2016 ԹՎԱԿԱՆԻՆ 428 ՍԻՐԻԱՀԱՅ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ

2016 ԹՎԱԿԱՆԻՆ 428 ՍԻՐԻԱՀԱՅ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ

588

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ սիրիահայերի հիմնախնդիրների վերաբերյալ: Հյուրընկալվել էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանը, «Սիրիահայերի միություն» ՀԿ նախագահ Ներսես Քիվոն և համակարգող Հրայր Մկրտչյանը: Օրակարգում սիրիահայերի առջև ծառացած խնդիրների քննարկումն էր, մասնավորապես` նրանց աջակցմանը, հասարակական-տնտեսական ինտեգրմանը և ֆինանսավորմանը վերաբերող հարցերը: Սերժ Սրապիոնյանն անդրադարձավ Սիրիայի Արաբական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչ Ժիրայր Ռեիսյանի՝նախօրեին տարածած հայտարարությանը, համաձայն որի՝ Հալեպում իրավիճակը կայուն է, խուճապ չկա, իսկ այն լուրերը, թե գոյացել են մարդկանց խմբավորումներ, ովքեր ցանկանում են տեղափոխվել Հայաստան, սակայն նրանց տեղափոխող չկա, չեն համապատասխանում իրականությանը: «Մեզ հետ հեռախոսազրույցում Ժիրայր Ռեիսյանն ասաց, որ այս պահին հայկական թաղամասերի ուղղությամբ խաղաղություն է, և ինքը ընկերների հետ խաղաղ անկյուններից մեկում նստած սուրճ է խմում»: Սերժ Սրապիոնյանը նաև տեղեկացրեց, որ հոկտեմբերի 17-ին Սիրիաից Հայաստան կժամանի 27-հոգանոց խումբ:

Ցանկանու՞մ են, արդյոք, սիրիահայերը տեղափոխվել հայրենիք, ինչպիսի՞ն են նրանց համար կեցության պայմանները Հայաստանում, և քանի՞ սիրիահայ է տեղափոխվել Հայաստան 2016 -ին: Այս հարցերին պատասխանեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանը՝ ընդգծելով, որ շրջանառվող լուրերը Սիիրիայից Հայաստան տեղափոխված հայերի մասին հաճախ չափազացված են. «Որոշ սիրիահայեր իրենց ֆինանսական միջոցներով են տեղափոխվում հայրենիք, իսկ մենք աջակցում ենք բոլոր նրանց, ովքեր ունեն ֆինանսական խնդիրներ: Մեր կենտրոնի տվյալներով՝ 2016 թվականին 428 սիրիահայ է տեղափոխվել Հայաստան: Անցյալ ամիս երկու սիրիահայ ընտանիք կես տարի Հայաստանում մնալուց հետո վերադարձավ Հալեպ»:

Հայաստանից հեռանալը սիրիահայերը պատճառաբանում են ֆինանսական պայմանների թերություններով: Հաճախ սիրիահայերը, Հայաստանում ապահովված լինելով անհրաժեշտ կենսապայմաններով, բողոքի ձայն են բարձրացնում և խնդրում իրենց նոր տարածք տրամադրել բնակության համար: Այդպիսի մի դեպք ներկայացրեց Սերժ Սրապիոնյանը՝ չցանկանալով նշել այդ սիրիահայի անունը. «Սիրիահայերից մեկին անձամբ ուղարկել եմ Արմավիրի մարզի գյուղերից մեկը: Նրան տրամադրվել է 4 սենյականոց առանձնատուն, 3000 քառ. մ տարածքով պտղատու այգի: Երկու օր հետո մարդը եկել է, ասում է՝ ճանապարհները բարեկարգ չեն, ինձ դուր չեն գալիս, ինձ տարեք, ավելի հարմար տեղ տեղավորեք: Սիսիան, Աբովյան, Արզնի, Երևան, Արմավիր, Շիրակ, Սպիտակ: Յոթերորդ անգամ սիրիահայ այդ անձը, որի անունը չեմ ուզում տալ, և որը շատ հաճախ է աղմուկ բարձրացնում մամուլի առաջ, չի հարմարվում պայմաններին: Ուզում եմ ասել, որ այսպիսի դեպքեր էլ են լինում, բայց չենք բարձրաձայնում՝ հաշվի առնելով հոգեբանական խնդիրներ»:
Սիրիահայերը Հայաստանում նաև զբաղվում են բիզնեսով: Սակայն նրանց մեծ մասի Սիրիա վերադառնալու պատճառներից մեկն էլ տեղացիների կողմից բիզնեսում խաբեության զոհ դառնալն է: Պատճառը նրանց՝ Հայաստանում գործող օրենքներին ծանոթ չլինելն է: Իրավիճակը շտկելու համար Սփյուռքի նախարարությունը դիմել է Հայաստանի իրավապահ մարմիններին, որի արդյունքում հրատարակվել են երկու գրքույկներ՝ «Իրավական օգնություն սիրիահայերին» և «Իրավական օգնություն բիզնես սկսողին» վերնագրերով, որոնք անվճար բաժանվել են բիզնես սկսել ցանկացող սիրիահայերին:

Սերժ Սրապիոնյանը նաև անդրադարձավ «Հալեպ» հայրենակցական-բարեսիրական ՀԿ-ի հայտարարությանն այն մասին, որ 600 հալեպահայեր ցանկանում են տեղափոխվել Հայաստան, և նրանց անհրաժեշտ է ֆինանսական օգնություն: Հալեպահայերին ֆինանսական օգնություն տրամադրելու հայտարարությամբ հոկտեմբերի 9-ին հանդես է եկել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի ղեկավար Ռուբեն Վարդանյանը: Սերժ Սրապիոնյանի խոսքերով՝ այն օդի մեջ արված, անհիմն հայտարարություն է. «Այդ գործընթացն այս պահին ոչ մի փուլում էլ չէ: Դա հայտարարություն էր օդի մեջ: Դիմեք Ռուբեն Վարդանյանին, թող նա ձեզ տա այն 600 հոգու ցուցակը, որոնց համար նա պատրաստ է տոմս գնել և բերել Հայաստան: Եվ, թող ների ինձ Ռուբեն Վարդանյանը, բայց նրա հայտարարության մեջ էլ վրիպում կա: «Հալեպ» հայրենակցական-բարեսիրական ՀԿ-ն թող այդ 600 հոգու ցուցակը տա մեզ, մենք պարաստ ենք նրանց բերել Հայաստան, իսկ Ռուբեն Վարդանյանը թող նրանց մի տարի պահի Հայաստանում: Ես կարծում եմ, որ դա անհիմն հայտարարություն էր, որովհետև չկար այն օբյեկտը, որի հանդեպ այդ հայտարարոթյունը պիտի արվեր»:

Նելլի Պետրոսյան

2-րդ կուրս

Կիսվել