ՀԱՅԿԱԿԱՆ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆԸ»

ՀԱՅԿԱԿԱՆ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆԸ»

341

Արդեն երեք տարի է, ինչ «Սոսե» միջազգային  կինոփառատոնը միավորում է հայ և արտասահմանյան ռեժիսորներին։

Այս տարի այն կայացավ սեպտեմբերի 23-ին և մեկնարկը տրվեց Ռոման Վոլշակի և Անդրանիկ Դավթյանի «Օդեսան այնպես, ինչպես կա» ֆիլմի ցուցադրությամբ։

Փառատոնի նախագահ Ռիտա Խալաթյանը նշեց, որ ծրագրի  հիմնական  թեման կնոջ դերն է՝ հասարակությունում և ընտանիքում, նրա համար կարևոր արժեքները,

իրավունքներն ու խնդիրները։

«Այս տարի ռեժիսորները ընդգծել են  միայն կնոջ թախծոտ կողմը՝ ընկճված,միայնակ վիճակը,ինչը մտահոգիչ է»,-ասաց ՀՀ վաստակավոր արտիստուհի Կ․Ջանջուղազյանը։

Բացի հիմնական «Բովանդակությունը՝ կին» թեմայից, ծրագրում կային ևս երկուսը՝ «Հատուկ» բաժինը, որը ներառում էր «H2O» և «Անկախություն» թեմաները և «Ուսանողական»-ը։

Միջազգային կինոփառատոնի շրջանակներում ներկայացվեցին 104 աշխատանքներ՝ 38 երկներից։ Ամենաշատ ֆիլմերը ներկայացված էին ԱՄՆ-ից,Ռուսաստանից և Ֆրանսիայից։ Հայաստանից ընտրվել էր 12-ը։

Ի տարբերություն նախորդ երկու տարիների՝ ցուցադրվեցին ինչպես կարճամետրաժ,խաղարկային և վավերագրական,այնպես էլ լայնամետրաժ ֆիլմեր։Աշխատանքները գնահատում էին ժյուրիի ինը անդամները,որնց թվում էին կինոգետ Անիտա Երզնկյանը, դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը և դերասան Դավիթ Հակոբյանը։ Իսկ ահա օտարազգի ռեժիսորները իրենց ընտրությունը կատարել են օնլայն տարբերակով։

Կինոփառատոնում ուսանողների մասնակցությանը նպաստում էր խրախուսական մրցանակը՝ «Լավագույն ուսանողական աշխատանք» անվանակարգում հաղթող հայ ռեժիսոր ուսանողի մեկ տարվա ուսման վարձը կհովանավորեր կինոփառատոնը, իսկ արտերկրում սովորող ռեժիսոր ուսանողին տրվեց պատվոգիր։

Այս անվանակարգում  հաղթեց «Հասթի» ֆիլմը՝ Իրանից։

Հաղթող մասնակիցները ստացան խորհրդանշական մրցանակ՝ արձանիկ՝ կնոջ մարմնով։

«Այս արձանիկը ներկայացնում է կնոջ հմայքը,էներգիան, կյանքը շարունակելու առաքելությունը»,- ներկայացրեց արձանի հեղինակ Արմեն Սահակյանը։

Հայաստանում իրենց աշխատանքների ցուցադրմանը ներկա էին  օտարազգի ռեժիսորներից միայն մի քանիսը,ինչի պատճառը ֆինանսական միջոցների բացակայությունն էր․«Ամբողջ աշխարհի խնդիրն է սա»,- ժպիտով հավելեց Դավիթ Հակոբյանը։

Ներկա էր կանադահայ ռեժիսոր Դիանա Սկայան, ում Հայաստան բերեց հենց  «Սոսե»-ն,սակայն կցանկանար շփվել մյուս աշխատանքների հեղինակների հետ․«Լավ կլիներ, որ քննարկեինք մեր ֆիլմերը, իմանայի՝ իրենք ինչու են եկել»,-նշեց ռեժիսորը։

Ոչ մի անվանակարգում հայ ռեժիսորի ներկայացրած ֆիլմ չհաղթեց՝ չնայած արժանիները քիչ  չէին․«Կային լուրջ ֆիլմեր ու նայելու արժանի աշխատանքներ»,-նկատեցին ժյուրիի անդամները։

Կինոփառատոնը շարունակելու է ընդլայնել իր աշխարագրությունը և Հայաստան բերել նոր ֆիլմեր՝ նոր խոսքով։                                                                                                                                          

Գայանե Պողոսյան

3-րդ կուրս

Կիսվել