ԱՆԾԱՆՈԹ ԱՅՎԱԶՈՎՍԿԻՆ

ԱՆԾԱՆՈԹ ԱՅՎԱԶՈՎՍԿԻՆ

141

 «Փոթորիկը ծովում՝ երեկոյան»

Այս տարի նշվում է հանճարեղ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյա հոբելայնը։ Ասում են՝ նկարիչը ծնվել է «Աստծո մատը ճակատին»։ Նրա մեծության ֆենոմենը դեռ ամբողջությամբ բացահայտված չէ։ Ի՞նչ արեց Այվազովսկին ծովանկարչության ժանրում, որ մինչ այդ չարեց ոչ ոք, և ի՞նչը դարձրեց նրան «ծովանկարչության արքա»։ Այս հարցերին անդրադարձավ արվեստաբան Անուշ Հակոբյանը՝ փորձելով առանձնացնել «Հովհաննես Այվազովսկի» երևույթի թաքնված կողմերը։

19-րդ դարում նկարիչները նկարում էին գեղանկարչության մեջ ընդունված «պլեներ» հասկացությամբ` բաց երկնքի տակ, նայելով բնությանը և վերարտադրելով այն։ Այս մեթոդը ստեղծել են իմպրեսիոնիստները՝ հրաժարվելով նախկին ակադեմիական սկզբունքներից։ Իր հերթին, Այվազովսկին նորարարություն արեց` վերադառնալով հնին։ Ինչպես ասում են՝ ամեն նոր բան լավ մոռացված հինն է։ Սորենտոյում ապրելիս Այվազովսկին ծովը նկարում էր իր արվեստանոցում և հիշողությամբ։ Այսպես նա ծովի մեջ դնում էր երևութական մարդու պատկեր՝ արտահայտելով տարբեր բնավորություններ, հոգեբանական տրամադրություններ։

Այվազովսկին չհետևեց մաքուր ժանրով ստեղծագործելուն, այլ ստեղծագործեց մի ժանրով՝ նկատի ունենալով մեկ այլ ժանր։ Այվազովսկին ծովը բերեց և արտահայտեց որպես դիմանկար։

Այվազովսկին, իր ակադեմիական կրթության շնորհիվ, առանձնանում է մեծ վարպետությամբ։ Գուցե բախտի գործոն էր, որ նկարիչը Թեոդոսիայի սպիտակ տան պատերը մրոտելուց հասավ մինչև Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա։ Ուսանեց լավագույն ուզուցիչների մոտ։ Տաղանդին զուգահեռ տիրապետեց կոմպոզիցիայի, գունային ձևերի, գծանկարի ճիշտ պատկերմանը։ Արվեստագիրների վկայությամբ` նկարչի սենյակում եղել է մի քանի մետրանոց փաթաթված նկար և, երբ պատվիրատուներ է ունեցել, կտրել է որևէ տեղից ու վաճառել։ Այդ մեծ վարպետությունն է թույլ տվել, որ նկարը ցանկացած մասից կտրվելուց հետո ամբողջությամբ կոմպոզիցիոն նկար մնա։

«Իններորդ ալիք»

  Լույսը Այվազովսկու ստեղծագործության աչքերն են։ Իր նկարները պետք է խոսեցնել գլխավորապես լույսով։ Կենտրոնական կետից տարածող լույսի ինտենսիվությունը հաղորդում է տրամադրություն։ «Իններորդ ալիքի» վառ լույսը լավատեսությունն է, փրկությունը խորտակվող նավաբեկյալների։ Ընդունված է իններորդ ալիքը համարել մահաբեր։ Հենց ինքը՝ հեղինակը, զգացել է այդ ալիքի զորությունը և իր հրաշքով փրկվելը լույսի վառ ինտենսիվությամբ փոխանցել կտավին։

Ջրերի թափանցիկություն, մտածողության մոնումենտալ ալիքներ, բնություն- մարդ հարաբերություն, լույս․ էլեմենտներ, որ 2 դար անց էլ նորովի է բացահայտում  Այվազովսկու արվեստը։

 

Օֆելյա Մարգարյան

4-րդ կուրս

Կիսվել