ԴԱՎՈՅԱՆԱԿԱՆ ԵՐԵԿՈ ԿԱՄ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ՝ ԳՐՔԵՐԻ ՄԻՋՈՎ

ԴԱՎՈՅԱՆԱԿԱՆ ԵՐԵԿՈ ԿԱՄ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ՝ ԳՐՔԵՐԻ ՄԻՋՈՎ

111

Երեկ տխուր, այսօր ուրախ, 

Ալիքի պես ծափ եմ տալիս,

Երեկ՝ դեպի անհայտություն,

Այսօր դեպի ափ եմ գալիս

Այս տողերը պատկանում են հայ ժամանակակից բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի գրչին: Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1957թ.-ին՝ Լենինականի «Բանվոր» թերթում, իսկ առաջին ժողովածուն՝ «Իմ աշխարհը» վերնագրով՝ 1963թ.-ին:

Փետրվարի 24-ին, Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանում՝ գրողի պատվին կազմակերպված հանդիպման ժամանակ, Հանրային ռադիոյի մշակութային բաժնի ղեկավար Օֆելյա Ասատրյանը հիշեց, որ Ռազմիկ Դավոյանն իրենց սերնդի երիտասարդության կուռքն էր.

-Մենք հասկանում էինք, որ մեր կողքին լուրջ մտավորական է ապրում, լավ մարտիկ ու զինվոր՝ արժանի իր անվանը,- ասաց Ասատրյանը:

Ներկաները պատմում էին, որ Դավոյանն իր մեղմախոսությամբ իրոք գերում էր բոլորին, և շատ աղջիկներ էին սիրահարված նրան: Թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանն էլ նկատեց, որ գրողի թարգմանչուհին՝ Արմինե Թամրազյանը, ևս զերծ չի մնացել այդ սիրուց ու ի վերջո նրա կինն է դարձել:

Իր խոսքի ընթացում տիկին Թամրազյանը չցանկացավ խոսել սիրուց, այլ պատմեց դրվագներ ամուսնու ստեղծագործական կյանքից, նրա գրքերի հրատարակությունից, առաջացած բարդություններից ու բացված ճանապարհներից:

Ի պատասխան Անահիտ Ասատրյանի հարցի, Արմինե Թամրազյանն ասաց, որ նույն տան մեջ ապրելը ոչ թե խանգարում, այլ օգնում է աշխատանքին.

-Թարգմանության ժամանակ նույնիսկ լավ է, որ նույն տան մեջ ենք ապրում, որովհետև եթե ինչ-որ բան չեմ հասկանում, գիտեմ, որ կարող եմ գնալ մյուս սենյակ ու հանգիստ հարցնել իրեն, ասում է տիկին Թամրազյանը (ծիծաղում է):

Նա պատմեց, որ բանաստեղծի ռուս թարգմանիչներից մեկը, մի առիթով ասել է, որ ինչքան էլ փորձեն, միևնույնն է, անհնար է Դավոյանի պոեզիան թարգմանության միջոցով մինչև վերջ այլանդակել:

-Ասում էին, որ ով փորձի, չի կարողանա «Ռեքվիեմ»-ը փչացնել,- ժպտալով ասաց հեղինակը, իսկ տիկին Անահիտը սկսեց կարդալ «Ռեքվիեմ»-ից թարգմանված մի հատված՝ «Տվե՛ք ինձ, իմ աչքերը» վերնագրով:

Թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը ևս առանձնացրել էր Դավոյանի մի քանի բանաստեղծություններ, որոնք անձամբ կարդաց, հետո հիշեց ու պատմեց դրվագներ անցյալից.

-Երբ նոր էի սկսել գրել ու մտածում էի գրեմ թե ոչ, պատահաբար հանդիպեցի պարոն Դավոյանի ընկերներից մեկին, որն ինձ ասաց, որ գործերս տանեմ ու ցույց տամ պարոն Դավոյանին: Խեղճացած ու վախեցած զանգեցի պարոն Դավոյանին ու ասացի, որ ուզում եմ կարդա գրածներս: Ինքն էլ այդ ժամանակ հիվանդանոցում էր, ասաց .«Բեր, մեկ է պարապ եմ՝ կկարդամ»(ծիծաղում են): Ես ու նրա ընկերը գնացինք ու ճանապարհին «ավազակ» ընկերը իր՝ չստորագրված յոթ բանաստեղծությունները «խցկեց» իմ բանաստեղծությունների մեջ ու ասաց, որ իմ գործը չի, կհավանի-կհավանի, չի հավանի հետ կվերադարձնի, ասացի լավ, բայց վատ զգացի այդ անհարմար պահից: Պարոն Դավոյանը մեզ ընդունեց, վերցրեց տրցակն ու ասաց, որ հետո կկարդա. շունչ քաշեցի, ասացի լավ է, դուրս կգանք, չեմ տեսնի, թե ոնց է կարդում: Անցավ մեկ շաբաթ ընկերը զանգեց, հայտնեց, որ պարոն Դավոյանը կանչել է: Դե գնացինք, նստել ու դողում էի, կարծիքն էր կարևոր, բայց համ էլ ամաչում էի: Պարոն Դավոյանը նայեց մեզ ու ասաց. «Տղա՛ ջան, էս յոթ բանաստեղծությունը վերցրու ու էլ չգրես» (բոլորը ծիծաղում են):

Ռազմիկ Դավոյանն իր խոսքում անդրադարձավ դահլիճում նստած գրականագետներին, գրողներին, իրեն հարազատ մարդկանց ու ասաց. -Դուք իմ սրտին մոտ ու հարազատ մարդիկ եք, Ձեր ներկայությունը ինձ ներշնչում է: Այսօր ներդաշնակության պահ է, և ես շնորհակալ եմ այս օրվա համար:

Դավոյանը պատասխանեց իրեն ուղղված հարցերին, կարդաց գրած նոր բանաստեղծություններից մի քանիսը, պատմեց շատ ու շատ դրվագներ իր անցյալից ու մուսայից.

-Որ ինձ հարցնում են ի՞նչ ես անում, երբ մուսադ կորում է, ասում եմ՝ դու ուշադիր եղիր, որ քոնը գա ու չփախչի: Ես մուսա չունեմ, գրում եմ, երբ տրամադրությունս լավ է լինում, կամ երբ ուզում եմ: Գրողի մեջ կարևոր է, որ եթե աստվածատուր շնորհ ունի, դրան պետք է հավատարիմ մնա ու երբեք ցույց չտա իր անկարողությունը:

Միջոցառման ընթացքում խոսվեց նաև սիրո ու այդ թեմայով գրված տարբեր բանաստեղծների ստեղծագործությունների մասին, որոնցից Ռազմիկ Դավոյանն առանձնացրեց ու ասմունքեց Եղիշե Չարենցի «Հեռացումի խոսքեր», Ավետիք Իսահակյանի «Մի մրահոն աղջիկ տեսա», Վահան Տերյանի «Ցնորք» և մի քանի այլ բանաստեղծություններ. -Այնքան լավ բաներ կան, որ չի լինի բոլորը թվել,-նշեց նա:

Հետո պատմեց, որ վերջերս լսել է, թե ինչպես են լրատվամիջոցներին տիրապետողներն ասում, որ հանրությունը բողոքում է Կոմիտասի երաժշտության՝ վերջերս շատ հնչելուց, և Թաթայի երգերն է ուզում.

-Չեմ հավատում, որ մեր ժողովուրդը հասել է նման բարբարոսության,-թեթևակի ժպտալով ասաց նա, իսկ դահլիճից հնչեց հետևյալը. «Ձախորդ օրերը, ձմռան նման, կգան ու կերթան»:

 

Իննա Թումանյան

2-րդ կուրս

Կիսվել