«ՄՏԱԾԵԼ ՉՍՈՎՈՐԵՑՆԵԼԸ ՄԵՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է»,- ԱՍՈՒՄ Է «ERASUMS +»-Ի...

«ՄՏԱԾԵԼ ՉՍՈՎՈՐԵՑՆԵԼԸ ՄԵՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է»,- ԱՍՈՒՄ Է «ERASUMS +»-Ի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ

1603

Erasums + միջազգային կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս հայ ուսանողներին սովորել արտերկրում։ Ծրագրի ու եվրոպական կրթության առանձնահատկությունների մասին զրուցեցինք Erasums + ծրագրին մասնակցած, այժմ` այդ ծրագրի պատասխանատու Էդիթ Սողոմոնյանի հետ։

Էդիթ, Դուք ավարտել եք երեք համալսարան, որոնցից առաջինը ԵՊՀն էր` Աստվածաբանության ֆակուլտետը: Ինչպես եք գնահատում Ձեր ուսումը ԵՊՀում:

-ԵՊՀ-ում սովորել եմ շատ ավելի երիտասարդ տարիքում։ Աշխարհընկալումը այդ տարիքում շատ տարբեր էր։ Կրթական առումով էլ կար որակական տարբերություն։ Մեր կրթական համակարգի մեթոդիկան թույլ չի տալիս սովորել մտածել, այլ պետք է հիշես քեզ տրվող գիտելիքն ու վերադարձնես։ Բայց ամենասիրելի առարկաներից մեկը կրոնագիտությունն էր, քանի որ ներառում էր մարդկային հոգեբանություն։ Այս բաժինն ավարտելով` չեմ կարծում, որ մասնագետ դարձա, այլ` մի փոքր  ավելի զարգացած մարդ, ով լավ էր տիրապետում լեզուների։

ԵՊՀն ավարտելուց հետո ձեր ուսումը շարունակեցիք Իսպանիայում, հետագայում` Անգլիայում։ Ինչպե՞ս կայացրիք արտերկրում սովորելու որոշումը։ Արդյո՞ք դժվար չէր ընտելանալ այլ երկրների մշակույթին։

-Մասնագետ դառնալու հնարավորություն չտվեց հայաստանյան կրթությունը, այդ պատճառով ստիպված էի ճանապարհ հարթել այլ երկրում։ Երկար որոնելուց հետո գտա Erasums+  ծրագիրը։ Ինձ հաջողվեց գտնել այն, ինչ ինձ հետաքրքրում էր, ու հասկացա, որ այդ ոլորտը ինձ ևս պետք էր, քանի որ կրթությունը  առանց փորձի դատարկ ու չոր է, բայց փորձն առանց խորը գիտելիքի տալիս է կարճաժամկետ արդյունքներ։ Դիմելով ծրագրին` գիտեի, որ կա մեծ մրցակցություն, ու բավական բարդ էր ուղին։
Բրիտանական կրթությունը շատ պահանջկոտ էր։ Գտնվելով անգլիական միջավայրում` դու պետք է սովորես մտածել անգլերեն։ Ապրելու առումով քեզ վստահ ես զգում, քանի որ կրթաթոշակը դա թույլ է տալիս։
Ինձ հետ միասին կային ևս 7-8 հոգի այլ երկրներից։ Բոլորիս համար էլ դժվար էր, բայց երբ դու ունես դժվարություններ և նաև ընկերներ, միասին ավելի հեշտ է։
Այստեղ կար թիմային աշխատանք, որը գրեթե բացակայում է Հայաստանում։ Առաջին ամիսը բավական բարդ էր` կապված լեզվի, նոր ու հսկայական թեմաների յուրացման, ընկալման և գաղափարների ներկայացման հետ։

Ի՞նչ հնարավորություններ Ձեզ ընձեռնեցին այս տարիները։

-Դժվարանում եմ ասել, քանի որ շատ հնարավորություններ են եղել, որոնցից ամենակարևորը գտնելը դժվար է։ Չեմ կարող որևէ մեկն առանձնացնել, քանի որ դրանք փոխկապված են։ Տոկունություն, գրագետ խոսք, արագ կողմնորոշվելու հատկություն, օտար լեզվով լավ հաղորդակցվել, լայն գիտելիքներ, որոնք օգնում են տիրապետել շատ այլ գիտելիքների։ Իսկ մարդկայնորեն այլ մշակույթների հետ շփման հնարավորությունը: Տարբեր մարդկանց հետ շփումն օգնեց հասկանալ մարդկանց տեսակների տարբերությունը, մշակույթների, մտածելակերպերի տարբերությունը։ Մենք միշտ փնտրում ենք մեզ նման մարդկանց, քանի որ դա ավելի հեշտ է։ Եվ այլ մշակույթի մարդկանց հետ շփվելը ռիսկային է, քանի որ նրանք կարող են մեկ այլ բան ասել, իսկ դու ուրիշ բան հասկանաս։ Դու հասկանում ես, որ չկա լավ և վատ, այլ կան տարբեր մոտեցումներ, որոնք դու կարող ես ընդունել կամ չընդունել։ Դա օգնում է, քանի որ դու սովորում ես փոխզիջման գնալ։

Շատերն արտասահմանում կրթություն ստանալուց հետո մնում են այնտեղ: Ի՞նչը ձեզ դրդեց վերադառնալ։

-Առաջին հերթին ես հասկացա, որ Հայաստանում ավելի հեշտ կգտնեմ լավ աշխատանք, քան Մեծ Բրիտանիայում: Ոչ թե որովհետեև այնտեղ չկա լավ աշխատանք, այլ այնտեղ կան շատ մարդիկ, ովքեր պատրաստ են այդ նույն աշխատանքը կատարել։ Չլինելով Եվրամիության քաղաքացի` շատ ավելի բարդություններ պետք է հաղթահարեի, որ գտնեի համապատասխան աշխատանք։ Բացի այդ` գիտակցում էի, որ ոչ մի արժեքավոր բան չէի կարող այնտեղ տալ, ավելի հստակ աշխատանք պետք է կատարեի։ Եվ հասկացա, որ այդ կրթական ծրագիրն ավելի նորարարական է մեր երկրի համար։ Ամեն գնով դրսում մնալը ճիշտ որոշում չէ, եթե դա քո ճանապարհը չէ։

Նմանատիպ ծրագրերը որքանով են նպաստում ուսանողների արտագաղթին, քանի որ շատերը չեն վերադառնում։

-Ուսանողներ կան, որոնք ավարտելով` մնում են այնտեղ և աշխատում բուհում, կատարում հետազոտական աշխատանք: 3-4 տարի եկամտի հնարավորություն է դա նրանց տալիս, բայց ավարտելուց հետո իրենց տեղը հեշտությամբ չեն գտնում և վերադառնում են։ Դա մեծ կապ ունի ազգային քաղաքականության հետ, մեր ծրագրով շատերն են գնացել, և շատերը դեռ այնտեղ են, բայց խրախուսող հանգամանքների և լավ աշխատավարձով աշխատանքի դեպքում շատերն են վերադառնում, որովհետև այս դեպքում ոչ ոք չի ուզում փշրանքներից օգտվել դրսում, եթե կան շահավետ առաջարկներ քո երկրում։
Պետական քաղաքականության նպատակներից մեկը պետք է լինի` խրախուսել քո ուսանողներին և ապահովել լավ աշխատանքով։ Այդպիսի երկրներից է Ուկրաինան։ Այսինքն` խոսքը գնահատված լինելու մասին է թե՛ բարոյապես, թե՛ ֆինանսապես: Եթե մեկին միայն բարոյական գնահատանք տրվի, բայց ֆինանսը չհամապատասխանի, նա չի կարող գոյատևել, իսկ միայն բարձր ֆինանսական գնահատանքը բարոյապես չի մոտիվացնում։ Մարդկանց միայն ֆինանսական մոտիվացում չի պետք։ Գումարն ու վարկանիշը կարևոր են զարգացած, խելացի, հաջողակ մասնագետների համար:

Խոսենք Erasmus+ ծրագրի մասին: Ինչպես որոշեցիք աշխատել հենց այս ծրագրում։

-Ծրագիրը 1987-ից գործում էր «Էրասմուս» անունով, բայց բաց է եղել միայն Եվրամիության երկրների ուսանողների համար։ Բոլոնյան ընթացակարգին միանալուց հետո Հայաստանը որդեգրեց եվրոպական կրթական մոդելը, և 2014թ. ծրագիրը սկսեց գործել նաև Հայաստանում։ Կրթական ծրագրի բարելավումն ու փոփոխումն էր նպատակը։ 18 տարի է անցել, բայց մենք դեռ հեռու ենք եվրոպական մոդելից, բայց շարունակում են համբերատար ֆինանսավորել։ Խոչընդոտները շատ են, բայց դրանցից մեկը կոռուպցիան է։

Վերադառնալով` ես աշխատեցի գերմանական կազմակերպության ծրագրերից մեկում։ Այնտեղ համակարգող էի։ 2 տարի աշխատեցի, քանի որ ծրագիրը տևում էր երկու տարի։ Erasmus ինձ կանչեցին`իմանալով իմ հմտությունները և փորձն ու գիտելիքը։

Ի՞նչն է պակասում մեր կրթական համակարգում, և հնարավորության դեպքում ի՞նչը կցանկանայիք փոխել։

-Կոռուպցիան է առաջին հերթին խանգարում, քանի որ ներդրումները, որոնք Հայաստան են գալիս նաև Erasmus+ի միջոցով, պետք է հասնեն իրենց նպատակակետին։ Մեր ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին մեկնել եվրոպական 28 երկիր։ Հարյուրավորներ պետք է գան ու գնան, բայց ուսանողների ընտրության կամ պատրաստ լինելը բուհերում չի արվում բաց և թափանցիկ, գործի են դնում ծանոթ-բարեկամ կապերը: Իհարկե, կան բուհեր, որոնք խիստ են։ Չկա խոսքի և գործի միջև համաձայնություն, կառավարման օղակներն ասում են մի բան, բայց չեն իրագործում, արդյունք չկա այս դեպքում։ Մեր երկրում խնդիրն այն է, որ անում են առանց հեռանկարային արդյունքի, իսկ կրթության մեջ ժամանակ են պահանջում։ Հիվանդությունը բուժելու փոխարեն վերքի վրա «պլաստիր» են դնում ու ասում, որ այն անցավ։ Բայց պարզ է, որ այն ներսից քայքայելու է, խնդիրներն էլ մնալու են։

Որպես առաջարկ կարող եմ նշել սերնդափոխությունը, այսինքն` այն մարդիկ, ովքեր նշանակված են ցմահ ղակավարելու, պետք է փոխվեն, ու բուհերը ղեկավարելու գան նոր ու թարմ մտածելակերպ ունեցող մարդիկ։ Մարդիկ, ովքեր ուղիղ ձևով կմտածեն, անաչառ ու չգնված լինեն։ Թարմ արյուն է պետք այս երկրին։ Դասախոսին դնում են որոշակի սահմանափակումների մեջ, և նա չի կարողանում արտահայտվել այնպես, ինչպես մտածում է։

Ասում եք, որ դասախոսին դնում են սահմանափակումների մեջ, իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ դասախոսներն են հաճախ ուսանողին դնում սահմանափակման մեջ` թույլ չտալով ազատ մտածել: Եվ այս երեւույթն առկա է նաեւ դպրոցում:

-Կան դպրոցներ, որոնք չեն սահմանափակում երեխային, բայց կան դպրոցներ, որոնք տերթոդիկյան համակարգի պես սահմանափակում են` միայն ինֆորմացիա «խոթելով» երեխայի ուղեղը։ Սա նաև ունի քաղաքական պատճառներ․ մտածել չսովորեցնելը մեր կրթության ամենամեծ թերություններից մեկն է։ Եթե դու մտածում ես, դու կարող ես քաղաքական ակտիվ դիրք ունենալ: Կոռումպացված երկրում իրազեկ, ակտիվ մարդիկ պետք չեն: Բացի սրանից, բարձրագույն կրթությունը պետք է բարձրացնի մարդուն, նույնիսկ եթե դպրոցը սահմանափակումներ է դնում։ Եթե բարձրագույն կրթությունն աննպատակ է, ապա առաջին հերթին դա մեծ ծախս է, քանի որ ուսանողն է վճարում։ Կրթության նպատակներից առաջնայինը պետք է լինի լավ մասնագետ պատրաստելը, իսկ դրա համար անհրաժեշտ է մարդուն քննադատորեն և ինքնուրույն մտածել սովորեցնել։

Ինչու՞ ուսանողը պետք է ընտրի Erasmus+ ծրագիրը։

-Այն հնարավորություն է տալիս բացելու աչքերը կրթության հանդեպ, որովհետև միշտ հնարավոր է սովորել  4 տարի, հետո աշխատանք գտնել և ամուսնանալ, բայց այս ծրագիրը հարստացնում է ոչ միայն գիտելիքներով, այլև տալիս նոր ընկերներ, ճամփորդություններ, նոր լեզու սովորելու հնարավորություն, այլ երկրների մշակույթին ծանոթանալու հնարավորություն։ Ավելի հարստացած են վերադառնում ուսանողները ու դառնում ինքնուրույն․ հատկանիշ որը չկա մեր ուսանողներից շատերի մեջ, որոշումների մեծ մասը ծնողներն են կայացնում։

 

Հարցազրույցը` Մանե Սողոմոնյանի

2-րդ կուրս

Կիսվել