ԷԺԱՆԱԳԻՆ ԽԱՂԱԼԻՔՆԵՐԸ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ

ԷԺԱՆԱԳԻՆ ԽԱՂԱԼԻՔՆԵՐԸ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ

1399

Համաձայն ՀՀ կառավարության խաղալիքների անվտանգության տեխնիկական կանոնագրի, խաղալիքը շուկայահանվելիս պարտադիր պետք է ունենա արտադրողի երաշխավորում (հայտարարագիր, փորձարկման արձանագրություն և համապատասխանության սերտիֆիկատ), խաղալիքը պետք է ուղեկցվի պահանջվող տեխնիկական փաստաթղթերով:

Ի հակադրություն կանոնագրի, շուկայում հաճախ հայտնվում են անհայտ ծագումով, երեխայի կյանքին վտանգ ներկայացնող խաղալիքներ: Շատ հաճախ խաղալիքները պարունակում են սնդիկ, քրոմ, կապար և այլ քիմիական տարրեր: Հայաստանի Հանրապետությունում կան մի քանի խաղալիք արտադրող ընկերություններ, ուստի խաղալիքների մեծ մասը ներմուծվում է դրսից, մասնավորապես Չինաստանից:

26-ամյա Աննա Զաքարյանը մեկ դուստր ունի, ու բավական խիստ ուշադրություն է դարձնում խաղալիքի ընտրությանը: «Երեխայիս խաղալիքների ընտրության հարցում շատ բծախնդիր եմ, փորձում եմ միշտ որակով խաղալիք գնել, սակայն լավ խաղալիքն էլ «լավ» գին ունի, բայց ինչպես ժողովուրդն է ասում «թանկից էժանը չկա», թող իմ երեխան երկու խաղալիք ունենա, բայց որակով, քան հարյուր անորակ»:

Մանկաբուժ Անահիտ Մինասյանի կարծիքով վերջին շրջանում խաղալիքից թունավորման դեպքերը շատ չեն, այնուամենայնիվ կան. «Երեխաները սովորություն ունեն խաղալիքը բերանը դնել, իսկ տոքսիկ տարրերը թունավորման պատճառ կարող են լինել: Ավելի վատ հետևանքներ էլ կարող են լինել` երիկամային հիվանդություններ, արյան շրջանառության հետ կապված խնդիրներ, լյարդի ֆունկցիայի խանգարում: Ամենափոքրերի համար նախատեսված խաղալիքների հարցում էլ ավելի ուշադիր պետք է լինել, քանի որ դրանցով երեխան հաճախ լնդերն է քորում: Լինում են խաղալիքներ, որոնք գույն են տալիս, կամ տհաճ հոտ ունեն, պետք է հնարավորինս զերծ մնալ նման խաղալիքներ ձեռք բերելուց»:

8-ամյա Ալինայի մայրը պատմում է, որ աղջկա մոտ ալերգիա է առաջացել մանկական կոսմետիկ պարագաներ օգտագործելիս, ինչը նույնպես քիմիական նյութերի չարաշահման արդյունք է: Բժիշկը կտրականապես արգելել է մանկական կոսմետիկ միջոցներ օգտագործել:

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հոդված 9-ի համաձայն. սպառողն իրավունք ունի պահանջել արտադրողի, նրա աշխատանքային ռեժիմի և իրացվող ապրանքների վերաբերյալ անհրաժեշտ և ստույգ տեղեկատվություն, որը արտադրողը պարտավոր է տրամադրել հայերեն լեզվով: Մենք փոքրիկ հարցում անցկացրեցինք մեր համամքաղաքացիների շրջանում, փորձելով պարզել սպառողն ինչքանով է տեղեկացված իր իրավունքներից: Հարցմանը մասնակցած քսան հոգուց ինը տեղյակ չէր այս օրենքի մասին, իսկ իրազեկ տասնմեկ հոգուց միայն չորսը խոստովանեցին, որ միշտ պահանջում են սերտիֆիկատներ:

Համեմատական անցկացնելու համար մենք այցելեցինք երկու ֆիրմային խանութներ և տոնավաճառների խաղալիքների բաժիններ: Ֆիրմային խանութներում խաղալիքների վրա առկա էր եվրոպական ստանդարտներին համապատասխան նշան, իսկ տոնավաճառներում կարելի է գտնել անհայտ ծագումով, առանց որևէ նշանի, որոշ դեպքերում նաև առանց պատշաճ փաթեթավորման խաղալիքներ: Սակայն մաչելիության առումով ավելի նախընտրելի են տոնավաճառում վաճառվող խաղալքները:

Իրազեկ և պաշտպանված սպառող ՀԿ-ից մեզ տեղեկացրին, որ այս պահի դրությամբ իրականացվում է ուսումնասիրություն խաղալիքների շուկայում. ««Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կողմից իրականացվում է ուսումնասիրություն խաղալիքների շուկայում՝ Ձեր կողմից նշված և այլ հարցեր պարզելու նպատակով: Ուսումնասիրության արդյունքների ամփոփումից հետո հանդես կգանք համապատասխան հայտարությամբ և կհանրայնացնենք բացահայտված բոլոր խնդիրները»:

 

Սեդա Գևորգյան

4-րդ կուրս

Կիսվել