ԳՐՔԱՀԱՎԱՔ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀԱՆՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՊԱՔԻՆՄԱՆ

ԳՐՔԱՀԱՎԱՔ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀԱՆՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՊԱՔԻՆՄԱՆ

212

Երեւան Մոլն իր ներսում փոքրիկ Լապլանդիա է ստեղծել՝ կազմակերպելով մանուկների հանդիպումը Ձմեռ պապիի և նրա հավատարիմ եղջերուների հետ: Անգամ մեծահասկաները, որ երբեմն թերահավատորեն են մոտենում հրաշքներին, մի պահ մանկանում են ու նոր երազանքներով լցվում:

Գույնզգույն լույսեր, նախատոնական եռուզեռ, զարդարված տոնածառ և քիչ այն կողմ դրված համեստ գրադարակներ՝ բազմատեսակ գրքերով: Թվում է, թե գրքերն ավելորդ են: Բայց արի ու տես, որ հենց նրանք են ամանորյա հրաշքների կատարողը:

Արդեն երկու տարի է, ինչ կայանում է «Ավելի երջանկաբեր է տալը, քան առնելը» բարեգործական-գրքահավաք ցուցահանդեսը Mybookstore գրախանութի նախաձեռնությամբ:

«Հավանաբար բոլորի տանը կան գրքեր, որ կարդացվել են ու մոռացվել, կարելի է ասել, մահացել են: Մենք ցանկացանք նրանց նոր կյանք տալ և ապրելու նոր հնարավորություն: Հենց այդպես ստեղծվեց բարեգործական գրքահավաք կազմակերպելու միտքը»,- ասաց միջոցառման կազմակերպիչ Լևոն Ստեփանյանը, և հավելեց՝ ցանկանում է, որ ցուցահանդեսը ամենամյա դառնա:

Միջոցառման ընթացքում հավաքված գրքերը չեն վաճառվում, այլ ցուցադրվում են դեկտեմբերի 16-ից 17-ը: Յուրաքանչյուր մարդ կարող է մոտենալ և վերցնել գրքերից ցանկացած՝ փոխարենը դրված հանգանակության արկղերից մեկի մեջ թողնել այնքան գումար, որքան ցանկանում է: Այդ ընթացքում հավաքված ողջ գումարը փոխանցվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների օգնությանն ուղղված #FUND100 բարեգործական հիմնադրամին:

Միջոցառման կազմակերպմանը մասնակցել են ոչ միայն գրախանութի աշխատակիցներն, այլև շատ կամավորներ: Նրանք, իմանալով ցուցահանդեսի մասին, մեծ ոգևորությամբ միացել են բարեգործական միջոցառմանը և ուրախությամբ իրենց ժամանակից տրամադրել՝ հետաքրքրեցնելով և՛ իրենց, և՛ շրջապատի առօրյան:

«Մարդկանց հետաքրքրությունը մեծ է: Երևում է նրանք ցանկանում են բարեգործություն անել և Ամանորի նախօրեին օգնել մանուկ երեխաներին: Շատ են նաև գրքասերները, որոնք խթանում են, որ ավելի լայն շերտեր իմանան նախաձեռնության մասին»,- ասաց նրանցից մեկը:

Այսպիսով, միանալով միջոցառմանը, Դուք նոր կյանք եք տալիս գրքերին և ևս մի փոքրիկի վերադարձնում իր անհոգ ու առողջ մանկությունը:

Բաց մի թողեք կրկնակի բարեգործ դառնալու Ձեր հնարավորությունը:

 

Սառա Հարությունյան

2-րդ կուրս

Կիսվել