը, հետո այլևս չի ուզում այդ գրքից բաժանվել»։

Ծնողների պնդմամբ՝ երեխաները սիրում են կարդալ այն, ինչը կարդում են իրենք՝ ծնողները։ Անահիտն ասում է, որ ինքը բարձրաձայն ընթերցում է, և եթե երեխան լսում է, ուրեմն գիրքն իրեն դուր է եկել։

Փոքրիկ Արթուրը ընթերցում է այն գրքերը ինչ իրեն հանձնարարում են դպրոցում։ Ասում է սիրած հեքիաթը Թումանյանի «Տերն ու Ծառան» է ,սակայն վերջերս մայրիկի ցուցումներով սկսել է կարդալ ժամանակակից գրողների ստեղծագործություններից։

Կարևոր ու լուրջ խնդիրներից մեկն էլ գրքի ընտրությունն է։ Հին գրողների ստեղծագործությունների կողքին ավելացել են ժամանակակիցները։ Մանկագիր Երազիկ Գրիգորյանի կարծիքով՝ մանկագիրները պետք է շատ հեքիաթներ գրեն ու հանձնեն տպագրության։ Երեխաները մեծերի օգնությամբ կփնտրեն ու կգտնեն իրենց սիրելի հեքիաթի հեղինակին։ «Հրաշալի է, երբ երեխան մանկագրին հանդիպելու հնարավորություն ունի։ Մի անբացատրելի պահ է, երբ հանդիպւմ են հեքիաթասացը, հեքիաթն ու այն «սեփականացրած» փոքրիկը»,ասում է մանկագիրը։

 

Նարե Խաչատրյան

3-րդ կուրս

Կիսվել