«ՄԱՄԱ ՋԱՆ, ԵՍ ԳՆՈՒՄ ԵՄ ԻՏԱԼԻԱ, ԴՈՒ ԳԱԼԻ՞Ս ԵՍ ԻՆՁ ՀԵՏ». ՏԻԿՆԻԿ

«ՄԱՄԱ ՋԱՆ, ԵՍ ԳՆՈՒՄ ԵՄ ԻՏԱԼԻԱ, ԴՈՒ ԳԱԼԻ՞Ս ԵՍ ԻՆՁ ՀԵՏ». ՏԻԿՆԻԿ

135

Երբեմն մասնագիտությամբ աշխատանք չգտնելը հանգեցնում է ավելի մեծ հաջողությունների և սեփական երազանքիդ ետևից գնալու մտքին: Տիկին Ալլան մասնագիտությամբ ծրագրավորող է, ով արտասահմանից գալով Հայաստան չի կարողացել աշխատանք գտնել, փոխարենը զբաղվել է իր մանկության երազանք-գործով. «2010 թվականին, երբ վերադարձա Հայաստան, մասնագիտությամբ աշխատանք չկարողացա գտնել, քանի որ տարիքս այնպիսին էր, որ ասում էին՝ մորքուր ջան, արդեն շատ մեծ ես: Բնականաբար, 6 ամիս աշխատանք չգտնելուց հետո ինչ-որ բանով պիտի զբաղվեի և վերադարձա իմ մանկության երազանքին՝ տիկնիկներ պատրաստելուն, որը, իհարկե, լուրջ չէի համարում և այդպես սկսեցի զբաղվել տիկնիկագործությամբ»:

Տիկին Ալլան անկեղծացավ, որ տիկնիկներ պատրաստելիս ամենամեծ ոգեշնչման աղբյուր հանդիսանում է մուլտֆիլմեր դիտելը. «Ես շաատ եմ սիրում հայկական մուլտֆիլմեր, կարող եմ անդադար նստել ու Քաջ Նազարը դիտել: Ինձ ամեն բառ, ամեն ժեստ, ամեն ինչ հետաքրքիր է այդ մուլտֆիլում»: Չնայած մուլտֆիլմեր դիտելուն՝ տիկին Ալլան դժվարացավ առանձնացնել որևէ մուլտհերոսի, ում անձամբ ինքը կցանականար կերպարանավորել, եթե երբևէ դրա հնարավորությունն ունենար. «Վա¯յ, անկեղծ ասած երբեք չեմ մտածել և չեմ էլ պատկերացրել, որովհետև ես այդ ամենը կողքից եմ նայում և անալիզ անում, երբեք ինձ էդ մուլտֆիլմերում չեմ պատկերացրել (ծիծաղում է)»:

Տիկին Ալլայի հետ զրույցից պարզ դարձավ, որ մուլֆիլմեր թոռնիկների հետ, թերևս, չի դիտում, քանի որ նրանք շատ փոքրիկ են. «Երկու թոռնիկ ունեմ: Մեծը 1.8 տարեկան է, ինքն արտերկրում է բնակվում, բայց իր հետ նույնպես հայերեն ենք խոսում, հայկական մուլտֆիլմերից իր ամենասիրելին Պույ-պույ մկնիկն է, երբ քնից արթնանում է, ասում է՝ տատա, նայ նա նա նայ ու ես հասկանում եմ, որ պույ-պույ մկնիկի մասին է խոսքը»:

Տիկին Ալլան պատմում է, որ տիկնիկների պատրաստման գործում մեծ է ենթագիտակցական ազդակը, որովհետև երբեք չես կարող իմանալ, թե տիկնիկը ինչ տեսք կունենա, ինչպես ինքն է նշում՝ դա ֆանտաստիկ երևույթ է. «Այս նկարի տիկնիկը ես պատրաստել եմ ենթագիտակցորեն՝ կողքիս կանգնած վարպետին է, փաստորեն նման եղել,  որը, իհարկե, հետո եմ իմանում, երբ տիկնիկը բերում եմ ինձ հետ տղաները սկսում են ծիծաղել և ասում են՝ տիկին Ալլա, էս մեր Սամոնա, նայի ու էդպես նկարեցի Սամոյին իր տիկնիկի հետ»:

Սա, իհարկե ուշագրավ պատմություն չէ, եթե ծանոթանանք Տիկին Ալլայի Թերեզա Տենտորի տիկնիկի պատմությանը, որը կարողացավ մեզ ամբողջովին կլանել իր պատմության մեջ. «Երբեմն, երբ ոչինչ չի լինում անելու, վերցնում եմ տիկնիկներս ու խաղացնում, որ ուրախացնեմ կողքիններիս, և, որ ցույց տամ, թե ինչպես են տիկնիկներն աշխատում: Ստացվեց այնպես, որ մի օր, երբ տիկնիկով էի խաղում՝ Վերնիսաժով զբոսաշրջիկների խումբ էր անցնում, ու հանկարծ մի կին բղավեց՝ իտալերենով անընդհատ կրկնելով՝ «Աստվա´ծ իմ, այդ ե´ս եմ»: Անկեղծ ասած, ես սկզբում ոչինչ չհասկացա և փորձեցի բացատրել, թե ինչպես է տիկնիկն աշխատում: Այդ ժամանակ թարգմանիչը բացատրեց ինձ՝ կինն ասում է, որ տիկնիկն իրեն է նման… Եվ իրոք, իմ պատրաստած տիկնիկը շատ նման էր այդ անծանոթ իտալուհուն: Ուշագրավ է այն, որ ես տիկնիկը պատրաստելիս անգամ չեմ լսել նրա անունը, բայց արի ու տես, որ իրական կերպար եմ ստացել: Հետո պարզվեց, որ նա Իտալիայի Պոդովա քաղաքի տիկնիկային թատրոնի հայտնի դերասանուհի Թերեզա Տենտորին (Tereza Tentori) է, ով նույնպես տիկնիկագործ է, դրա համար էլ թարգմանիչն ինձ ասաց, որ նա ինձնից լավ գիտի, թե տիկնիկն ինչպես է աշխատում, որ անհոգ լինեմ: Այդ ժամանակ կինը տիկնիկին մոտեցրեց իմ ականջին և ասաց՝ «Մամա ջան, ես գնում եմ Իտալիա, դու գալի՞ս ես ինձ հետ»:

Տիկնիկը զբոսաշրջիկներն իրեն նվեր գնեցին, նա անչափ ուրախ էր ու տպավորված: Եկավ, զրուցեց ինձ հետ, մակագրեց տիկնիկի նկարը և գնաց: Հետագայում մենք բավականին մտերմացանք, և նա հիմա ներկայացումներ խաղալիս իր անունից այդ տիկնիկով է հանդես գալիս ու ինձ պարբերաբար հրավիրում Իտալիա, որ ինքս տեսնեմ տիկնիկի հետ նրա բեմելը:

Տիկին Ալլան պատմեց, որ Տիկին Թերեզայի հետ շփումը, կապը պահպանում է. «Նա ամեն տարի գալիս է Հայաստան ինչ-որ ներկայացմամբ և արդեն Վերնիսաժում իրեն գիտեն, հենց գալիս է, բոլորը բղավում են՝ Թերեզան եկավ»:

Տիկին Թերեզան անկախ ամեն ինչից իր ապագան տեսնում է Հայաստանում և մտադրություն անգամ չունի իր գործունեությունը ծավալել այլ երկրներում. «Իմ հայրը զինվորական է եղել: Ես ծնված օրվանից տարբեր երկրներ եմ շրջել, այսինքն ունեմ համեմատելու և հասկանալու շատ բաներ ու դրա հետ մեկտեղ վստահ ասում եմ մնալու եմ Հայաստանում, ինձ սա է ձգում»: Այն հարցին, թե ի՞նչ կա Հայաստանում, որ չի գտել այլ երկրներում, տիկին Ալլան պատասխանեց. «Կարոտը… երբ ամբողջ կյանքում դու շրջագայում ես, այդ կարոտը մնում է մեջդ»:

«Վերջին հետաքրքիր պատմությունն էլ կարող եմ պատմել, որ ամսագիրը տեսա, հիշեցի: Իմ աշխատանքները տարբեր ցուցասրահներում կան: Իմ աղջիկը, երբ գնացել է աշխատանք փնտրելու, տարբեր տեղեր հարցազրույցների գնալու, Արմենիա տուրիստականն ասել է՝ նայիր ամսագիրը, ծանոթացիր նյութերի բովանդակությանը, որ պատկերացում կազմես, թե ինչպիսի նյութեր պիտի գրես: Աղջիկս պատահական բացել է մի էջ ու սկսել ծիծաղել: Նրան հարցրել են՝ ինչի՞ համար ես ծիծաղում, աղջիկս պատասխանել է՝ մայրիկիս տիկնիկներն են նյութում: Ես ինքս էլ տեղյակ չէի, որ նյութ են հրապարակել, երկուստեք զարմանալի է եղել»:

 

Շուշան Սահակյան

4-րդ կուրս

Կիսվել