«ՊԵՏՔ Է ՇԱՏ ՀՈԳԻ ԴՆԵԼ ԱՄԵՆ ՇԱՐԺՄԱՆ, ՀԱՅԱՑՔԻ, ԺԵՍՏԻ ՄԵՋ». ՍԻԼՎԻ ՄԱՐԴՈՅԱՆ

«ՊԵՏՔ Է ՇԱՏ ՀՈԳԻ ԴՆԵԼ ԱՄԵՆ ՇԱՐԺՄԱՆ, ՀԱՅԱՑՔԻ, ԺԵՍՏԻ ՄԵՋ». ՍԻԼՎԻ ՄԱՐԴՈՅԱՆ

70

Բեմը կյանք է… Այսպես են բնութագրում բոլոր այն մարդիկ, ովքեր բեմում են արդեն շատ երկար տարիներ: Անցած ուղու, պարի մեջ սիրած ոճերի և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցեցինք Swag խմբի պարուհի Սիլվի Մարդոյանի հետ:

Որոշեցի պարով զբաղվել…

-Դեռ վաղ հասակից տարբերվում էի իմ հասակակիցներից շատ նուրբ երաժշտական լսողությամբ: Անդադար շարժվում էի տանը, դրսում, մանկապարտեզում. էներգիաս անսպառ էր և անկառավարելի: Մայրիկս շատ ճիշտ լուծում գտավ ինձ «ուժասպառ» անելու և այդ կուտակված էներգիան ճիշտ ուղղությամբ օգտագործելու համար,  ես գնացի պարի:

Իմ առաջին պարուսույցը…

-Առաջին պարուսույցը կարևորագույն մարդ է յուրաքանչյուր պրոֆեսիոնալ պարողի կյանքում: Նա կրթում և ճանապարհ է հարթում դեպի մեծ բեմեր: Առաջին քայլերս արել եմ Արմեն Մխիթարյանի «Ֆիեստա» սպորտային պարերի ակումբում՝ լատինա-ամերիկյան պարաոճում:

Առաջին բեմելս և ստացած տպավորություններս…

-Դժվարությամբ եմ հիշում առաջին մուտքս մեծ բեմ, քանի որ բավականին վաղ հասակում էի և չէի գիտակցում, որ հենց այս ճանապարհը կընտրեմ: Ինձ համար ամեն բեմելը յուրահատուկ է և ամեն անգամ տարբեր զգացողություններ եմ ունենում, միայն  պատասխանատվության զգացողությունս է անփոփոխ:

Պարը կենսակերպ դարձնելու վճռական քայլը…

-Ինչպես յուրաքանչյուրիս կյանքում, իմ կյանքում նույնպես եկավ մի պահ, երբ որոշեցի ինձ փորձել մեկ այլ ասպարեզում, սակայն հասկացա, որ պարարվեստը ինձ համար լավագույն և անփոխարինելի ինքնաարտահայտման միջոցն է: Պարելիս ես ինձ զգում եմ ինչպես «ձուկը ջրում»:

Դժվարություններ հաղթահարելը պրոֆեսիոնալ պարուհի դառնալու գրավական…

-Ինձ թվում է ես միակը չեմ ով անցել է երկար ճանապարհ կատարելագործվելու և, ի վերջո, պրոֆեսիոնալ դառնալու համար: Բարդություններ շատ են եղել իմ մասնագիտական կյանքում, բայց, կամաց-կամաց հաղթահարելով, հասել եմ պրոֆեսիոնալիզմի ինչ-որ աստիճանի: Ամեն մասնագիտություն, մանավանդ իմը, զարգանում է շատ արագ և պետք է մեծ քայլերով շարժվել հասցնելու համար:

Պարի բնագավառում գրանցած հաջողություններս…

-Հաջողություններս շատ բազմաոճ են. լատինա-ամերիկյան պարաոճում Հայաստանի բաց առաջնության չեմպիոն եմ, ունեմ նաև այլ մեդալներ նույն ոճում, ժամանակակից պարաոճում՝ թե՛ խմբակային, թե՛ որպես մենակատար նույնպես գրավել եմ առաջին տեղը, այժմ պարում եմ Երևանի առաջատար խմբերից մեկում ՝ «Swag» -ում:

Սովորել ու սովորեցնել… Պարելու և պարել սովորեցնելու տարբերություններն ու բարդությունները…

-Մասնագիտական կրթությունս ստացել եմ Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտում՝ պարարվեստի ռեժիսուրա բաժնում: Շատ կարճ ժամանակահատված դասավանդել եմ և ասեմ, որ դա բավականին բարդ և պատասխանատու աշխատանք է: Երբ դու կատարող ես ամեն բան շատ պարզ է և հասկանալի, իսկ երբ  գիտելիքդ ես փոխանցում պարզության մասին անգամ խոսք չի կարող լինել: Յուրաքանչյուր աշակերտին անհատական մոտեցում է հարկավոր: Ուսուցչի թերանալուց աշակերտի գիտելիքը թերի է մնում և ոչ մրցունակ:

Արկածներ, որ պատահել են…

-Արկածներ իհարկե շատ են լինում, ուղղակի իմ դեպքում արկածներ միշտ ինձ հետ են պատահում: Դժվար է հիշել   կոնկրետ մեկը:

Ոգեշնչվել ու կարողանալ ոգեշնչման աղբյուր հանդիսանալ բեմում…

-Ոգեշնչվել կարելի է ամեն քայլափոխին՝ մեր առօրյա կյանքը ինքն իրենով ոգեշնչում է մեզ բոլորիս: Ինձ ոգեշնչում են գույները, բույրերը և, իհարկե, երաժշտությունը: Ամեն արվեստագետ ունի  իր ոգեշնչման աղբյուրը: Ոգեշնչելն ինքն իրենով բարդ երևույթ է, և չնայած դրան, հնարավոր է, բայց միայն մի դեպքում. պետք է շատ հոգի դնել ամեն շարժման, հայացքի, ժեստի մեջ: Չգիտեմ ինչքանով է ինձ հաջողվել ոգեշնչման աղբյուր հանդիսանալ բեմում, բայց կարծում եմ, եթե մինչ այսօր բեմն ինձ ընդունում է, ուրեմն ինչ-որ չափով ինձ դա հաջողվել է: Բեմը անկեղծություն է սիրում, իսկ կեղծավորներին չի ընդունում:

Խորհուրդներ, որոնք ստացել եք պարուսույցներից…

-Լավագույն խորհուրդը, որ կարող է տալ պարուսույցը իր աշակերտին ՝ լինել այնպիսին, ինչպիսին կաս, չլճանալ, չհուսահատվել, ինչ էլ լինի, պետք է շարժվել առաջ առանց ետ նայելու:

Առաջիկա պլաններ…

-Առաջիկա ծրագրերիս մասին ես միշտ փորձում եմ չխոսել: Ժամանակի ընթացքում ՝ ծրագրերս իրագործելուց հետո, կխոսեմ դրանց մասին:

 

Հարցազրույցը` Լուսինե Հովհաննիսյանի

4-րդ կուրս

Կիսվել