ԱՌԱՆՑ ՓՈՂԿԱՊԻ. ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԱՌԱՆՑ ՓՈՂԿԱՊԻ. ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ

2217

Եթե չլինեիք բանասեր, ապա…

-Միայն բանասեր…

Գրող, ով ամենահոգեհարազատն է:

-Նրանք մի քանիսն են: Ուսանողական տարիներին տարված էի «Նարեկ»-ով, բայց գիրքը չունեի: Ընկերոջիցս խնդրեցի կարճ ժամանակով, եւ որպեսզի ձեռքիս տակ լիներ, «Մատյանի» էջերն ամիսներ շարունակ արտագրում էի… Ինձ հոգեհարազատ են նաեւ Չարենցը, Ռիլկեն, Սարոյանը, Բուլգակովը:

Արվեստի ո՞ր գործերն են Ձեզ միշտ հիացրել:

-Շոպենի նուրբ, քնարական ստեղծագործությունները եւ առհասարակ՝ դասական երաժշտությունը: Նկարչության մեջ՝ Լոենարդո դա Վինչին, Սալվադոր Դալին, Մարտիրոս Սարյանը: Կինոյում  խորապես գնահատում եմ Ֆեդերիկո Ֆելլինիիի եւ Լուիս Բունյուելի ֆիլմերը: Բունյուելի մոտ, օրինակ, խիստ գրավիչ մի գիծ կա. ֆիլմը դիտելիս իր հետ համահեղինակ դառնալու գայթակղությամբ է համակում:

Երեւանում կա՞ մի վայր, որտեղ Ձեզ լիարժեք հանգիստ եք զգում:

-Կար. տարիներ առաջ ընկերոջս հետ հաճախ էինք Կասկադով բարձրանում Մոնումենտ, ապա քայլում դեպի Կոմիտաս այն ճանապարհով, որ հետո վերածվեց Սարալանջի փողոցի:

Պատմության մեջ հայտնի ո՞ր կերպարի հետ կցանկանայիք սրճել:

-Պլատոնի:

Երազանքների երկիրը:

-Եղել եմ մի քանի երկրներում, բայց հոգեմտավոր առումով ավելի հարազատ տարածք, քան Հայաստանն է, չեմ գտել:

Կյանքում ամենամեծ մոտիվացիան:

-Ընտանիքիս անդամները, ընկերներս, ուսանողներիս շողացող դեմքերը:

Կյանքի բեկումնային պահը:

-Հրատարակչական գործունեությունից դասախոսական աշխատանքի տեղափոխվելը:

Ի՞նչն եք ամենաշատը կարեւորում մարդու մեջ:

-Ազնվությունը, ստեղծագործական ներուժը, անհատականությունը:

Կա՞ որեւէ բան, որը ոչ ոքի չեք ների:

-Վերջերս մի տեղ կարդացի. «Թույլերը վրեժ են առնում, ուժեղները ներում են, իմաստունները՝ մոռանում»: Ընդհանուր առմամբ նախապատվությունը տալիս եմ երրորդ տարբերակին (ժպտում է):

Եթե հնարավորություն ունենայիք հետ գնալ ժամանակի մեջ, որեւէ բան կփոխեի՞ք:

-Գուցե, բայց թե ինչ՝ միանգամից հնարավոր չէ ասել:

Երջանկությունը…

-Հոգու ներքին ալեկոծումները բանական հավասարակշռությամբ պահելու եւ ներդաշնակության հասնելու մեջ է:

Եթե անսահմանորեն ազատ ժամանակ ունենայիք…

-Կկարդայի եւ կճամփորդեի: Ուսանող ժամանակ պատահել է՝ մեկ օրում տոմս եմ վերցրել ու մեկնել հեռավոր ճամփորդության: Հատկապես՝ երբ պետք էր մեղմել սիրո ցավերը…

Ունե՞ք որեւէ հետաքրքիր կամ տարօրինակ սովորություն:

-Հարցրեք ընտանիքիս անդամներին, ընկերներիս…

Կա՞ որեւէ ուտեստ, որից երբեք չեք հրաժարվի:

-Մայրիկիս թխած ժենգյալով հացը, որի պատրաստումն անմոռանալի արարողություն էր: Դպրոցական տարիներին իմ  ծննդավայր Իջեւանում մենք այդպես էինք դիմավորում գարունը…

 

Հարցազրույցը` Լուսինե Մինասյանի

2-րդ կուրս

Կիսվել