ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ

ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ

200

Ասում են` որքան լեզու գիտես, այնքան մարդ ես: Մեր օրերում հատկապես երիտասարդները մեծ տեղ են տալիս լեզուների իմացությանը, ինչը նպաստում է մարդկանց հետ շփման, ինչպես նաև աշխատանք գտնելու գործին: Այսօր կյանքի բոլոր բնագավառներում հաշվի են առնում լեզուների իմացությունը կամ այլ կերպ ասած` դա ցանկացած մարդու հաջողության գրավականն է:

Անցկացնելով հարցում, թե մեր համաքաղաքացիները ինչ կարծիք ունեն օտար լեզուների իմացության մասին, հարցվածների զգալի մասը նշեց, որ ողջունում է այդ հանգամանքը. «Հիմա երիտասարդները նախընտրում են մեկից ավելի լեզվի տիրապետել և ուսումը շարունակել արտերկրում, ինչը գովելի փաստ է»:

Մեր քաղաքում «Լեզուների տուն» լեզուների ուսուցման կենտրոնը նպաստում է այդ գործին: Նրանց հետ զրույցում պարզեցինք, որ իրենց գլխավոր նպատակն է հնարավորինս մատչելի ձևով մատուցել օտար լեզուների առանձնահատկությունները. «Մեզ մոտ գործում է յոթ փուլային մակարդակ` կախված տվյալ ուսանողի կարողություններից: Յուրաքանչյուրը ներգրավվում է այն խմբում, որը համապատսխանում է լեզվի իր իմացական մակարդակին»,- նշեց աշխատակից Վարդանը:

«Լեզուների տուն» կենտրոնն ավարտած սաներից Աննա Հարությունյանը մեծ սիրով ու կարոտով է հիշում իր դասերը. «Ես սիրեցի իրենց մոտեցումը.ինտենսիվ խաղերի միջոցով յուրացնում ես ավելի քան 3500 բառ: Առաջին օրերին թվում է, թե շատ պարզունակ մեթոդներով են սովորեցնում, բայց արդյունքում հասկանում ես, որ օգտակարը հաճելիի հետ համատեղելով սերտում ես օտար լեզվի բարդությունները: Ամեն օր երեք ժամ անցկացնելով այդ միջավայրում ինքնաբերաբեր սկսում ես մտածել օտար լեզվով: Անգամ հիշում եմ, որ ընդմիջումների ժամանակ, երբ իջնում էի խանութ վաճառողուհուն անգլերենով էի դիմում»:

Ասել է, թե` չկան խելացի կամ անխելք երեխաներ, կան լավ ուսուցիչներ: Եթե  ուսուցիչն իր մասնագիտական որակների լավագույն տիրապետող է, անհնար է, որ նրա կրթած սանն ունենա թերարժեքության բարդույթ. «Բազում օրինակներն այն բանի ապացույցն են, որ մարդուն ճիշտ կոդավորելն ու սեփական ուժերի հանդեպ հավատ և վստահություն ներշնչելը կյանքում ամենաբարձր առաջադիմության երաշխիքն են»,- ասաց հոգեբան, հոգեվերլուծաբան Սաթեն Գրիգորյանը:

«Լեզուների տուն» կենտրոնի  նորեկ սաներից մեկը մեզ հետ զրույցում անկեղծացավ, որ միշտ գերադասել է գնալ անհատական պարապմունքների, քանի որ միշտ խուսափել է խմբակների հաճախել. «Ես, լսելով ընկերներիս խորհուրդները, սկսեցի հաճախել այս կենտրոն և չեմ ափսոսում, ավելին` շատ հետաքրքիր է անցնում և հիմա անգամ մի քանի պարապմունք եմ հաճախել, բայց արդեն զգում եմ դրական տեղաշարժ, ինչով  շատ ոգևորված եմ»:

Ցանկացած պարագայում միշտ պետք է հաշվի առնել, որ սեփական լեզվից զատ պիտի տիրապետես այլ լեզուների ևս: Ասում են` իմացիր թշնամուդ լեզուն և դու հաղթող ես, հետևաբար առաջնորդվելով այս կարգախոսով, կարող ենք ասել, որ լեզուն փրկող օղակ է կյանքի ցանկացած պարագայում:

 

Արմինե Գասպարյան

4-րդ կուրս

Կիսվել