«Ո՞Վ ԵՄ ԵՍ»

«Ո՞Վ ԵՄ ԵՍ»

401

«Ո՞վ եմ ես» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ նոյեմբերի 4-ին «Հոդված 3» ակումբում: Ցուցահանդեսի հեղինակը ազգությամբ թուրք լուսանկարիչ Ումութ Վեդաթն է, ով փորձում է Թուրքիայում վեր հանել պատմության և ճշմարտության բախման խնդիրը: Լուսանկարներում ներկայացված են Թուրքիայում գտնվող հայկական մշակութային ժառանգության նմուշներ: Ավերման եզրին գտնվող հուշարձաններ, պահեստի կամ մեքենայի կայանատեղի վերածված հայկական եկեղեցիներ:

«Ինչպես մարդկանց մեծամասնությունը, ես ևս ստիպված էի սովորել պետության կողմից մշակված պատմության դասագրքերով` պատմության մի մեխանիզմ, որ պարտադրում է կամ մոռանալ ու վերացնել, կամ մերժել ու արհամարհել ճշմարտությունը։ Ցուցահանդեսն իմ չորս տարվա աշխատանքի, ինքնության փնտրտուքի և պատմության մյուս կողմը բացահայտելու ջանքերի ամփոփումն է»,- նշում է հեղինակը ։

Ումութը մի քանի տարի շարունակ մասնակցել է Հայաստանի և Թուրքիայի լրագրողների, ակտիվիստների փոխանակման ծրագրերի(բաստուր) և հենց այդ ժամանակ էլ կասկածի տակ է դրել իր սովորածը: Սկսել է պատմություն ուսումնասիրել, ճանապարհորդել է Արևմտյան Հայաստանում, եղել լքյալ տարածքներում և տեսել ցեղասպանության հետևանքները: 2006 թվականի ապրիլի 24-ին նման ցուցահանդես է կազմակրպել նաև Ստամբուլում: Հեղինակը նշեց, որ կարևոր է նման ցուցադրություն ունենալ Երևանում, բայց առավել կարևոր է նման ցուցադրություն կազմակերպել նաև Բաքվում:

«Հոդված 3» ակումբի տնօրեն Գայանե Աբրահամյանը ընդգծեց.

«Մեզ համար, իհարկե, շատ կարևոր է, որ Ումութը ներկայացնում է հայկական մշակույթի այն ժառանգությունը, որ մնացել է ընդհանրապես Թուրքիայում, բայց «Հոդված 3» ակումբի համար, որի նպատակն է բարձրաձայնել մարդու իրավունքների խնդիրները, կարևոր է Ումութի նաև բնապահպան-ակտիվիտ լինելը: Գիտենք, թե այժմ Թուրքիայում ինչ քաղաքական իրավիճակ է և այս իրավիճակում այնտեղ ակտիվիստ լինելը կրկնակի մարտահրավեր է ցանկացած գործչի համար»:

Այժմ Ումութը ֆիլմ է նկարում, որով փորձելու է ցույց տալ, թե ինչպես է նա՝ որպես Թուրքիայի քաղաքացի, բացահայտել ճշմարտությունը և թե ինչպիսին է իրական կրթական համակարգը ներկայիս Թուրքիայում: Ցուցահանդեսը հնարավորություն էր լուսանկարչի համար ներկայացնելու նաև ֆիլմի նախնական տարբերակը և առաջրություններ լսելու հայերի կողմից, թե ի՞նչ կուզեին տեսնել ֆիլմում:

«Ես գիտեմ՝ ինչպես են թուրքերը մտածում, ինձ պետք չէ նրանց կարծիքը նորից լսել: Գիտեմ՝ ինչպես է մեծամասությունն արձագանքելու, բայց ուզում եմ ֆիլմով որոշ հարցել դնել, որոնք փոփոխության կտանեն»,- նշեց նա:

Ցուցահանդեսի ներկաներից Հերմինե Վիրաբյանը մեզ հետ զրույցում նկատեց.

«Նման նախագծերի և նման անհատների շնորհիվ մենք մի օր կհասնենք նրան, որ մարդկանց գիտակցությունը կփոխվի և մարդիկ ատելություն ու թշնամանք չեն զգա միմյանց նկատմամբ: Մենք կհասկանանք, որ մեր առջև մեր նման հասարակ քաղաքացի է, այլ ոչ թե թշնամի, ինչպես որ մեզ ներկայացնում և քարոզում են»:

Այստեղ ներկայացված էին նաև հեղինակի ցույցերի և բնապահպանական թեմաներով արված լուսանկարները: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 17-ը:

 

Նանե Պետրոսյան

2-րդ կուրս

%d5%a8%d5%a8 %d5%ac %d5%af%d5%b0%d5%a3 %d5%b0 %d5%bf%d6%86 %d6%85%d5%af

 

Կիսվել