ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՌԻԹՆԵՐԸ ՆՇԵԼ ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՌԻԹՆԵՐԸ ՆՇԵԼ ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ

3805

Մեր օրերում երիտասարդների մեծամասնությունը նախընտրում է ծննդյան կամ այլ տեսակ առիթները նշել որևէ ռեստորանային համալիրում, ժամանցային վայրերում, բայց ոչ երբեք՝ տանը: Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ դրդապատճառները տարբեր էին. ոմանք տանը խնջույք կազմակերպելու ժամանակ չունեին, իսկ ոմանք էլ անկեղծացան, որ տանը լիարժեք ուրախանալ չի ստացվում. «Բարեկամների և ընկերների հետ միաժամանակ տանը հավաքվել հնարավոր չէ, ուստի լավ տարբերակ է դրսում կազմակերպելը: Անձամբ ես սիրում եմ, երբ սիրելի մարդիկ բոլորը միասին այդ օրը ինձ հետ են անցկացնում և ջանք չեմ խնայում, որ կարողանամ լավ ժամանց ապահովել»,- մեզ հետ զրույցում նշեց 29 ամյա Անժելան:

Անուշ տատիկը, ով 4 թոռ ունի, պատմում է, որ իր թոռների օրինակով հասկացել է երիտասարդների մտածելակերպը կապված այս հարցի հետ. «Բալես, էս մեր դարը չի, է, որ տանը հավաքվելն ու տորթի մոմ փչելը մեծ ուրախություն լինի, հիմա ջահելներին դուրսն ա ձգում, հետաքրքությունները այլ են»:

Փորձեցինք ինքներս պարզել, թե թոռներից յուրաքանչյուրն ինչպե՞ս և որտե՞ղ է սիրում տոնել առիթները: Անին, ով Անուշ տատի առաջնեկ թոռն է՝ 26 տարեկան, պատմեց, որ իր ծննդյան առիթներն, առհասարակ, չի սիրում նշել, բայց մանկության տարիներից հիշում է, որ միշտ տանը տոնել և ուրախացել են. «Ես, իրականում, թոռների միջից ամենահանգիստ, պասիվ, ինքնամփոփ երեխան եմ եղել, երբեք չեմ սիրել ուշադրության կենտրոնում լինել, բայց առաջնեկ լինելու փաստն ինքնին այդ ուշադրությունը ապահովել է: Մինչև 15 տարեկան ծննդյանս օրը նշել են տանը բարեկամների շրջանակում, հետո հիշում եմ, որ ինքս եմ արել ամեն ինչ, որ ոչինչ չկազմակերպվի, բայց համալսարան ընդունվելու տարվանից սկսած մի տեսակ պարտավորված էի զգում ընկերներիս առաջ այդ օրը ինչ-որ բան կազմակերպելու, ուստի նախընտրում եմ մտերիմ ընկերներիս հետ գնալ սրճարան այդ օրը, զրուցել, էներգիան սպառել և գալ տուն, ընտանիքիս անդամները արդեն սովոր են նման ձևով ծնունդս նշելուն, երևի հասկանում են, որ երիտասարդները մի փոքր իրենցից տարբերվում են որոշ հարցերում և դա բնական է»:

Լիլիթը, ով 24 տարեկան է, հակառակ քրոջ՝ Անիի կարծիքին՝ մեծ ուրախությամբ բարձրաձայնում է իր ծննդյան օրերը սիրելու մասին. «Էգոիստ չթվամ, բայց տարվա մեջ իմ ամենասիրելի տոնը ծնունդս է: Իհարկե, ես նույնպես այն երիտասարդների շարքին եմ դասվում, ովքեր նախընտրում են ընկերների հետ անցկացնել օրը, բայց դեմ չեմ լինում, երբ բարեկամներս ևս միանում են, բայց որևէ տեղ նշելը, իմ դեպքում նախապայման է, որովհետև տանը ձանձրալի է անցնում, չի տրամադրում էլի (ծիծաղում է)»:

21 ամյա Գոռը քույրերի միակ եղբայրն է, ով կտրականապես մերժեց պատմել, թե ինչու՞ և ինչպե՞ս է սիրում նշել իր առիթները, փոխարենը քույրիկները մեկը մյուսին հերթ չտալով սկսեցին անկեղծանալ եղբոր նախասիրությունների մասին. «Վայ, Գոռն իր ոչ մի ծնունդ տանը չի լինում, երևի, ամեն տարի մի օյին բերում են գլխին ընկերները (ծիծաղում են): Մի ծնունդի պատմություն պատմեմ լիովին պատկերացում կազմեք: Անցած տարի՝ քսան ամյակին, Գոռին անակնկալ տարել էին շոգեբաղնիք, դե, տղաների նախասիրությունները աղջիկներից լիովին տարբերվում են: Տորթի վրա էլ գրել և տպել էին իրենց ցանկությունը կապված աղջիկների հետ: Ամեն տարի գինովցած գալիս է տուն, քնում, առավոտյան չի էլ հիշում, թե ինչպես է անցկացրել օրը: Մեր ծնողները հասկանում և ընդունում  են նաև նրան՝ իր բոլոր ջահելական խաղերով»:

18 ամյա Մարիամն էլ տան փոքրն է, նա միակը գտնվեց, ով անկեղծացավ և ասաց, որ ընտանիքի հետ ծնունդ նշելը ոչնչի հետ չի փոխարինի, չնայած նրան, որ ընկերների հետ ավելի շատ դեպքեր են ստացվել, որ նշել է. «Շատերը կարծում են, որ տան փոքր լինելու փաստից է, որ ես կապված եմ ընտանիքիս հետ ավելի, քան քույրերս ու եղբայրս, բայց, անկեղծ եմ ասում, ես ավելի մեծ բավականություն եմ ստանում նրանց հետ անցկացրած օրվանից, պատճառը, երևի, այն է, որ ես մի քիչ ավելի լուրջ եմ, քան իմ հասակակիցները, ուստի երբ նրանց հետ եմ նշում սկզբանական մի երկու ժամից հետո արդեն հոգնածություն եմ զգում իրենց հետ շփումից, իհարկե, ես ամենևին ընկերներիս չեմ ցանկանում նեղացնել, որովհետև սա ընդհանրական բնույթ է կրում»:

Փորձելով հասկանալ, թե որտեղ են հատկապես սիրում հաճախել երիտասարդները մերօրյա իրականության մեջ, շրջեցինք քաղաքի մի քանի տարբեր ժամանցային վայրերում՝ ռեստորանային համալիր, կարաոկե, սրճարան, փաբ և այլն:

Քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մենեջերը մեզ հետ զրույցում նշեց, որ հիմնականում աղջիկներն են իրենց ծննդյան օրերը նշում ռեստորաններում և մեծ մասամբ հոբելյարներին, հակառակ այս կարծիքին կարաոկեի աշխատակիցը կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ իրենք ամեն օր ծննդյան առիթներ են ունենում. «Դե, երիտասարդները սիրում են պարել, լիցքաթափվել, իսկ դրա լավագույն տարբերակը կարաոկե հաճախելն է, իսկ մեզ մոտ հոբելյարների պակաս չկա, որովհետև ամեն օր էլ մարդ ծնված լինում է (ծիծաղում է)»:

Փաբերում երիտասարդները, ինչպես պարզեցինք, հատուկ խմելու նպատակով են հավաքվում առիթ նշելու. «Գրեթե անհնար է գտնել մի երիտասարդի, ով խմելու հետ սեր չունենա, բայց նախընտրի փաբ գալ, առավել ևս առիթ նշելու, որովհետև տիրող մթնոլորտը ինքնին դա պարտադրում է»:

Կարող ենք եզրահանգել այն մտքին, որ չնայած երիտասարդների կողմից հնչող տարբեր տեսակետներին՝ ակնհայտ է, որ մեր օրերում տանը որևէ առիթ նշելը, գրեթե, բացառված է, իսկ նշելու վայրը՝ շատ հարաբերական, ուստի կարևոր չէ, թե որտե՞ղ կնախընտրեն անցկացնել իրենց օրը, կարևորը՝ անմոռանալի հիշողություններով լեցուն ծնունդ ունենալն է, ինչն էլ փորձում են տարբեր միջոցներով ապահովել երիտասարդները:

 

Լուսինե Հովհաննիսյան

4-րդ կուրս

Կիսվել