ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆՈՎ ՍԿՍԵՑ «ԳԱՐՈՒՆ»-Ը.ՎԵՐԱԹՈՂԱՐԿՎՈՒՄ Է ԿԵՍԴԱՐՅԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ...

ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆՈՎ ՍԿՍԵՑ «ԳԱՐՈՒՆ»-Ը.ՎԵՐԱԹՈՂԱՐԿՎՈՒՄ Է ԿԵՍԴԱՐՅԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՄՍԱԳԻՐԸ

338

«Գարուն» ամսագրի առաջին համարի շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 4-ին «Լոֆթ» երիտասարդական ակումբում: Այսօր այն կարելի է ձեռք բերել կրպակներից 1000 դրամով:
Շուրջ մեկ տարվա ընդմիջումից հետո վերաթողարկվեց կեսդարյա պատմություն ունեցող «Գարուն» ամսագիրի՝ 2016թ. առաջին համարը: Այն նվիրված է անկախության 25- ամյակին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր, բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ ամսագիրն ընթերցողներին է ներկայանում նոր լուծումներով ու շնչով, որը միտված է բերելու նորանոր գարուններ.
«Հաշվի առնելով, որ մենք ապրում ենք նոր ժամանակներում, փորձելու ենք «Գարունի» ավանդույթները պահպանել և նոր մոտեցումներին ընդառաջ գնալ, մատուցել նոր ամսագիր, որը կլինի համապատասխան ժամանակակից մարտահրավերներին: Պետք է հավելեմ, որ մենք հավատարիմ ենք մնացել երիտասարդական, գրական ավանգարդիստական ամսագիր ստեղծելու հավատամքին, որ «Գարուն»-ում միշտ եղել է: Ձևավորվել է թարմ, հետաքրքիր մոտեցումներով ամսագիր»:
Պարզվում է՝ ամսագրի հրատարակմանը խորհրդի անդամները  ձեռնամուխ եղել են  վաղուց, սակայն ինչ-ինչ հանգամանքներ խանգարել են, որպեսզի  նպատակները հստակ կատարվեն.
«Ամսագրի վերջին խմբագիր Վարուժան Այվազյանի մահից հետո առկախված էր ամսագրի ճակատագիրը: Մտահոգություններ կային՝ արժի՞ նորից թողարկել ամսագիրը, թե ոչ: Անանյան ընտանիքի սրտացավության, հետևողականության շնորհիվ որոշվեց, որ «Գարուն» ամսագիրը վերաթողարկվելու է»:
Ասուլիսին ներկա էր նաև ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն, ով շտապեց նշել, որ ամսագրի առաջին համարը նվիրված է անկախության 25 – ամյակին,  իսկ հաջորդ համարներում շեշտը կդրվի հրապարակախոսության վրա, քանի որ այդտեղ խնդիր կա, հնարավորություն կտրվի ժամանակակից հրապարակախոսներին ինքնաարտահայտվել, ինքնադրսևորվել.
«Մենք կշարունակենք «Գարուն»-ի լավագույն ավանդույթները: Ընթերցողը կտեսնի զարգացող դինամիկա: Մենք աշխատելու ենք գրականության դաշտն ամփոփել «Գարուն»-ի էջերում: Ամեն համար ունենալու է յուրահատուկ հարցադրում: Կշարունակենք նաև թարգմանական ավանդույթները»:
Ըստ խմբագրական անձնակազմի՝  շուտով պատրաստ կլինի նաև թերթի վեբ-կայքը, որը հնարավորություն կտա ընթերցողներին ծանոթանալու  նաև արխիվային նյութերին:
Հիշեցնենք, որ «Գարուն» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական անկախ ամսագիրը տպագրվում է Երևանում 1967 թվականից:

 

Լիանա Մարտիրոսյան

3-րդ կուրս

Կիսվել