«ՊԱՀՔԸ ՀՈԳԵՎՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է , ՈՉ ԹԵ ԴԻԵՏԱ»

«ՊԱՀՔԸ ՀՈԳԵՎՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է , ՈՉ ԹԵ ԴԻԵՏԱ»

161

Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների համար Մեծ պահքի շրջան է: Այն սկսել է փետրվարի 12-ից եւ տևում  է 48 օր։ 7 շաբաթվա ընթացքում անհրաժեշտ է զերծ մնալ ոչ միայն համեղ խորտիկներից, այլև հոգևոր շեղումներից ու մեղքերից։ Ըստ քրիստոնեական հավատքի, պահքը օրինադրվել է դեռևս դրախտում, և Աստծու կողմից մարդուն տրված առաջին պատվիրանը եղել է հետեւյալը. «Դրախտում ամէն  ծառի պտուղներից կարող եք  ուտել,  բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկահացու կդառնաք»:

Պահքի պահպանման կանոնների եւ կարեւորության շուրջ էլ զրուցել եմ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի հետ:

Ի՞նչ է Մեծ պահքը և ի՞նչպես հետեւել:

– Մեծ պահքը մեր եկեղեցու կանոններով սահմանված երկարատև պահքերից մեկն է: Նաև կոչվում է Հիսնակաց պահք, քանի որ տևում է համարյա հիսուն օր: Այն ժողովրդի մեջ առանձնանում է իր կարևորությամբ, որովհետև ընկնում է Սուրբ Հարության տոնից առաջ, և մեծ մասամբ ժողովուրդը այս պահքն է պահում: Պահքը պետք է հասկանանք որպես հոգևոր իրողություն իրականության մեջ, որովհետև եթե միայն սննդամթերքին հետևենք, դա արդեն կվերածվի դիետայի: Պահքի շրջանում մարդը պետք է սկսի քննել ինքն իրեն: Երևի նկատել եք, որ եկեղեցիներում պահոց շրջանում վարագույրները փակ են: Սուրբ Խորանը դրախտի խորհրդանիշն է երկրի վրա, որը փակ է մարդկանց առաջ: Այդ ճանապարհը բացելու և դեպի դրախտ գնալու հոգևոր ընթացքն է ամենակարևորը պահոց շրջանում, որ մարդը կարողանա ինչ որ մի մոլորությունից, կախվածությունից ազատվել, մի նոր բարեկամ ձեռք բերել, մտերիմների և հարազատների հետ ունեցած վեճերը հարթել և փորձել այլևս չկրկնել:

Ինչու՞ է այն Մեծ կոչվում :

-Երկու պատճառ կա, որ այդպես է կոչվում: Առաջինը, որ Սուրբ Հարության տոնին ընդառաջ է՝ որը մեծագույն տոներից մեկն է, և կարելի է ասել, որ փոխեց աշխարհի և պատմության ընթացքը, մարդկանց մտածելակերպը: Եվ երկրորդը, որ ունի մեծ տևողություն: Ի տարբերություն շաբաթապահքերի՝ 7 շաբաթ է տևում:

Ինչո՞վ է տարբերվում պահքը ուղղափառների և կաթոլիկների մոտ:

-Մեզ մոտ պահք կոչվածը միայն հոգևոր ընթացքը և կերակրատեսակների սահմանափակումն է: Մենք չունենք խիստ պահք, թեթև պահք, որը ունեն կաթոլիկները: Խիստ պահքի ժամանակ նրանք միայն հաց ու ջուր են օգտագործում: Մեր պահքը միանվագ է՝ իր կոնկրետ սննդամթերքով:

-Այսինքն նաև այն, որ Մեծ պահքի ամենախիստ շրջանը առաջին և վերջին շաբաթն է, չի՞ համապատասխանում իրականությանը:

-Այո, խիստ շրջան Մեծ պահոց մեջ չկա: Կա Ավագ շաբաթ, որը պահքի վերջին շաբաթն է: Այդ ժամանակ ևս պահքի հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունենում: Կոչվում է Ավագ, որովհետև խորհրդանշում է աշխարհի վրա Քրիստոսի անցկացրած վերջին օրերը՝ մատնություն, խաչելություն, մահ և հարություն:

վերջո ոչ բոլորը կարող են դիմանալ այդ խստությանը` տարբեր պատճառներից ելնելով. օրինակ մեկը հիվանդ է, մեկը ծանր ֆիզիկական աշխատանք է կատարում կամ լրջորեն զբաղվում է սպորտով: Այս դեպքերում մարդիք նախնտրում են պահքին միանալ միայն առաջին և վերջին շաբաթը: Արդյո՞ք սա ընդունելի է եկեղեցու կողմից:

-Պահքը դա մարդու հոգևոր ցանկությունն է: Ինչպես նշեցիք կարող են լինել տարբեր պատճառներ: Մարդու աշխատանքր կարող է խոչընդոտել, առողջությունը և այլն: Անշուշտ, դա ընդունելի է, քանի որ շատերը ուղղակի անզոր են 48 օր պահք պահել: Եթե մարդը չնայած իր ֆիզիկական վիճակին որոշում է պահք պահել, ապա սա լավագույն տարբերակն է:

-Իսկ ինչու՞ հենց կենդանական ծագման սննդից պետք է հրաժարվել :

-Որովհետև ապացուցված է նաև բժշկական տեսանկյունից, որ միանվագ կենդանական սնունդ ընդունելը մարդու ֆիզիկական առողջության համար վնաս է: Եթե մենք վերցնենք եկեղեցական օրերը, ապա կտեսնենք, որ ամեն չորեքշաբթի և ուրբաթ օրը, բացի Սուրբ Զատիկից հետո ընկած 50 օրը, պահոց օրեր են եկեղեցու մեջ: Կան շաբաթապահքեր և կա երեք Մեծ պահք՝ Սուրբ Ծննդից առաջ, Վարդավառից առաջ և Զատիկից առաջ: Եթե վերցնենք այդ օրերը և կիսենք, կտեսնենք , որ տարվա օրերը ուղիղ կիսվում են երկու ամսի ՝ պահոց և ուտիք: Սա արված է, որպեսզի սննդային հավասարակշռությունը պահպանվի: Մեր հայրերը ասում են, որ առողջ մարմնի մեջ առողջ հոգի պետք է բնակվի: Եթե այս շրջանում մենք զբաղվում ենք մեր հոգու մաքրությամբ, որպեսզի դառնանք Աստծուն ավելի հաճելի, ապա պետք է փորձենք նաև մեր մարմինը մաքուր պահել: Ասում են, որ մաքուր ջուրը լցնում են մաքուր սրվակի մեջ:

-Մեծահասակների դեպքում հարցը պարզ է , իսկ երեխանե՞րը : Չէ՞ որ նրանք մեծանում են և պետք է լավ սնվեն: Նրանց համար դժվար է որոշակի սննդից հրաժարվելը:

-Մինջև 14 տարեկան երեխաները որևէ խնդիր չունեն: Այդ տարիքում նրանք կարող են հաղորդություն ստանալ, եթե նույնիսկ հաց են կերել, իսկ աղջիկները կարող են եկեղեցի մտնել առանց գլխաշորի: Երեխաների պարագայում ծոմ պահելը ճիշտ չէ: Եթե ծնողը զգացել է, որ երեխան պետք է հաղորդություն ստանա, դառնա հաղորդակից Քրիստոսի մարմնին և այլն, ապա եկեղեցին միանշանակ թույլատրում է :

-Հնարավոր է այնպես ստացվի, որ պահքի ընթացքում հրավիրեն որևէ ընտանեկան խնջույքի. օրինակ տարեդարձի, պսակադրությանը հետևող խնջույքներին: Ի՞նչպես վարվել:

-Երևի թե պահքը ավելի պիտանի կլինի մարդու համար, երբ ինքը տեսնի սեղանին դրված համեղ խորտիկները և կարողանա իրեն զսպել և չօգտվել դրանցից: Բացի այդ կան ընտանիքներ, որտեղ տան ոչ բոլոր անդամներն են պահքի մեջ, հետևաբար միշտ էլ թույլատրվում է երկու տեսակ կերակուրներ դնել նույն սեղանին և ճաշել միասին :

-Ինչպե՞ս անցկացնել պահքը , որպեսզի խուսափենք հիասթափություններից , հոգնածությունից և ծայրահեղություններից:

-Ես այս պահին չեմ խոսի եկեղեցական կանոններով և կտամ իմ խորհուրդը: Եթե մարդ ուզում է Մեծ պահոց շրջանում ճիշտ անցկացնել իր հոգևոր ուխտագնացությունը, նախ և առաջ պետք է մասնակցի պատարագներին, որովհետև ամեն պահոց կիրակի ունի իր խորհուրդը: Ամեն մի կիրակի խոսում է մարդկային պատմության մասին, որը սկսվում է դրախտից՝ թե ինչ երանության մեջ էին, այնուհետև արտաքսումից, հետո գալիս է նաև զղջման կիրակին, դատավորի կիրակին, տնտեսի կիրակին, ծաղկազարդը և հարությունը: Այդ ընթացքում հավատացյալը պետք է փորձի ոչ թե ուղակի կանգնել պատարագին և մտածել դրսում թողած գործերի մասին, այլ պետք է մոռանա ամեն ինչ և գիտակցի ու հասկանա այդ օրվա խորհուրդը: Դուրս գա եկեղեցուց մի նոր հոգևոր պաշար ստացած: Նաև խորհուրդ կտամ այդ ընթացքում շատ հոգևոր գրականություն ընթերցել:

Մենք բոլորս էլ օգտվում ենք համացանցից, բայց հատկապես պահքի շրջանում պետք է խուսափենք մոլորություններից և գայթակղություններից: Համացանցը նույնպես պետք է ծառայեցնենք մեր հոգևոր աճին, չէ՞ որ այդ հոգևոր սնունդը ստանում են նայելով, սովորելով և պրպտելով: Նաև պետք է կարողանանք մեր ստացած հոգևոր գիտելիքները փոխանցել մյուսներին, որովհետև Քրիստոս իր աշակերտներին պատգամեց և ասաց, որ բոլորս էլ նույն հոր զավակներն ենք, և այդ պատգամը բոլորինս է: Այն պետք է քարոզենք:

 

Արևիկ Կարապետյան

2-րդ կուրս

 

Կիսվել