ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼՈՎ…

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼՈՎ…

1356

Լրատվական մարտահրավերների, դրանց դեմ պայքարելու գործիքների և այլ հարցերի շուրջ զրուցել ենք «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի հետ։

Ասուլիսներից մեկում նշել եք՝  «Ապագայի լրատվական մարտահրավերներին անհնար է դիմագրավել անցյալի գործիքներով»: Նախ նշեք, թե որո՞նք են այդ մարտահրավերները և հետո՝ որո՞նք են այն նոր գործիքները, որոնցով լրատվական գործակալությունները պայքարում են այսօր։

-Մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ փոփոխությունները շատ մեծ արագացում ունեն և այնպիսի միջավայրում ենք գործում, որը անկանխատեսելիությունների և անհստակությունների մի հորձանուտ է հիշեցնում։ Տեղեկատվության ոլորտում փոփոխությունները շատ ավելի արագ են չորրորդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում, երբ արհեստական ինտելեկտը, արհեստական բանականությունը դառնում են հիմնական արտադրող ուժը, և արտադրահարաբերությունը այլևս անցնում է արհեստական բանականության դարաշրջան, փոփոխության ամենամեծ չափը զգում են լրատվամիջոցները։ Լրատվության դաշտում արագացող փոփոխությունները նշանավորվում են մի շարք կարևոր միտումներով.

  • լրատվական բովանդակության տարածման համար նոր միջավայրերի ի հայտ գալը և զարգացումը,
  • լրատվության սպառողների կողմից գեներացվող բովանդակության ծավալների մեծացումը,
  • տեղեկատվության առաջնային աղբյուրների նկատմամբ պրոֆեսիոնալ ժուռնալիստական հանրության մենաշնորհի վերացումը,
  • արհեստական բանականության և ռոբոտների կողմից լրատվական բովանդակության արտադրությունը,
  • լրատվության կարևորության մեծացումը,
  • կեղծ լուրերի և լրատվական հոսքերի արմատական ձևախեղման հանգամանքը,
  • շարունակական կոմերցիալիզացիան տեղեկատվության դաշտում և այպես շարունակ։

Դրույթները, որոնք դառնում են թե´ մարտահրավեր, թե´ հնարավորություն մասնագիտության համար, շատ են։ Նման մարտահրավերների մեր մասնագիտությունը մի քանի տասնամյակ առաջ չէր բախվում։ Այդ է պատճառը, որ մենք չենք կարող առանց գործիքակազմի զբաղվել ծառացող խնդիրների լուծմամբ։

-Իսկ ինչպե՞ս եք դիմակայում նոր մարտահրավերներին կամ ինչպե՞ս եք օգտագործում նոր հնարավորությունները։

-Առաջինը՝ ախտաճանաչմամբ, այսինքն՝ հասկանանք, թե կոնկրետ որո՞նք են մեր թույլ կողմերը, որպեսզի այդ թույլ կողմերը դարձնենք հնարավորություններ։ Դիմակայում ենք լավագույն փորձը ուսումնասիրելով և ընդօրինակելով։ Դիմակայում ենք գործակալության ուժեղ կողմերն ավելի ուժեղացնելով, օպտիմալ կառավարման մեխանիզմների ներդրմամբ։ Մարտահրավերը հնարավորություն ենք դարձնում՝ հայտնվելով այնտեղ, որտեղ կարող է լինել մեր պոտենցիալ ընթերցողը։ Փորձում հասկանալ, թե ապագայի շուկայում պետական լրատվամիջոցի տեղը, դերը և նշանակությունը որն է։

Լրատվական գործակալությունները նախկինում հստակ գործառույթ ունեին. ստեղծել մեդիապրոդուկտ և վաճառել դրանք լրատվամիջոցներին: Այսօր լրատվական գործակալությունները որոշակիորեն փոխակերպվել են՝ վերածվելով մասամբ առցանց լրատվամիջոցների: Այս պայմաններում ինչպե՞ս է տեղի ունենում վաճառքի գործընթացըԱրդյո՞ք բոլոր նյութերն եք տեղադրում Արմենպրեսի էջերում, թե՞ կան այնպիսիք, որոնք վաճառքի համար են նախատեսված:

-Վաճառքների առումով Արմենպրեսը դժգոհելու շատ քիչ պատճառ ունի, որովհետև ձևավորված շուկայի կոնյունկտուրան ստեղծեց պայմաններ, որ մեր լրատվական արտադրանքի վաճառքներն աճեն։ Ես համամիտ եմ Ձեր այն տեսակետին, որ փոփոխությունները բերեցին նրան, որ լրատվական գործակալությունները սկսեցին ուժեղացնել իրենց առցանց ռեսուրսները։ Մենք չենք համարում, որ Արմենպրեսը լրատվական գործակալությունից վերածվել է առցանց լրատվամիջոցի։ Մենք կարծում ենք, որ լրատվական գործակալության կայքը մեր արտադրանքի իրացման, ներկայացման, մարկետինգի շատ գործուն հարթակ է։  Այն մեզ համար թե ինֆորմացիոն, թե գովազդային շատ լավ հարթակ է։ Եվ եթե կարողանում ենք իր առցանց մեդիա հնարավորությունները լավ օգտագործել, ապա դա մեզ միայն ուրախացնում է։ Կա փակ բովանդակություն, կա բաց բովանդակություն, որն իր ծավալով ավելի մեծ է, որովհետև դա նույնպես շուկայի կոնյունկտուրայից է գալիս, այնուամենայնիվ ամեն օր մենք մտածում ենք կոմերցիոն առումով նոր հետաքրքիր արտադրանքներ ստեղծելու շուրջ։ Ի՞նչ տեղի ունեցավ հայկական շուկայում և ինչու՞ մենք չենք դժգոհում վաճառքներից։ Տեղի ունեցավ հետևյալը. հայկական ինտերնետ սեգմենտի թռիչքային աճը բերեց հայալեզու որակյալ բովանդակության պահանջարկի ավելացման։ Զուգահեռաբար հեղինակային և հարակից իրավունքների մասին օրենքի փոփոխությունը հնարավորություն տվեց կապիտալիզացնել այն, ինչը ժամանակին թվում էր ոչ այնքան գրավիչ։ Կարծում եմ՝ մեր բաժանորդային ցանցի մեծացումը վկայում է նրա մասին, որ արտադրում ենք բավական պահանջված տեղեկատվական պրոդուկտ։ Իհարկե, ուզում ենք շատ ավելի մեծացնել վաճառնքերի թիվը, դա է մեր ռազմավարության ուղղություններից մեկը, բայց զուգահեռաբար նաև մտածում ենք լրացուցիչ այլ տեղեկատվական արտադրանքի ձևավորման ուղղությամբ, որովհետև համարում ենք, որ հայալեզու տեքստային բովանդակության շուկան սահմանափակ է։ Ֆոտոբովանդակության շուկայում մենք օպտիմիզացիայի մեծ խնդիր ունենք, որպեսզի վերադարձնենք մեր մրցունակությունը։ Վիդեոբովանդակության շուկան նույնպես կարմիր օվկիանոս է հիշեցնում, նույնպես գերմրցակցային է։ Մեր հիմնական ուղղությունները շուկայի կողմից պահանջված նոր պրոտուկտների ձևավորումն է։

Պահանջարկը լրատվական գործակալությունների հանդեպ մեծանու՞մ է թե՞ նվազում:

-Կախված լրատվական գործակալությունից, կախված արտադրանքի որակից, օպերատիվությունից և հեղիանկությունից։ Արմենպրեսի դեպքում մենք տեսնում ենք դրական զարգացում։ Ողջ աշխարհում և այդ թվում Հայաստանում լրատվական գործակալությունները ստեղծում են լրատվական բովանդակության առյուծի բաժինը։

Ո՞ր լրատվամիջոցների հետ է այսօր աշխատում Արմենպրեսը: Արդյո՞ք բոլորի հետ աշխատանքը տարվում է նույն չափանիշներով:

-Շուկայի կոնյունկտուրայի փոփոխությունը բերել է նրան, որ մեր արտադրանքի ծավալների հիմնական մասը այս պահին սպառում է առցանց մեդիան։ Դա ամենամեծ սեգմենտն է։ Երկրորդ մեծ սեգմենտը տպագիր մամուլն է, որը Արմենպրեսի դեպքում նաև այսօր մեր երկու թերթերի տեսքով է հանդես գալիս, որի հրատարակիչը այլևս Արմենպրեսն է: Բացի դրանցից, տպագիր մամուլի մի նշանակալի մասը ասյօր մեր բաժանորդն է թե´ իրենց առցանց, թե´ իրենց տպագիր հարթակների համար։ Մեր սեգմենտներից մեկը նաև սփյուռքի մամուլն է, որի հետ մենք կոմերցիոն  կամ ոչ կոմերցիոն առումով աշխատում ենք։ Հետո՝ հեռուստատեսությունը և ռադիոն։ Ռադիոյի սեգմենտում մեր դիրքը մի քիչ ավելի փոքրացել է, մեծացնում ենք, ՀՏ սեգմենտում նույնպես փորձում ենք մեծացնել։  Բացի այդ, մեր շուկայի և գործընկերների մի մասը արտերկրի պետական լրատվական գործակալություններն են, որոնց հետ մենք նույնպես ինֆորմացիա ենք փոխանակում։

Կա՞ն դեպքեր, երբ լրատվամիջոցը չի գնում արտադրանքը, բայց հետո տեսնում եք Արմենպրեսի նյութը իրենց էջում: Ի՞նչ եք անում այդ ժամանակ:

-Կան ու շատ են նման դեպքերը։ Անթույլատրելիորեն ցածր է մեզ մոտ գործընկերոջ լրատվական արտադրանքի նկատմամբ հարգանքը։ Իրավաբանների թիմը համապատասխան քայլեր է ձեռնարկում։ Դեռ դատ չի եղել ոչ մեկի հետ, բայց երևի բնականոն զարգացումները կբերեն դրան։

 

Հարցազրույցը՝ Մարիամ Ադամյանի

4-րդ կուրս

Կիսվել