ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է

129

Աշխարհում  շուրջ 18 միլիոն երեխա զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից: Այս մասին գրված է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)  էջում:  Հայաստանը այս թվի քանի°  տոկոսն է կազմում  չենք կարող ասել, քանի որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը միայն հանրակրթական դպրոցներում ուսումն անավարտ թողած աշակերտների մասին վիճակագրություն ունի: Սակայն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը նշեց.

-Կրթությունից դուրս մնացած երեխաների խնդիրը միայն ԿԳՆ-ի խնդիրը չէ: Ըստ մեր հաշվարկների կրթությունից դուրս է մնում տարեկան մոտ 300 երեխա, որը մեկ տոկոսից  էլ  քիչ է:

Այս խնդիրը փորձել է լուծել  ՀՀ ԿԳՆ կրթական տեխնոլոգիաների  ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը՝ ստեղծելով ծրագիր, որով այդ երեխաներին կհաշվառեն և կինտեգրեն հասարակություն:

-Եթե նույնիսկ մեկ երեխա  ՀՀ-ում չի իրացնում կրթության իրավունքը, դա արդեն խնդիր է պետության համար: Հստակ,  ավտոմատ կերպով մենք կստանանք տեղեկություն ՝ որ համայնքում  կա  ծնված երեխա  անուն-ազգանունով, որը դպրոցում չի: Այս ծրագիրը թույլ կտա նաև տեսնել այդ հարցերով զբաղվող աշխատակիցների թերացումները.- ավելացրեց Արտակ Պողոսյանը:

Կարոն  8  տարեկան է, երբեք կանոնավոր կերպով դպրոց չի գնացել, տառերի մի մասը գիտի, իսկ մյուս մասը կսովորի երկու  տարի ուշացումով: Արդեն  կանոնավոր կերպով դպրոց կհաճախի շնորհիվ ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի: Այս ամենից Կարոն շատ էր ուրախացել.

-Արդեն նոր հագուստ ունեմ, կհագնեմ և կգնամ դպրոց, գրքերս էլ են նոր: Բոլորին խոստացել եմ դրանց մեջ չգրել և լավ սովորել:

ՀՕՖ-ը շարունակում է զբաղվել նմանատիպ երեխաների խնդրով և վերականգնում է  նրանց իրավունքը, որն է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ կրթության և հանրակրթության  մասին  օրենքը: ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի փոխտնօրեն Ռամոնա Կտակյանը իր խոսքում նշեց.

-Այս տարի մենք աշխատել ենք 182 երեխայի հետ, որոնցից 34-ը կրթությունից դուրս մնացած էր: Մայրը գումար չունի երեխային հագցնելու, պայուսակ գնելու և դպրոց ուղարկելու: Պետությունը պետք է այս ամենը կարգավորի:

Դպրոց չգնացող երեխաներ ավելի շատ սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներում են, երբեմն-երբեմն երեխաները դասը թողնում են աշխատելու համար: ՀՀ օրենսդրությունը նրանց ծնողների համար տուգանք է նախատեսում, որը մինչև այսօր չի գործել: Կրթական գերատեսչության  մոտեցումն է՝ ծնողներին ոչ թե տուգանել, այլ  բացատրել և օգնել է պետք: Կրթությունը երեխայի իրավունքն է, այն  պետք չէ երազանք դարձնել:

 

Գոհար Նալբանդյան

4-րդ կուրս

Կիսվել