«ԵՍ ՄԵԾ ՆԿԱՐԻՉ ՄԸ ՉԵՄ, ՆՇԱՆԱՎՈՐ ԻՆՉՊԵՍ ՍԱՐՅԱՆԸ». ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ 95-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ

«ԵՍ ՄԵԾ ՆԿԱՐԻՉ ՄԸ ՉԵՄ, ՆՇԱՆԱՎՈՐ ԻՆՉՊԵՍ ՍԱՐՅԱՆԸ». ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ 95-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ

40

«Ես մեծ նկարիչ մը չեմ, նշանավոր ինչպես Սարյանը, այդպես չէ, ամեն մարդ չի կրնա մեծ ըլլալ, ամեն գրող չի կրնա Չարենց ըլլալ: Ինձ համար իմ չափովս աշխատում եմ, նկարում, ու մարդիկ հավատում են, դժգոհ չեմ կյանքիցս». սրանք Հայաստանի ժողովրդական գեղանկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Ս. Մեսրոպ Մաշտոց, Հայ եկեղեցու Ս.Սահակ և Ս. Մեսրոպ շքանշանակիր Հակոբ Հակոբյանի խոսքերն են:

Հ. Հակոբյանը (ծնվել է 1923թ. Ալեքսանդրիայում) մասնագիտական կրթությունը ստացել է Կահիրեի գեղարվեստի (1944-48) և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում (1952-54)։ Հայրենիքում նրա մասին տեղեկացել են մամուլից և այն նկարներից, որ նա 1960 թվականին ընծայել էր Հայաստանի պետական պատկերասրահին։ 40 տարեկանում նկարիչն առաջին անգամ գալիս է Հայաստան ու մինչ կյանքի վերջը (2013 թ. մարտի 8) մնաում իր հայրենիքում: «Օտարությունից եմ եկել իմ հայրենիք: Սա նշանակում է, որ Հայաստանն իմ վերջին հանգրվանն է»,- ասել է նա:

Հայաստանում մեկը մյուսին հաջորդում են նկարչի անհատական ցուցահանդեսները, նա մասնակցում է տասնյակ ու տասնյակ միջազգային ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսներ է ունենում արտասահմանյան բազում երկրներում, արժանանում է պատվավոր մրցանակների և բարձր պարգևների: «Հայաստանն անվերջ նյութ է նկարչի համար. ամեն մեկն իր գույնն է վերցնում: Ես վառ գույների նկարիչ չեմ»,- ասել է նկարիչը:

Հակոբյանը իր ստեղծագործական առաջին շրջանում ստեղծել է նատյուրմորտներ, որտեղ շեշտված են տխրության ու առանձնության զգացմունքները։ Օտարության մեջ ապրելու տարիներին Հակոբյանը հիմնականում նկարել է թեմատիկ նկարներ, ուր յուրահատուկ ուժով ու նրբությամբ ընդանրացրել է հայրենիքից հեռու ապրող իր հետեղեռնյան սերնդակիցների հոգեվիճակը։ Բնանկարների ենթատեքստում շոշափելի են անհանգիստ ժամանակից բխող լարվածության ու տագնապի զգացմունքները։

«Ես օժտված չեմ գունային մեծ դիապազոնով, ինչպես, օրինակ, Սարյանը, Մինասը, Կալենցը: Իմը շատ սահմանափակ դիապազոն է` սպիտակ, մոխրագույն, օխրա… այդպես: Եթե փորձեմ կարմիր- կապույտ` չի ստացվի, կեղծ բան կըլլա: Բայց երբ ես նկարում եմ սևով, սպիտակով, օխրայով, մարդիկ սա ընդունում են: Սա իմ նկարչությունն է»,- ասել է Հ. Հակոբյանը:

Մարտիրոս Սարյանը Հակոբ Հակոբյանի մասին ասել է. «Նա կարողանում է զրուցել բնության հետ»:

 

Նաիրա Պետրոսյան

3-րդ կուրս

Կիսվել