«ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ»-Ի ԾԱԽՍԵՐ

«ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ»-Ի ԾԱԽՍԵՐ

124

Այս տարի շրջանավարտների համար «Վերջին  զանգ»-ը կհնչի մայիսի 26-ին։

Շրջանավարտների գլխավոր միջոցառման նախապատրաստական աշխատանքները դպրոցներում սկսվում են դեռևս ուսումնական տարվա կեսից։ Հայաստանում «Վերջին զանգ» կոչվող տոնակատարության նշումը ճոխությամբ չի զիջում Ամանորին։ Իսկ ծախսերը մտահոգության ու դժգոհության առիթ են դառնում ծնողների համար։

Չնայած ԿԳՆ-ն ամեն տարի դպրոցներին հորդորում է զերծ մնալ ավանդական դարձած դրամահավաքներից, սակայն պատկերը ամեն տարի նույնն է։ Այս տարի ևս «Վերջին զանգ»-ի  համար նախատեսված ծախսերը չեն զիջում նախորդ տարիներին։ Արդեն ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից սկսվում է դրամահավաքը։ Բացի ավագ դպրոցների 12-րդ դասարաններից, «Վերջին զանգ» նշում են նաև 9-րդ դասարանները` ծախսերի առումով չզիջելով մեծերին։

Հարցմանը մասնակցած 9-րդ դասարանի շրջանավարտներից պարզ դարձավ, որ այս տարի արարողության համար հավաքում են մոտավորապես 30 հազար դրամ, որն իր մեջ ներառում է` նվեր դպրոցի տնօրենին և ուսուցիչներին, ծաղիկներ, դասարանի ձևավորում, ավարտական նկարների ալբոմ, միանման համազգեստ, միանման կրծքազարդեր, ինչպես նաև արարողությունը նկարահանելու համար հրավիրվող օպերատորներ։ Սա դեռ միայն պաշտոնական մասի համար, որի մեջ չի մտնում ավարտական երեկոյի և ռեստորանի ծախսերը։ Իսկ ավագ դպրոցի 12-րդ դասարանցիները մոտավորապես 40 հազար դրամ են հավաքում, իհարկե առանց ավարտական երեկոյի ծախսերը ներառյալ։ 9-րդ դասարանցիները նշեցին, որ դպրոցի տնօրենին պատրաստվում են գումարի տեսքով նվեր հանձնել ( գումարի չափը չցանկացան նշել), ուսուցիչներին` ծաղիկներ, իսկ դասղեկին ոսկյա զարդ կնվիրեն։ Ծնողներից շատերը դեմ են դրամահավաքին, սակայն նշեցին, որ չեն ուզում երեխաներին ետ պահել այդ հիշվող իրադարձությունից։ Ծնողներից մեկն ասաց, որ գումարը հավաքում է ծնողկոմիտեն և նրանք են գումարի չափը որոշել. «Գումարը հավաքում են  ծնողկոմիտեի անդամները իրենց տանը, քանի որ դպրոցի տնօրենը թույլ չի տալիս դպրոցում դրամահավաք անել, անգամ ծնողական ժողովն ենք ծնողներից մեկի տանը արել»:

Ծնողներից մեկն էլ նշեց, որ չի պատրաստվում այդքան գումար տալ, հնարավորություն չունի և եթե գումարի չափը չիջեցնեն պատրաստվում է թեժ գիծ զանգահարել. « Այդքան գումար դեռ միայն դպրոցի համար են հավաքում, իսկ ռեստորանային ծախսերը դեռ պարզ չի, թե որքան կնստի, իսկ աղջկա դեպքում ավելի դժվար է, դե հասկանում եք վարսահարդարման, դիմահարդարման, երեկոյան զգեստի գումար, էլ չեմ ասում մանր-մունր ծախսերի համար»:

Ծնողներից մի քանիսը նշեցին, որ գումարի չափը, որոշվել է  առավել ապահովված ծնողների կողմից։

Հիշեցնենք, որ  օրեր առաջ ՀՀ կրթության և գիտության նախարարի  պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետարաններին, Երևանի քաղաքապետին և ավագ դպրոցների տնօրեններին` «Վերջին դաս» միջոցառման նպատակով հնարավոր դրամահավաքն արգելելու վերաբերյալ։

 

Սոֆյա Օհանյան

4-րդ կուրս

Կիսվել