ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ԳՆՈՒՄ Է ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ԳՆՈՒՄ Է ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

139

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրոսական ծրագրերում այս տարի նախատեսվող փոփոխությունների, մեծ պահանջարկ ունեցող մասնագիտացումների, և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մենեմշյանի հետ:

-Նախորդ տարիների համեմատ ի՞նչ փոփոխություններ են սպասվում մագիստրոսական ծրագրերում:

-Մինչև նախորդ տարի Ժուռնալիստիկայի ֆակուլտետն ունեցել է մագիստրոսական 2 ծրագիր՝ «Հասարակայնության հետ կապեր և տեղեկատվական տեխնոլոգիաներ» և «Հաղորդակցություն, մեդիա և հասարակություն»: Ասել է թե բակալավրիատի շրջանավարտը հնարավորություն էր ստանում մագիստրատուրայում մասնագիտանալու PR-ի կամ մեդիա հետազոտությունների ոլորտում: Այս տարի ֆակուլտետի գիտխորհուրդը, հաշվի առնելով դաշտում առկա պահանջարկը, որոշեց ավելի ընդլայնել նեղ մասնագիտացումների թիվը, ինչը հնարավորություն կտա ունենալ մասնագիտացված լրագրողներ տարբեր բնագավառներում: Այսպես. կունենանք նորից երկու մագիստրոսական ծրագիր: PR-ը կմնա, որովհետև պահանջարկը բավական մեծ է, և սա կարծես առանձին ոլորտ է, իսկ երկրորդը կկոչվի «Լրագրություն» և կունենա երեք մասնագիտական բլոկ՝ «Միջազգային ժուռնալիստիկա», «Դատաիրավական լրագրություն», և «Հաղորդակցություն, մեդիա, հասարակություն»: Այսինքն, ֆակուլտետը մագիստրոսական մակարդակում կպատրաստի նաև միջազգայնագետ և դատաիրավական ոլորտի լրագրողների: Եթե այս տարբերակը քննություն բռնի, ապա հաջորդ տարիներին նեղ մասնագիտացումների թիվը կավելանա. նպատակ կա ավելացնելու մասնագիտացումներ, որոնք կառնչվեն մարզական, մշակութային, տնտեսական և այլ ոլորտների լրագրությանը:

–  Նախորդ տարիների փորձը հաշվի առնելով, ժուռնալիստիկայի ֆակուլտետում ավելի շատ մագիստրատուրա դիմում են հենց այս ֆակուլտետի շրջանավարտները, թե՞ այլ ֆակուլտետների ուսանողները:

-Ֆակուլտետի շրջանավարտներն, իհակե, մեծամասնություն են կազմում, մանավանդ որ կրկնվելու վտանգ չկա. նրանք ստանում են նեղ մասնագիտական կրթություն և հավելյալ մասնագիտական հմտություններ: Բայց ամենատարբեր ֆակուլտետներ ավարտած ուսանողները ևս դիմում են. ուսանողներ ենք ունեցել Ռոմանագերմանական բանասիրության, Արևելագիտության, Ռուս բանասիրության, Փիլիսոփայության և հոգեբանության, հայ բանասիրության, անգամ ինֆորմատիկայի  ֆակուլտետներից:

– Իսկ այլ բուհերից ուսանողներ գալի՞ս են մեզ մոտ ուսումը շարունակելու:

-Շատ են դիմում նաև այլ բուհերի շրջանավարտները՝ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանից, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտից և այլն: Պահանջարկը մեծ է, ուսանողների հետաքրքրությունը՝ արդարացված:

 

Հարցազրույցը` Սեդա Գևորգյանի

4-րդ կուրս

Կիսվել