ՄԵԿ ՕՐ ՖՐՈՒՆԶԻ ՀԵՏ

ՄԵԿ ՕՐ ՖՐՈՒՆԶԻ ՀԵՏ

1804

Մի առիթով Ֆրունզն ասել է․ «Ես երբեք մտերմություն չեմ փնտրել այն մարդկանց հետ, ում խղճի վրա մի փոշու հատիկ էլ չկա ծանրացած: Ինձ միշտ թվացել է, թե այդ մարդիկ թանգարանում պահվող իրերի նման են, որոնցով կարելի է հիանալ, բայց որոնց մեջ ապրելն անհնարին է»: Տարիներ հետո արվեստագետի թանգարանի բացման 10 ամյակի առիթով տասնյակ մարդիկ պիտի շտապեին նրա ծննդավայր՝ մտերմություն փնտրելով թանգարանում ապրող նրա հոգու հետ և ոչ միայն հիանալու համար։

Սեպտեմբերի 17-ին «Դիջիթլ Փոմըգրանեթ» ընկերությունը Գյումրիում կազմակերպել էր «Մեկ օր Ֆրունզի հետ» խորագիրը կրող փառատոն` նվիրված Մհեր Մկրտչյանին: Կազմակերպիչները Հայաստանի տարբեր քաղաքներից գնացքով ժամանող երիտասարդներին դիմավորեցին Գյումրիի երկաթուղային կայարանում։

Երկաթուղային թանգարանին և այնտեղ բազմած քաղաքի ամենահաստաբուն ծառին ծանոթանալուց հետո կազմակերպիչները քայլարշավ էին նախատեսել հյուրերի համար, որի ընթացքում փառատոնի մասնակիցները ծանոթանում էին Գյումրու փողոցներին, պատմություն ունեցող տներին, կառույցներին։

Հյուրերը  երկարատև կանգառներ ունեցան «Մեր մանկության տանգոն» ֆիլմի նկարահանման բակերում:

Օրակարգում էր նաև «Այցելիր Գյումրի» կայքի և «Մհեր Մկրտչյանի հուշաթանգարանի» կայքի շնորհանդեսը (visitgyumri.com և frunzikmuseum.com): Բացառիկ հնարավորություն էր ընձեռված՝ դիտելու Ֆրունզիկ Մկրտչյանին նվիրված Հովհաննես Պապիկյանի հեղինակած ֆիլմը, որտեղ  ներառված էին հանրությանը չներկայացված կադրեր Ֆրունզի անձնական և ընկերների արխիվներից։

Հյուրերը այցելեցին Մկրտչյանի թանգարան, որտեղ ցուցադրված են մեծ դերասանի բեմական հագուստներն ու իրերը, տարբեր ֆիլմերում («Նվագախմբի տղաները», «Մեր մանկության տանգոն», «Միմինո», «Ալի Բաբան և քառասուն ավազակները», «Հին օրերի երգը»,«Այբոլիտ-66») օգտագործված ռեկվիզիտներ։

Թանգարանի հավաքածուների մեջ մեծ արժեք ունեն կոմոդը՝ «Մեր մանկության տանգոն» ֆիլմից, տակառիկը՝ «01-99» ֆիլմից, իրեր՝ «Նվագախմբի տղաները» ֆիլմից։ Այստեղ կարելի է տեսնել մեծ դերասանի պարգևներն ու նվերները, նրա մասին պատմող լուսանկարներ, գրքեր, անձնական իրեր։ Թանգարանում կա տաղանդավոր արտիստի կյանքի և ստեղծագործական գործունեության հետ կապված 270-ից ավելի լուսանկարներ։ Պահպանվել է Մհեր Մկրտչյանի ձեռքով արված ծաղրանկարներ, պատկերներ, նամակներ, փաստաթղթերի նմուշներ։

Օրվա վերջում թանգարանը իր շարքերը համալրեց «Հին օրերի երգի» ֆիլմից փոստատար Նիկոլի (մարմնավորում է Մկրտչյանը) նամակների պայուսակով։

Երևանից ժամանած Նաիրա Առաքելյանը, բառեր չգտնելով, ասաց, որ տպավորությունները միմիայն դրական ու հաճելի են, իր խորին շնորհակալությունը՝ կազմակերպիչներին՝ շատ գեղեցիկ, բովանդակալից, ջերմ ու անմոռանալի օր պարգևելու համար։

Փառատոնը եզրափակեցին գյումրեցի երիտասարդ արվեստագետները, որոնք Street Art ոճի մեջ ներկայացում էին պատրաստել։ Արդյունքում ստացան պատկերներ Ֆրունզիկի դեմքով: Մասանակիցներին քաղաքապետարանի շենքում հյուրընկալեց Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը։

Երեկոյան գնացքով «ֆրունզիկացած» հոգիները շտապեցին իրենց բնակության վայրեր։

 

Նազենիկ Սարոյան

2-րդ կուրս

7ee4a9051285e02260988a932ace02de frunzikmuseum img_7385-768x1024

Կիսվել