«ԿԵՆԴԱՆԻ ԴԱՍԱԿԱՆ» ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐ

«ԿԵՆԴԱՆԻ ԴԱՍԱԿԱՆ» ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐ

483

Եթե սեպտեմբերի 26-28-ը Երևանում էիք, այն էլ երթևեկում էիք հանրային տրանսպորտով, իսկ մինչ այդ միշտ բողոքում վարորդների համատարած անճաշակությունից, ուրեմն այդ օրերին կարող էիք ականջակալները տանը մոռանալ: Ավտոբուսներում դասական երաժշտություն էր հնչում՝ կենդանի կատարմամբ:

Ծրագիր-ֆլեշմոբի նախաձեռնողներն այն անվանել էին BuSymphony: Իսկ այդ նախաձեռնողը «Աշոտ Տիգրանյան մշակութային-երաժշտական» հիմնադրամն էր, որը ստեղծել է Հայ-ամերիկյան կամերային միացյալ նվագախումբը: Նվագախմբում, ի դեպ, հայազգի երաժիշտներից բացի ընդգրկված էին նաև օտարերկրացիներ։
«Համոզված եմ, որ նմանատիպ իրադարձություններն իրենց դրական ազդեցությունն ունեն քաղաքացիների վրա, ովքեր շտապում են հանդիպման, դասի կամ աշխատանքի ու մի պահ կարող են հաճելիորեն «շեղվել» դասականությամբ։ Համարձակ քայլը պայմանավորված էր մեր հիմնադրամի հիմնական նպատակով՝ ստեղծելու մշակութային այլընտրանքային հարթակ»,- նշում է մշակութային-երաժշտական հիմնադրամի տնօրեն  Անուշ Քոչարյանը։
Բացի նշված նպատակից, այս նախաձեռնությամբ նվագախումբը նաև հայտնում էր իր գոյության մասին, միաժամանակ երաժշտասերներին նախապատրաստում նոյեմբերին կայանալիք իրենց առաջին համերգին։ Նվագախումբն իր տեսակով բացառիկներից է. դիրիժոր չունի: Համերգի ընթացքում դիրիժորը ջութակով է նվագելու, այդպես է ղեկավարելու նվագախումբը:

Թե զբաղված եք ու համերգին ներկա լինել չեք կարող, հաճախ փնտրեք նվագախումբն ավտոբուսներում ու մի քիչ Մոցարտ, Պուչինի, Պիացոլա կամ Կոմիտաս լսեք, քանի որ կազմակերպիչները վստահեցնում են՝ սա նվագախմբի առաջին, բայց ոչ վերջին հանրային նախաձեռնությունն էր: Առաջինի արդյունքներից էլ գոհ են. նվագախումբը միայն ծափահարությունների է արժանացել:
Եթե կենդանի երաժշտություն չի հնչել ավտոբուսում, որով երթևեկել եք, ուրեմն այն ներառված չի եղել նախապես ընտրված վեց երթուղիների թվում (երթուղիների համարները որևէ տեղ հրապարակված չէին):

 

Վիկտորյա Մարկոսյան

2-րդ կուրս

Կիսվել