ՀԻՆ ԵՐԿՐՈՒՄ ԼԱՎ Է ԼԻՆԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴ

ՀԻՆ ԵՐԿՐՈՒՄ ԼԱՎ Է ԼԻՆԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴ

143

«Արդեն ինը տարի է մենք տարբեր երկրներ ենք այցելում և ամեն անգամ ինչ-որ նոր բան բացահայտում։ Նախորդ տարի Ուկրաինայում էիք, այս տարի Հայաստանն ընտրեցինք, դրա գլխավոր պատճառը Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն է», – ասում է Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Էղվե Դեմեյին։ Մեզ հետ զրույցում նա նաև նշեց, որ առաջիկայում պլանավորում են համագործակցել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ։ Իսկ մինչ այդ, նախատեսվում է փորձի փոխանակում իրականացնել հայ և ֆրանսիացի երիտասարդ կադրերի միջև։

«Կարճատև խմբագրություն Հայաստանում» վերապատրաստման ծրագրի շրջանակներում առաջին անգամ ԵՊՀ են այցելել Ֆրանսիայի Սորբոնի համալսարանի 5 պրոֆեսոր, ինչպես նաև ժուռնալիստիկայի ֆակուլտետում սովորող 29 ուսանող։ Առաջարկը Սորբոնի համալսարանինն էր, Մայր բուհն էլ սիրով ընդունեց։ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի հավաստմամբ՝ ֆրանսիացի գործընկերների համար ստեղծվել են բոլոր ահրաժեշտ պայմանները։ Երբ ամենը պատրաստ էր, փետրվարի 8-ին հյուրերն արդեն ժուռնալիստիկայի ֆակուլտետում էին։ Ընդունելությունը ջերմ էր սովորականից առավել։

Ալեն Գիյեմոլը 20 տարի է ֆրանսիական “La Crois” («Խաչ») թերթի տնտեսական բաժնի թղթակից է։ Հայաստանում առաջին անգամ  է, ասում է՝ մարդիկ այստեղ շատ ջերմ ու անմիջական են։ «Մեր գլխավոր նպատակը երիտասարդ լրագրողների շրջանում աշխատանքի նկատմամբ նվիրվածություն և պատասխանատվություն  սերմանելն է։ Լավ է լինել երիտասարդ՝  երիտասարդ երկրում։ Հայաստանը հազարամյակների պատմություն ունի, և երիտասարդ կադրերն այստեղ ոչ պակաս հնարավորություններ ունեն առաջ գնալու և միջազգային լրատվամիջոցներում աշխատանքի անցնելու համար» ,- ասում է պարոն Գիյեմոլը։ Նրա կարծիքով, տեխնոլոգիական նորարարությունները և համացանցայնացումը միայն նպաստում են մեդիայի տարբեր տեսակների զարգացմանը և տարածմանը։ Ուստի, համացանցի՝ չափից շատ մեդիականացումը խոչընդոտ չի կարող լինել։

Սորբոնի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Անտուանը Հայաստան այցի առաջին իսկ օրից հոդվածների երկու հիմնական ուղղություն է ընտրել՝ բնապահպանություն և կանայք՝ քաղաքականության մեջ։  Հասցրել է անգամ նմանություններ ու տարբերություններ գտնել երկու երկրների միջև, և հուսով է, որ մինչ Ֆրանսիա մեկնելը երկու աշխատանքն էլ ավարտին կհասցնի։

Հայաստանից մեծ տպավորություններով են հեռանում՝ ապագայում նոր համագործակցությունների ակնկալիքով։ Ասում են՝  վերադառնալու են, դեռ ավելին՝ վերջին օրերի մշուշոտ եղանակի պատճառով Արարատը  չեն հասցրել տեսնել․ վերադառնալու առիթ կա։

 

Կիսվել