ԴԱՎԻԹ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՆԿԱՐՉԻ ԱՇԽԱՐՀԸ

ԴԱՎԻԹ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՆԿԱՐՉԻ ԱՇԽԱՐՀԸ

3132

Արվեստը նախևառաջ ներդաշնակության

ծնունդ է` մարդ-տիեզերք, հոգի-բնություն

Դ. Դանիելյան

 

Վառ գույներ, երևակայություն, դետալներ, պատկերներ. 25-ամյա երիտասարդ նկարիչ Դավիթ Դանիելյանի աշխարհն է։ Միշտ նշում, որ ինքը և բոլոր նկարիչները երկու աշխարհ ունեն։ Դրանցից մեկում կա անկեղծություն, գույներ, հարազատ զգացողություն. այն  նկարչի աշխարհն է, և մյուսը՝ սովորականը, ուր ապրում են, շփվում, արարում ինչ-որ բան իրենց հարազատ աշխարհի ներկապնակով։

Ստեղծագործում է աբստրակտ ոճում՝ երևակայական կտավներում ամողջությամբ արտահայտելով իր հոգեվիճակը.

«Բոլոր գույներն իմ հոգու գույներն են՝ իմ աշխարհից վերցված։ Ես տեսիլքների տեսքով տեսնում եմ դրանք և փոխանցում կտավին։ Ընթացքում, կարծես սիրտս ուղեղի միջոցով կառավարում է ձեռքերս։ Ու լինում է, որ ես էլ եմ զարմանում վերջում. պրոցեսը հիպնոսի է նման»։

Նկարիչը ծնվել է Կապանում, գեղանկարչի ընտանիքում։ Հայրը՝ Հրանտ Դանիելյանը դարձել է նրա առաջին ուսուցիչը։ Հիշում է, որ ամբողջ օրը անցկացրել է իրենց արվեստանոցում, երբեմն՝ խանգարել հորը։ Անգամ իր դիմանկարն է նկարել այդ տարիքում, համարում է շատ անկեղծ նկար, թեև բացարձակ նման չի եղել իրեն։ Հետո պիտի հասկանար, որ հենց այդ շրջանն էդարձել իր առաջին դպրոցը։

«Այն մասնագիտությունից վերածեցի իմ կյանքի, հոգու արտացոլանքի։ Իմ ստեղծագործություններին չեմ նայում որպես նկարների․դրանք երեխաներս են, որոնցով ապրում եմ։ Ներսիս խաղերն են, գույներն են՝ ջրի երես դուրս եկած»,- կիսվում է Դավիթը։

Ոգեշնչման աղբյուրները շատ են՝ բնությունը, մարդը, սերը, լավ ու անգամ վատ խոսքը։ Հոգում կուտակված գույներն ու դետալները Դավիթը արվեստասերին փոխանցում է նաև երկտողերի միջոցով։

Վառ երևակայությամբ, նուրբ դիտողականությամբ և երևակայական ազատությամբ ամփոփվում է Դավիթ Դանիելյան նկարչի աշխարհը։

 

Օֆելյա Մարգարյան

4-րդ կուրս

Կիսվել