«ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ, ԿԱՄ ԱՌԱՆՑ ԴՐԱ, ՑԱՆԿԱՑԱԾ ԿՆՈՋ ԿԱՆԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱՏՈՒՐ ՊԱՐԳԵՎ Է». ԼՈՒՍԻՆԵ ԶԻՐՈՅԱՆ

«ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ, ԿԱՄ ԱՌԱՆՑ ԴՐԱ, ՑԱՆԿԱՑԱԾ ԿՆՈՋ ԿԱՆԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱՏՈՒՐ ՊԱՐԳԵՎ Է». ԼՈՒՍԻՆԵ ԶԻՐՈՅԱՆ

77

Չնայած հասարակության մեջ տարածված այն կարծրատիպին, որ կան մասնագիտություններ, որոնք ավելի բնութագրական են տղամարդկանց, և անսովոր է այդ բնագավառում կանանց հանդիպել, ինչպես օրինակ ոստիկանի, փրկարարի մասնագիտությունն է, բայց արի ու տես, որ կան իգական սեռի ներկայացուցիչներ, ովքեր ընտրում են հենց վերը նշվածներից որևէ մեկը: Լուսինե Զիրոյանը խոստովանում է, որ ոստիկան դառնալու ցանկություն դեռևս մանկուց է եղել և նպատակաուղղված գնացել է իր երազանքի ճանապարհով: Ոստիկանի մասնագիտության ընտրության, դրա բարդությունների և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել ենք մեր հերոսուհու հետ:

– Ինչպե ՞ս ընտրեցիք ոստիկանի մասնագիտությունը:

Դեռ մանուկ հասակից մտածում էի աշխատել որևէ պետական կառույցում, քանի որ ինքս իմ պատկերացումների մեջ ուժեղ (խոսքը ֆիզիկականի մասին չէ) աղջկա կերպար էի ստեղծել ով միշտ ցանկանում է օգնել մարդկանց, պաշտպանել թույլերին և, ինչու չէ, շատերին զերծ պահել հանցավոր արարքներից։ Այս ամենը հաշվի առնելով` ես հասկացա, որ ոստիկանն է, ով մարդկանց կողքին է և հասարակության մեջ ապրող յուրաքանչյուրի պաշտպանն է անկախ սեռից, սոցիալական վիճակից և ռասսայական պատկանելիությունից։ Իսկ վերջնական որոշումս կայացրեցի երբ արդեն 9-րդ դասարանում էի, և ինչպես բոլորը, ես էլ մեծ ակնկալիքներով ընտրեցի իմ մասնագիտությունը ու հստակ քայլերով փորձեցի առաջ շարժվել։

-Ոստիկանի մասնագիտությունը համարվում է «տղամարդու մասնագիտություն» կարծրատիպին ինչպե՞ս եք վերաբերվում:

Ես այդքան էլ համամիտ չեմ այս կարծիքի հետ, քանի որ 3 տարվա իմ աշխատանքի փորձը թույլ է տալիս հակառակվելու և նշելու, որ ցանկացած մասնագիտություն, իսկ առավել ևս ոստիկանի գործը կինը կարող է պատվաբեր և արդարացի կերպով կատարել, ինչը սեռի պատկանելիության հետ բացարձակ կապ չունի։

– Ինչպե՞ս եք կարողանում համադրել համազգեստն ու կանացիությունը։

Հետաքրքիր հարց է. իմ կարծիքով և´ համազգեստով, և´ առանց դրա ցանկացած կնոջ կանացիությունը բնատուր տրված պարգև է, որը համազգեստի մեջ ավելի է արտացոլվում և դառնում հետաքրքիր։ Իսկ կանացի լինելու համար շատ բան հարկավոր չէ, պետք է մի փոքր աշխատել ինքդ քո վրա և ամեն ինչ ակներև կլինի։

-Եղե՞լ են դեպքեր, երբ փողոցում համազգեստով տեսնեն Ձեզ և ոչ կոռեկտ արտահայտություններ անեն:  Ինչպե՞ս եք արձագանքում բացասական կարծիքներին:

-Եթե անկեղծ, նմանատիպ դեպքեր դեռ չեն  եղել և հուսով եմ` ինչպես մինչ օրս, այնպես էլ իմ աշխատանքայի ամբողջ ընթացքում  կլսեմ միայն դրական արձագանքներ և բարի խոսքեր։

– Նշեք կարևորագույն 3 հատկանիշ, որ պիտի ունենա այս համակարգում աշխատող ցանկացած մարդ:

 Արդարամտություն, Պատիվ և աշխատանքի նվիրում։

– Կա տեսակետ, որ ոստիկանի մասնագիտությունը հաճախ երկրորդում է անձնական կյանքը: Ի՞նչ կարծիքի եք Դուք:

 Հերքել չի կարելի, քանի որ շատ կանայք անձնվիրաբար նվիրվում են աշխատանքին և մի պահ մոռանում անձնականը, սակայն նաև կան դեպքեր, երբ ստեղծվում են ոստիկանի ընտանիքներ, որը միմիայն գովեստի է արժանի։ Սակայն ես ինքս մտածում եմ, որ աշխատանքը կապ չունի, ամեն ինչ մարդու ձեռքերում է։

– Ինչպիսի՞ն եք Դուք առանց համազգեստի: Արդյո՞ք նույնանում են երկու Լուսինեները այդ երկու կերպարներում։

-Համազգեստով, թե առանց դրա, ես նույն մարդն եմ, ուղղակի կան որոշակի առանձնահատկություններ, որը համազգեստ կրելիս երևում է։ Իհարկե համազգեստը մի փոքր զգոն է դարձնում ինձ, սակայն առանց համազգեստի էլ ես ոստիկան եմ, ով պատրաստ է անտարբեր չանցնել շատ  դեպքերի ու իրադարձությունների կողքով և տալ դրանց էական լուծումը։ Իսկ Ձեր այն հարցին, թե նույնանու՞մ են Լուսինեները, ես կպատասխանեմ՝ այո ամբողջովին։

-Ի՞նչ բարդություններ կան այս համակարգում աշխատողների համար:

-Իմ կարծիքով չկա որևէ մի աշխատանք, որտեղ չլինեն բարդություններ, սակայն դրանք բոլորն էլ աշխատանքային ամենօրյա բնույթ են կրում և ստանում են իրենց եզրահանգումները։

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր ևս որոշել են դառնալ ոստիկան:

-Խորհուրդ կտամ, որ միմիայն սիրով ընտրեն  ոստիկանի մասնագիտությունը և նվիրումով կատարեն իրենց աշխատանքը, քանի որ ոստիկանը՝ հասարակության պաշտպանն է, իսկ մենք` ոստիկաններս անվերապահորեն պետք է պաշտպանենք մեր կարիքը ունեցողներին։

 

Հարցազրույցը` Օֆելյա Իսրայելյանի

4-րդ կուրս

Կիսվել