ԱՌԱՋԻՆ ԺԱՅՌԱՄԱԳԼՑՄԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԱՌԱՋԻՆ ԺԱՅՌԱՄԱԳԼՑՄԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

135

Ժայռամագլցման համահայկական բաց առաջնությունը անցկացվում էր առաջին անգամ մարտի 21-ին Երևանի պետական համալսարանում: Առաջնությանը մասնակցում էին ավելի քան 80 աղջիկներ և տղաներ թե´ Հայաստանից, թե´ Վրաստանից: Այն կազմակերպել էր «Ապառաժ» լեռնագնացության ակումբը՝ «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի» հայկական ֆեդերացիայի օժանդակությամբ:

«2020 թվականից ժայռամագլցումը համարվելու է օլիմպիական սպորտաձև: Հայաստանում այսօր առաջին անգամ է անցկացվում ժայռամագլցման մրցույթ, որը կազմակերպվել է բոլոր չափանիշներին համապատասխան՝ միջազգային դիտորդներով, միջազգային ժյուրիի ներկայությամբ»,-մեզ հետ զրույցում ասաց «Ապառաժ» լեռնագնացության ակումբի ղեկավար Սուրեն Ստեփանյանը:

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին բացառապես արտասահմանցի մասնագետներ՝ Իրանից ժամանած Մեհդի Զենդեհկարի գլխավորությամբ, ով Իրանի հավաքականի գլխավոր մարզիչն է և անձամբ էր կառուցել ժայռամագլցման պատը մասնակիցների համար: Մրցույթը անցկացվում էր 2 փուլով: Առաջին փուլից հետո եզրափակիչ անցան 8 աղջիկ և 11 տղա: Տղաների մրցույթում հաղթող ճանաչվեցին ԵՊՀ ուսանողներ Լևոն Մովսիսյանը, Արտավազդ Բոյաջյանը և Արեգ Սահակյանը: Իսկ աղջիկների պայքարում հաղթեցին Էմմա Կոստանյանը, Անուշ Խաչատրյանը և Անի Սիսակյանը: Հաղթողները պարգևատրվեցին համապատասխանաբար ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով:

Մեզ հետ զրույցում մասնակիցներից մի քանիսը պատմեցին, թե ինչն է իրենց գրավում ժայռամագլցման մեջ: «Այն վայրկյանից, երբ պատ ես բարձրանում զգում ես, որ քո ուժերով կարող ես ինչ-որ բարձունքների հասնել, և դա արդեն պարզապես պատ մագլցել չի դառնում, այլ նպատակների իրականացում»,- ասաց Թամարա Սահակյանը: Իսկ Սարգիս Ղազարյանը նշեց, որ երբ մարդիկ հանգիստ քայլում են քաղաքում՝ դա ուրիշ աշխարհ է, իսկ երբ իրենք լեռներ ու ժայռեր են մագլցում՝ դա լրիվ ուրիշ աշխարհ է՝ ավելի լավ, ադրենալինով ու վախով լի: Սուրեն Ստեփանյանն ասաց, որ նմանատիպ միջոցառումները շարունակական են լինելու և օգնելու են Հայաստանում զարգացնել ժայռամագլցումը։

 

Աննա Բզնունի

3-րդ կուրս

 

Կիսվել