ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՅՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ, ՈՐԸ ՏԵՍՆՈՒՄ Է «ՉՏԵՍՆՈՂԸ»

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՅՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ, ՈՐԸ ՏԵՍՆՈՒՄ Է «ՉՏԵՍՆՈՂԸ»

1076

«Ես մի օր հարցրի.

-Սև ե՞ք տեսնում

-Սևը գույն ա… մենք ընդհանրապես ոչ մի բան չենք տեսնում»։

Հասկանալու համար չտեսնողների «տեսածը»՝ երիտասարդ լուսանկարիչ Դավիթ Ներսիսյանը հանդիպել է նրանց հետ, զրուցել, լուսանկարել և հնարավորություն տվել՝ իրենք նկարեն իրենց աշխարհը։ Արդյունքում ստեղծվել է «Մութ տարածություն» խորագիրը կրող նկարների շարքը։ Աշխտանքը սկսել է 1 տարի առաջ և դեռ ամբողջական չէ։ Դավիթը 3 պատմություն է ստեղծել։

Առաջինում Կույրերի Միավորման Երաժշտական Կոլեկտիվի անդամներն են։

Հարկ է նշել, որ 1976 թվականին հիմնադրված կառույցը ներկայումս արմատական փոփոխությունների է ենթարկվել։ ԽՍՀՄ-ում ամեն ինչ այլ էր. անդամները համապատասխանաբար ունեին տուն, աշխատանք, Հայաստանում և արտերկրում ներկայացնում էին իրենց գործերը և արժանանում անվանի մրցանակների։ Այսօր իրենց համար տարեկան տրամադրվում է 4 մլն. դրամ պետական բյուջե և 50 հոգուց յուրաքանչյուրը ստանում է ամսական ընդամենը 5000 դրամ գումար։ Համերգներն էլ մեկ կամ երկու ամիսը մեկ են տեղի ունենում։ Անսամբլում ոչ բոլորն են կույր, ոմանք, ում ձայնի կարիքը եղել է, տեսնող մարդիկ են։

Դավիթը պատմում է, որ գնալով խումբ, շփվելով մարդկանց հետ, հասկացել է, թե ինչ պետք է ստեղծի ինքը։ Սա պատմություն է դոկումենտալ ֆոտոէսսեի ժանրով, որտեղ հերոսներն են իրենց ամենօրյա աշխատանքի մեջ։

Երկրորդ մասը մուլտիմեդիոն հատվածն է։ «Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա….» երգն է՝ զուգահեռ 3 մասով, ուր հերոսները գրում, երգում, տեսնում են այն, ինչը երբևէ չեն տեսել։ «Աշխարհ, որ ինձ ետուր արև…» տողերը կարող են լինել չտեսնող անհատի նոստալգիա. արևը՝ լույսի ու իր տեսնելու ցանկությունը։

Լուսանկարիչը խոռի անդամների միջոցով ծանոթանում է նաև ուրիշ չտեսնող մարդկանց հետ և սկսում այցելել նրանց բնակարնները։

 

«Առաջինը գնացի պարոն Փարեմուզյանի տուն։ Կոմպոզիտորը ժամանակին աշխատել է խոռի հետ, դասավանդել երաժշտություն։ Գնալով իրա տուն՝ ես հասկացա, որ ինքը իր տան մեջ չտեսնելով, բայց իմանալով օբյեկտների դասավորվածությունը, ավելի լավ ա կողմնորոշվում, քան ես։ Խնդրեցի նկարել տան գծագիրը և ստացա իրականի մասին իր պատկերացումը»։

Նկարները դիտողը երկու աշխարհ է տեսնում՝ իրական տունը և չտեսնող մարդու պատկերացումը։ Մի նկարում էլ երկու հերոսներ կան և զարմանալիորեն տունը երկուսի կողմից  պատկերվել է բավականին տարբեր։ Իսկ նա, ով ի ծնե չի տեսել, չի կարողացել նկարել։

Էսքիզները ստանալու համար մեծ աշխատանք է տարվել. սկսել են սովորել կամ վերհիշել գրիչը բռնելու ձևից մինչև տողում գիծ քաշելը։ Որովհետև նրանք չեն օգտվում սովորական գրիչներից։ Ունեն հատուկ գրիչներ և համապատասխան սարքի մեջ դրված թղթի վրա գրում են հակադարձ, որ ճիշտ ընթերցվի։

Մարդիկ կորցրել են իրենց տեսողությունը 5-10 տարեկանից տարբեր պատճառներով։ Նրանց տանը իրերի դասավորվածությունը աշխատում են պահել այնպես, ինչպես իրենք գիտեն։ Դավիթը նշեց, որ իր հանդիպած մարդիկ հիմնականում ունեն ընտանիք, ամուսնացած են, մոտ 30-40 տոկոսն էլ աշխատում է, բայց ինտեգրման խնդիրը դեռ կա՝ հասարակությունը հաճախ չի տեսնում «չտեսնող» մարդկանց։

Այս մարդկանց աշխարհը հաճախ սահմանափակվում է իրենց սենյակով։ Եվ ավելի քան դժվար է իրենց կողմնորոշումը այդ փոքր ու մութ տարածությունում, քան մեզ համար այս լայն ու լուսավոր աշխարհում։

-Սևը գույն ա… մենք ընդհանրապես ոչ մի բան չենք տեսնում…

 

Օֆելյա Մարգարյան

4-րդ կուրս

Կիսվել