ՌԵՄԱՐԿԻ «ՀԱՂԹԱԿԱՆ ԿԱՄԱՐՆ» ԱՅԺՄ ՆԱԵՎ ՀԱՅԵՐԵՆ

ՌԵՄԱՐԿԻ «ՀԱՂԹԱԿԱՆ ԿԱՄԱՐՆ» ԱՅԺՄ ՆԱԵՎ ՀԱՅԵՐԵՆ

165

Կյանքում քիչ բան կա, որ կարևորությունը երկար է պահպանում:

Ինչ խոսք, տեղին է ասված Ռեմարկի գրքում: Սակայն հենց իր՝ Ռեմարկի այս գիրքն իր կարևորությունն ու օգտակարությունը պահպանել ու կպահպանի միշտ՝ բոլոր ժամանակներում կենսական մի շարք հարցերի պատասխանելով:

Մարտի 10-ին, ժամը 17:00-ին «Բուկինիստ» գրախանութների ցանցի «Մետրոնոմ» մասնաճյուղում էին հավաքվել դասական գրականության սիրահարները: 20-րդ դարի գերմանացի հանրահայտ գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամարը» վեպն այժմ արդեն հայերեն է թարգմանված: Գիրքը լույս է ընծայվել «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից: Բնագրից թարգմանության հեղինակն է Վանուհի Բաղմանյանը: Ըստ նրա՝ Ռեմարկ կարդալը դժվար չէ, պարզ է գրում, բայց այդ պարզությունն է, որ դժվարացնում է թարգմանության գործընթացը, որովհետև, որքան էլ արտառոց թվա, պարզ տեքստը թարգմանելն ավելի բարդ է, քան դժվարը: Վանուհի Բաղմանյանը նաև Ռեմարկի «Երեք ընկեր» վեպի թարգմանության հեղինակն է:

«Հաղթական կամարը» գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի աշխարհահռչակ վեպերից է: Այն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի դասական գործերից է: Առաջին անգամ տպագրվել է 1945 թվականին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Նկարագրվում են 1939 թվականի իրադարձությունները: Չնայած գերմանացի բժիշկ ու Փարիզում ապրող գաղթական Ռավիկին օրենքով արգելված է վիրաբուժությամբ զբաղվել, նա երկու տարի շարունակ բուժում է քաղաքի ամենահեղինակավոր քաղաքացիներին երկու ոչ  այնքան հմուտ ֆրանսիացի բժիշկների օգնությամբ: Նա շարունակ հետապնդվում է նացիստների կողմից և սիրո հնարավորության ոչ մի հույս անգամ չունի: Սակայն կյանքը զարմանալի շրջադարձներ ունի ռոմանտիկների համար անգամ ամենաանբարենպաստ ժամանակներում:

Շնորհանդեսն անցավ չափազանց հետաքրքիր մթնոլորտում: Կազմակերպվել էր նաև հետաքրքիր մրցույթ: Խաղարկվեց Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամար» գրքի երեք օրինակ և ևս տաս 3000 դրամ արժողությամբ նվեր քարտ: Հաղթողները որոշվեցին վիճակահանության արդյունքում:

Հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանն էլ նշել է, որ հաջորդիվ ընթերցողի դատին կներկայացվի Ռեմարկի արդեն երրորդ վեպը՝ «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է»,որը նույնպես համաշխարհային գրականության գլուխգործոցներից է:

Եվ վերջում, նրանց համար, ովքեր դեռ չեն հասցրել ձեռք բերել այս ստեղծագործությունը, մեջբերում ենք կյանքի ցանկացած շրջափուլում ուղղորդող մի քանի միտք:

Երբ մահանում ես, դառնում ես մի տեսակ անսովոր կարևոր մեկը, իսկ քանի դեռ ողջ ես, ոչ ոք քեզանով չի հետաքրքրվում:

Ազատ է միայն նա, ով կորցրել է այն ամենն, ինչի համար արժե ապրել:

Վիրավորանքից կարելի է պաշտպանվել, իսկ խղճահարությունից՝ երբեք:

Այն ինչ մարդ փողող կարող է գլուխ բերել, շատ էժան է:

Զղջումն ամենաանօգուտ բանն է աշխարհում: Ոչինչ հնարավոր չէ հետ բերել: Ոչինչ հնարավոր չէ ուղղել: Այլ կերպ՝ մենք սրբեր կլինեինք:

Կյանքը չափազանց լուրջ բան է, որպեսզի ավարտվի ավելի շուտ, քան մենք դադարում ենք շնչել:

Նա՝ ով ոչինչ չի սպասում, չի հիասթափվի:

Եթե միևնույնն է, ոչինչ անել հնարավոր չէ, ապա ինչու՞ հասցնել ինքդ քեզ խելագարության:

 

Արաքսյա Սահակյան

3-րդ կուրս

Կիսվել