ՔԱԲԱԲՉՅԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ

ՔԱԲԱԲՉՅԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ

1619

Առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին… Ես համոզված եմ, որ առանց հողի արվեստագետ չի եղել: Հողի սիրտը գտնվում է մարդու սրտի մեջ: Ամեն ինչ սրտից է բխում, ամեն ինչ սրտով է սկսվում: Իմ խորհուրդ խորինը եղել է իմ սերը դեպի մայր հողն ու ժողովուրդը: Այդ սերը ես արտահայտել եմ արվեստով, որն իմ հոգին է: Ուրիշ հավատ ու սեր ես չեմ ունեցել…Սիրել եմ, անկեղծ եմ սիրել, ինձ եմ տեսել իմ նկարների մեջ: Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես:                                                                                                          

Տեղին է ասված հայ անվանի նկարիչ Մարտիրոս Սարյանի խոսքում՝ համապարփակ ներկայացնելով  արվեստագետի աշխարհն: Իրենց հույզերն, իրենց աշխարհը նկարներում են կերտում նաև նկարիչ եղբայրներն,ովքեր ներկայացրին իրենց առաջին մեծ ցուցահանդեսը:     Մայիսի 14-ին՝ ժամը  18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Արաբկիրի հայորդաց տան գեղանկարչության դասարանի սաներ Գևորգ և Հովսեփ Քաբաբչյանների՝ «Քաբաբչյանների աշխարհը» խորագիրը կրող ցուցահանդեսը: Աշխարհ, որ չափազանց հարուստ է ու հետաքրքիր: Ի վերուստ նրանց տրված է շնորհ, որը եղբայրներն ուսումնառության տարիներին աստիճանաբար զարգացրել են՝ միաժամանակ իրենց ներաշխարհը փոխանցելով թղթին: Նրանք 6 տարեկանից մինչ օրս հաճախում են Արաբկիրի հայորդաց տուն՝ պարբերաբար մասնակցելով  ԱՀՏ-ում կազմակերպվող ցուցահանդեսների ու մրցույթների: Եղբայրների նախընտրելի թեման կենդանական աշխարհն ու բնությունն է: Կապը բնության հետ ակնհայտ է:Տղաների սերն ու կապվածությունը բնության հետ այնքան սերտ է, որ հրաշալի կերպով արտահայտվում է նրանց գործերում: Յուրաքանչյուր անհատ, թերևս, չպետք է մոռանա, որ բնության անբաժան մասնիկն է, իսկ Գևորգն ու Հովսեփը շարունակ հիշեցնում են դա իրենց իսկ ստեղծած նկարներով:Աշխատում են հիմնականում պաստելով ու յուղաներկով՝ իրենց բնորոշ հատուկ տեխնիկայով, որը տարիների ընթացքում կատարելագործվել է: Գևորգն արդեն իսկ ընտրել է մասնագիտական ուղին, և չնայած այն հանգամանքին, որ  ոչ նկարչությունը, այնուամենայնիվ, նա, ով իր մեջ կրում է արվեստը, ցանկացած ուղի առավել վստահ կանցնի:

Ցուցահանդեսին ներկա էին տղաների հարազատներն, ընկերները, ուսուցչուհին: Վերջինիս սաներն իրենց առանձնահատուկ ուղին են կերտել, և եթե անգամ չեն ընտրել նկարչի մասնագիտությունը, ժամանակ առ ժամանակ իրենց հույզերն արտահայտում են նկարչության միջոցով:Ուսուցչուհին նշեց, որ ողջ ստեղծագործական ուղին միասին են անցել: Գևորգն այս տարի ավարտելու է, իսկ Հովսեփը դեռ կշարունակի: Նա նշեց նաև սաների ստեղծագործական առանձնահատկությունները: Առաջին հայացքից թվում է՝ միանման են աշխատում, սակայն,մի փոքր ուշադիր լինելով, նկատում ես՝  Գևորգի մոտ «ուժեղ» գույներ են,ավելի վստահ արված, իսկ Հովսեփի մոտ հուզականն ու ռոմանտիզմն առավել շատ են: Նույն մանուշակագույնը, եթե ուշադիր լինենք, Գևորգի մոտ շատ վստահ ու մուգ է արված,իսկ Հովսեփի գործերում՝ մեղմ ու թույլ: Գևորգը յուրաքանչյուր մասնիկի վրա մանրակրկիտ աշխատում է, իսկ եղբայրն ավելի թեթև է պատկերում:                                                                                                                                                                          Հայորդաց տան տնօրենն էլ իր հերթին ավելացրեց, որ տղաներին առանձնացրել է առաջին իսկ օրվանից ու կարծում է, որ նրանց ամենամեծ աշխատանքը, որ երբևէ չի մոռացվի, ծնողների դեմքին դրոշմված հպարտությունն ու պարծանքն է ու ցանկացավ, որ այն հարատև լինի:

Ոսուցչուհիներից մեկն էլ ասաց, որ եթե բոլորն այսօր տեսնում են նրանց ներկայացրած աշխատանքներն, ապա իրենք եղբայրների ամենօրյա տքնաջան աշխատանքն են տեսնում՝ լուռ, խաղաղ, աննկատ, սակայն արդյունքն այսքա՜ն ակնհայտ:

Նկարներից մեկը՝ «Պանդան», այս տարի՝ մայիսի 5-ին, մասնակցեց Փարիզում կայանալիք «Նկարել խաղաղություն» միջազգային մրցույթ-փառատոնին ու ճանաչվեց հաղթող: Հեղինակը  12-ամյա  Հովսեփն է, ով այնքան վարպետորեն է պատկերել կենդանուն, որ հեռվից նայելիս ասես իրական լինի, սակայն ստեղծվել է գունային ճիշտ համադրության ու պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ:

Երբ դիտում ես նկարներն, առաջին իսկ պահից հայացքդ կանգ է առնում ցուցահանդեսում ներկայացված միակ սև-սպիտակ գունավորմամբ աշխատանքին: Հեղինակը Գևորգն է, ով ի պատասխան մեր հարցի , նշեց, որ միայն ներկայացված նկարների մեջ, այլ ընդհանրապես, այն միակն է ու ստեղծվել է ուսուցչուհու հանձնարարությամբ՝ ստանալ նկար երկու գույնի միջոցով:

Հովսեփն էլ հավելեց, որ կապված է ու շատ է սիրում բնությունն ու կենդանիներին, և դա է պատճառը, որ հոգեհարազատ է համարում այդ թեմատիկայով նկարելը: Փորձեցինք հասկանալ. արդյո՞ք հետագայում հնարավոր են նկարներ այլ թեմայով : Նայեց նկարներին, ժպտաց ու առանց վարանելու վստահ ասաց. «Ո՛չ, միայն դա»:

Ցուցահանդեսն անցավ բավականին ջերմ ու հաճելի միջավայրում: Ի հիշատակ իրենց առաջին մեծ ցուցահանդեսիոր տեղի է ունեցել ոչ հայորդաց տանը, «Նարեկացի» արվեստի միության կողմից տղաները ստացան հուշանվերներ՝ խորհրդանիշ նռան տեսքով:

Գույնն իսկական հրաշք է, արևի լույսի համադրությամբ  այն ստեղծում է ձևի ներքին բովանդակություն և արտահայտում է տիեզերական գոյության էությունը:

 

Արաքսյա Սահակյան

3-րդ կուրս

Կիսվել