ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

107

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1983 թվականից ի վեր ապրիլի 18-ը համաշխարհային օրացույցում առանձնացվել է որպես հուշարձանների պաշտպանության միջազգային օր:

Երևան քաղաքի հուշարձանները այսօր ներկայանում են նորովի: Արձաններից շատերը այսօր ունեն գիշերային լուսավորություն և դրանց շրջակայքը արդեն կանաչապատ է: Մշակույթի նախարարությունը սկսել է մի ծրագիր, որի շնորհիվ արձանները հնարավոր է տեսնել եռաչափ անիմացիոն պատկերով, լուսանկարվել և լսել ուղեկցող ձայնային հաղորդագրություն: Arloopa  ընկերության ներկայացուցիչ Արմինե Ղազարյանը նշեց. «Հատուկ հավելվածի շնորհիվ մարդիկ արդեն կարող են տեսնել Հ. Թումանյանի և Ա. Սպենդիարյանի արձանների եռաչափ անիմացիոն պատկերը, այս տեսակոնտենտը կպահպանվի և խոսքը  անընդհատ կթարմացվի, նախագիծը շարունակական բնույթ է կրում, հուշարձաններից մի քանիսը  ևս շուտով կներկայանան նորովի»:

Չնայած ինչքան էլ հուշարձանները փորձում են ներկայացնել նորովի, այդուհանդերձ արդի խնդիր է արձանների պահպանումը: Հուշարձանները մաքուր պահելու գործառույթը իրականացնում էր «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ն, որը պայմանագիր ուներ և վճարվում էր արձանները մաքրելու համար, սակայն վերջինս 2015 թվականից սնանկ ճանաչվելու  պատճառով այլևս գործունեություն չի ծավալում: Այս աշխատանքը այժմ իրականացնում է Երևանի քաղաքապետարանը: Թեմայի շուրջ խոսեցինք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ  կապերի վարչության  պետ Արթուր Գևորգյանի հետ: Նա նշեց, որ այս պահին  մաքրման աշխատանքներ իրականացվում են ոչ միայն Երևանի կենտրոնում, այլև մյուս վարչական շրջաններում: «Բոլոր արձանները պարբերաբար լվացվում են, այդ աշխատանքներում ներգրավված են քաղաքապետարանի և քաղաքապետին կից երիտասարդության հարցերի կամավորները,  այդ աշխատանքներում մեզ աջակցում է նաև  ԱԻՆ-ը հատուկ փրկարարական տեխնիկայով»: Արթուր Գևորգյանը նաև նշեց, որ նախորդ տարիներին այդ աշխատանքները ավելի պասիվ էին,  և քաղաքապետարանը այդ հարցով չէր զբաղվում: «Այսօր ավելի հաճախ են լվացվում արձանները, ուղղակի դրանց գույներից  շատերի մոտ թույր կարծիք է ձևավորվել, թե դրանք չեն լվացվում: Վերջին անգամ արձանները լվացվել են համաքաղաքային շաբաթօրյակին, նշեմ նաև, որ արձանները,  ի տարբերություն նախորդ տարիների, այսօր արդեն լվացվում են հատուկ նյութերով, միջազգային ստանդարտներին համապատասխան՝չնայած այս ամենի  կարծում եմ, որ այդ խնդրով պետք է նաև զբաղվի Մշակույթի նախարարությունը»:

ՀՀ  մշակույթի խորհրդական Րաֆֆի Զախարյանին  շատ զարմացրեց քաղաքապետարանից ստացված պատասխանը. «Երևանի քաղաքապետարանում տարօրինակ պատասխան են տվել, – ասաց նա, – քանի որ արձանների պահպանությունը, դրանց մաքրության պահպանումը քաղաքապետարանի, և ոչ թե մշակույթի նախարարության ֆունկցիան է: Դա համայնքների խնդիրն է, ոչ թե մշակույթի նախարարության, որովհետև դրանք գտնվում են այդ համայնքներում: Հուշարձանները ընդհանրապես պետության ենթակայության տակ են, բայց դրանց սպասարկումն ու մաքրումը, ամենօրյա հետևելը վարչական շրջանների ու քաղաքապետարանի գործառույթն է»:

Ու՞մ  գործառույթն էր սա, հարցվածներից քչերին  հետաքրքրեց, բայց դրանք մաքուր տեսնելը ՝բոլորի ցանկությունն էր: Ամեն տարի մաքրման աշխատանքներին մասնակից Աննան էլ նշեց, որ բոլորը պետք է մտահոգված լինեն այդ խնդրով. «Ամեն տարի մասնակցմում եմ շաբաթօրյակին, առաջին հերթին դա անում եմ ինձ համար, հետաքրքիր է քաղաքին  յուրովի եմ ճանաչում, իմ փոքրիկ լուման եմ ունենում քաղաքի մաքրության գործում, բացի այդ մենք պետք է զբոսաշրջիկներին մեր քաղաքը ինչպես հարկն է ներկայացնենք, և ամենակարևորը՝ մաքուր, չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր կոտրում են արձանները, կամ ներկերով ինչ որ բաներ են գրում դրանց վրա»:

 

Գոհար Նալբանդյան

4-րդ կուրս

Կիսվել