ՇԱՆ ՏԱՐՈՒՄ «ՇԱՆ ԲԱԽՏ» ՈՒՆԵՆԱՆՔ

ՇԱՆ ՏԱՐՈՒՄ «ՇԱՆ ԲԱԽՏ» ՈՒՆԵՆԱՆՔ

1587

Կարմիր Կրակե Աքաղաղն իր տեղն այս տարի զիջեց Դեղին Հողե Շանը: Ինչպես հայտնի է շունը անհանգիստ կենդանի է, որն ամբողջ տարին  պահպանելու է  երջանկություն ու հանգստություն: Փորձեցինք ինքներս պարզել, թե ինչ հաջողություններ են արդեն հասցրել գրանցել, մասնավորապես, դեղին շուն ունեցողները: Մարիամ Պետրոսյանը, ով մանկուց տարբեր տեսակի շներ է պահել մշտապես խորհուրդ է տալիս, որ տանը կենդանի պահեն. «Ես միշտ եմ ունեցել շուն`ամենասարսափելի ցեղատեսակից մինչև ամենափոքր պուդել ցեղատեսակի շներ: Իրենք լցնում են իմ առօրյան, ես չեմ զլանում նրանց խնամել»:

Բոլոր կենդանասերները փաստում են, որ շներն, իսկապես, աչքի են ընկնում հավատարմությամբ, բայց չեն մոռանում հիշեցնել, որ շունն, անկախ ամենից, մնում է շուն և կարող է վնասել անգամ տիրոջը. «Երբ շունս` Ռիկին, վտանգ է զգում սկսում է հաչալ ու հարձակվելու փորձեր անել, անգամ մի առիթով ինձ այնպես կծեց, որ մտածեցի դուրս եմ հանելու: Չկարողացա: Ինքն, անտանելի հավատարիմ է ինձ` անկախ այն բոլոր չարաճճիությունների, որ, երբեմն, կատարում է»:

Ամանորի նախօրեին Մարիամը պատմում է` ինչպես է Ռիկիի հետ զրուցել, այն մասին, որ այս տարվա խորհրդանիշն ինքն է «Առհասարակ, ես սիրել եմ դաստիարակել բոլոր այն շներին, որ երբևէ ունեցել եմ, Ռիկին նույնպես բացառություն չէր: Նոր տարուց մի քանի օր առաջ, երբ զարդարում էի տոնածառը, որոշեցի իր նկարով խաղալիք պատվիրել, կախել և իրեն էլ սովորեցնել, որ այս տարվա տան կարևոր անդամն ինքն է (ծիծաղում է): Ու, երբ հյուրեր էի ունենում, փորձում էի նկարը իրեն ցույց տալ ու ի պատասխան ստանում էի հաչոցներ (ի դեպ, հաչոցների քանակը ևս սովորեցրել էի): Խելացի է Ռիկիս և շատ ուրախ դիմավորեցի, հուսամ մեկնարկը խոստումնալից կլինի»:

Մեր մյուս հերոսուհին` Լիլիանան, ով արդեն 8 տարի է դեղին շուն է պահում, անկեղծացավ, որ շների հանդեպ սեփական վախը հաղթահարելու համար է ցանկություն հայտնել ունենալ. «Նկարագրելու չի, թե ինչպես էի վախենում շներից ու երբեք ռիսկ չէի անում գնալ այն քայլին, որ շուն պահեմ, չնայած նոր եմ հասկանում, որ, իրոք, մարդ ինչից վախենում է կյանքում, պիտի առերեսվի, ու վախն իսպառ կանհետանա. ասածներիս վառ օրինակն էլ հենց ես եմ (ծիծաղում է)»:

Լիլիանան հավատում է շների հավատարմությանն ու տիրոջ բնավորության գծեր ունենալուն. «Շատերը ծիծաղում են, բայց ես լրիվ համամիտ եմ` շունը տիրոջն է քաշում: Նիկաս ինձ նման անմիջական, բարի ու, երբեմն անսպասելի դրսևորումներով է օժտված: Երբեմն կեսկատակ-կեսլուրջ  ընկերներիս ասում եմ` երանի շանս. ինձ հետ հավասար սնվում, հագնվում է, անգամ ինձնից թանկ օգտվում է շների համար նախատեսված գեղեցկության սրահներից ու հյուրանոցներից: Այս բոլոր հարցերում Նիկային երես է տվել հայրս. անչափ է սիրում»:  Լիլիանան, ի տարբերություն նախորդ հերոսուհու, պատմում է, որ Նիկային դաստիարակելու հարցում չի խառնվել ի սկզբանե, իսկ հետագայում արդեն շան հետ կապված բոլոր հարցերով զբաղվել է հայրը. «Երկու ամիս խաղացի Նիկայի հետ, հետո արդեն ժամանակի սղության պատճառով չէի կարող անձամբ հոգ տանել նրա մասին: Երբեմն, երբ ցուրտ է լինում ու մտածում ենք` ով է իջեցնելու Նիկային զբոսանքի, մայրս կատակում է` հիշենք, թե ում ցանկությամբ ենք Նիկային գնել»:

Լիլիանան նշեց, որ Ամանորի գիշերը շանը նույնպես զուգել-զարդարել էին, որ նա էլ դիմավորի տարին մեծ պատասխանատվությամբ և ուրախությամբ. «12-ի հրավառությունից անմասն չմնաց նաև Նիկան, ով իր անդադար հաչոցներով արտահայտում էր ուրախությունը»:

Մեր երկու հերոսներն էլ գալիք տարում բոլորին մաղթեցին ունենալ «շան բախտ» և հաջողել բռնած բոլոր գործերը:

 

Ռիմա Համբարձումյան

4-րդ կուրս

Կիսվել