«ԿԱՐԵՎՈՐ Է ՏԵՍՆԵԼ ՈՒ ԿԱՐՈՂԱՆԱԼ ՓՈԽԱՆՑԵԼ ԱՅՆ ՀԱՅԱՑՔԸ, ՈՐՆ ՈՒՆԻ ՄԱՐԴԸ, ԿԵՆԴԱՆԻՆ...

«ԿԱՐԵՎՈՐ Է ՏԵՍՆԵԼ ՈՒ ԿԱՐՈՂԱՆԱԼ ՓՈԽԱՆՑԵԼ ԱՅՆ ՀԱՅԱՑՔԸ, ՈՐՆ ՈՒՆԻ ՄԱՐԴԸ, ԿԵՆԴԱՆԻՆ ԵՎ ՆՈՒՅՆԻՍԿ ՓՈՂՈՑՈՒՄ ՔԱՄՈՒՑ ՕՐՈՐՎՈՂ ՊԱՂՊԱՂԱԿԻ ԹՈՒՂԹԸ». ԼՈՒՍԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ

1548

Լուսանկարչության ընկալման, նրա առանձնահատկությունների, ընձեռած հնարավորությունների և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել ենք երիտասարդ լուսանկարիչ Լուսինե Թորոսյանի հետ:

Ե՞րբ և ի՞նչը ստիպեց քեզ ձեռքիդ ֆոտոխցիկ վերցնել:

Ցանկությունը դեռ 13  տարեկանից կար, ֆոտոդասընթացներ էի ամրագրում, որոնք ինչ-ինչ պատճառներով մեկ կամ երկու պարապմունք հետո բաց էի թողնում, բայց ինչպես ասում են՝ լինելու բանը լինում է։ 15 տարեկանում, երբ կամավոր էի միջոցառումներից մեկին, առիթ ունեցա զրուցելու տնօրենի հետ, ով մասնագիտությամբ կինովավերագրող  է, ասացի, որ ես էլ եմ կինոճանապարհն ընտրելու, ու նա առաջարկեց տրամադրել ֆոտոխցիկ, իսկ դրա փոխարեն ես պիտի «տնային աշխատանք» անեի. ամեն օր ուղարկել քաղաքի լավ ու վատ կողմերն արտահայտող կադրեր, ապա դիմանկարներ։ Այդ տնայիններով «աչքս բացեցի» ու արդեն մի քանի ամիս անց ստացա առաջարկ հենց կենդանաբանական այգում էլ լուսանկարիչ աշխատելու։ Կարելի է իմ դեպքում ասել, որ ոչ թե «ինչը», այլ «ով» ստիպեց, չնայած ստիպելն էլ կարելի է չակերտներում վերցնել (ժպտում է):

Ու՞մ կամ ի՞նչ է հաճախ ֆիքսում ֆոտոխցիկդ:

Միանշանակ կենդանիների։

Լուսանկարչության ո՞ր ոճերն են բնութագրում քեզ:
Միգուցե ոճ չասեմ, ավելի ուղղություն, տեսակ ու վիճակ։ Ինձ հոգեհարազատ են դոկումենտալ կադրերը, երբ անմահացնում ես վայրկյանն ու այն դարձնում պատմության մի մասնիկ։ Հիմա, իհարկե, ուզում եմ քիչ-քիչ շեղվել միայն վավերագրելուց, տեսնենք՝ ինչ կստացվի։

Ինչի՞ն ես առաջնահերթ ուշադրություն դարձնում լուսանկարելիս:
Եթե գրագետ լուսանկարիչներն իրենց գիտելիքները ցուցադրելու համար պատասխանեին, որ ձևին, տեսանկյունին, ճիշտ կոմպոզիցիային, ապա ես միանշանակ կասեմ, որ կադրին։ Շատ կարևոր է տեսնել ու կարողանալ փոխանցել այն հայացքը, որն ունի մարդը, կենդանին, նույնիսկ փողոցում քամուց օդում օրորվող պաղպաղակի թուղթն այդ պահին։ Այս դեպքում բացարձակ կարևոր չէ համաչափությունն ու գիտելիքը։ Ինձ համար լուսանկարչությունն արվեստ է, իսկ արվեստն, իսկապես, սահմաններ չունի։

Այս ոլորտում արդեն հասցրել ես գրանցել լուրջ հաջողություններ: Կպատմե՞ս դրանց մասին:

Իհարկե հասցրել եմ։ Մասնակցել եմ երկու ֆոտոմրցույթների, երկուսում էլ հաղթել եմ։ Առաջին անգամ չորս տարի առաջ էր, երբ նոր էի զբաղվում լուսանկարչությամբ։ ՄԱԿ-ի գրասենյակն ու բնապահպանական մի քանի այլ հարթակներ հայտարարել էին  մրցույթ, որտեղ մասնակցում էին մի խումբ հայ երիտասարդներ, այդ թվում նաև ես։ Ստացա իմ առաջին ֆոտոխցիկը։Մյուսն ամիսներ առաջ էր։ Ինձ զանգահարեցին բնապահպանության նախարարությունից ու առաջարկեցին մասնակցել միջազգային ֆոտոմրցույթի ՝ օզոնային շերտի պահպանության թեմատիկայով։ Շատ անսպասելի զանգ էր, որովհետև ի սկզբանե թերահավատորեն էի մոտենում պատահականություններին ու առանց ծանոթ նման հարթակների հասնելուն։ Փաստը մնում է փաստ, որ ամեն ինչ շատ արդար ու կարևորը հետաքրքիր էր։ Մրցույթին մասնակցում էին 297 երկրներ, այն անցկացվում էր Ուզբեկստանում։ Այն, որ  297 երկրից կհաղթես հենց դու, քիչ հավանական է։ Իհարկե մեծ հպարտությամբ եմ պատմում այդ հաղթանակիս մասին, որովհետև միակն էի, ով ներկայացնում էր Հայաստանն ու հիմա մի տեսակ ոչ թե ես եմ հաղթել, այլ Հայաստանը, հրաշալի զգացողություն է։ Այս անգամ էլ ստացա ֆոտոխցիկ՝ բավականին լավը։

Լուսանկարչությունը Հայաստանում համարու՞մ ես զարգացած ճյուղ: Ինչու՞:

Այն դեռ նոր է զարգանում։ Կան ասպարեզում «թույն» լուսանկարիչներ, բայց մի այն մի քանիսը քիչ են։ Վստահ եմ, որ եթե մտքի թռիչքն ավելի մեծ տեղ ունենա, մենք իսկապես շատ առաջ կգնանք։

Ունե՞ս պլաններ ապագայում, որոնք անմիջականորեն կապված են այս բնագավառի հետ:

Պատրաստվում եմ մի հավես ու երևանոտ նախագիծ անել, բայց քանի դեռ այն միտք է, ավելի լավ է լռեմ։

Մեկ լուսանկարի պատմություն:

Միգուցե պատմեի մրցութային լուսանկարիս պատմությունը, բայց ավելի լավ միշտ հիշում եմ կենդանաբանական այգում արված մի լուսանկար։ Սպիտակագլուխ անգղին էի նկարում, մոտ կես ժամ լուսանկարելուց հետո պատրաստվում էի գնալ, ու էլի հետ պտտվեցի, միացրի ֆոտոխցիկն ու որսացի ամենահավես կադրը․հենց այդ պահին չարաճճի դեմքով անգղիկը խաղում էր ծառի ճյուղի հետ։

-Լուսանկարչությունն ինձ համար…

– Հրաշագործ լինելն է։


Հարցազրույցը` Շուշան Սահակյանցի
4-րդ կուրս

Կիսվել