«ԵՍ ԳԻՏԵՄ, ՈՐ ՆԱ ԿԱ ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԵՎ ՍԻՐՏՍ ՎԿԱՅՈՒՄ Է, ՈՐ...

«ԵՍ ԳԻՏԵՄ, ՈՐ ՆԱ ԿԱ ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԵՎ ՍԻՐՏՍ ՎԿԱՅՈՒՄ Է, ՈՐ ՆԱ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՀԱՅ Է». ԱՍՏՂԻԿ ՍԱՖԱՐՅԱՆ

528

Նա մարդկանց համոզեց ժպտալ` իր երգով, անսպառ էներգիայով,գրավիչ արտաքինով և հոգու ջերմությամբ: Նրա կերպարները միշտ վառ են ու տարբերվող: Ամենաքննարկվող,ամենահմայիչ, ամենաոճային Աստղիկ Սաֆարյանն է մեր այսօրվա զրուցակիցը, ով այս շրջանում գտնվում է Հայաստանում, և մենք էլ առիթը բաց չթողեցինք` նրա հետ զրուցելու.

-Աստղիկ, թվում է՝ քեզ մոտ տևական լռություն է: Ինչո՞վ է այն պայմանավորված, կա՞ն արդյոք մոտալուտ անակնկալներ քո երկրպագուների համար:

-Իհարկե, շուտով կլինեն նոր ու հետաքրքիր անակնկալներ: Այս շրջանում ես օր ու գիշեր աշխատում եմ և ջանք չեմ խնայում: Այնպես որ, եթե Աստղիկ Սաֆարյանը թվացյալ լռում է, ուրեմն հավատացեք` նա պատրաստում է մի բան, որն իր փոխարեն խոսելու է ավելի բարձր:

-Էներգիա, ինքնատիպ ոճ ու մի քիչ էլ խենթություն. ահա այն հատկանիշներ, որոնք բնորոշ են ԱստղիկՍաֆարյանին էկրանից այն կողմ: Իսկ ինչպիսի՞ն է Աստղիկը տանը և մտերմիկ միջավայրում:

-Շնորհակալ եմ: Ես ինքս ինձ չեմ կեղծում և միշտ անկեղծ եմ իմ երկրպագուների հետ: Ես այն եմ, ինչ կամ` տանը թե դրսում: Անչափ երջանիկ եմ, որ իմ լսարանն ինձ ընդունում և սիրում է այնպիսին, ինչպիսին կամ: Իհարկե, լինում են դեպքեր, երբ անտրամադիր ես, հոգնած կամ տխուր: Բնական է, որ դա հնարավորինս թաքցնում ես քո երկրպագուներից` փորձելով նրանց առաջ միշտ լինել ուրախ և լավ տրամադրությամբ:

-Աստղիկ, ինչպե՞ս են քեզ բնորոշում քո հարազատները:

-Այս հարցը երևի նրանց ուղղենք (ժպտում է,- հեղ.): Համենայն դեպս, ես միշտ առիթներ եմ տվել նրանց հպարտանալու: Իսկ իրենք էլ միշտ մեջքիս կանգնած են` պարտաստ ինձ աջակցելու:

-Իսկ դո՞ւ` ինքդ:

-Ես կարծում եմ, որ ընկերներիս ու հարազատներիս շրջապատում շատ ավելի մեղմ եմ, հարմարվող, բայց աշխատանքիս մեջ ավելի խիստ ու ճշտապահ եմ. միգուցե աշխատանքային սկզբունքներս ավելի ուժեղ են գործում:

-Կհիշե՞ս մանկությունից մի դրվագ, որ միշտ հիշողությանդ վառ էջերում է կամ գուցե ազդեցություն էունեցել քո մասնագիտական ընտրության վրա:

-Օ՜, շատ են եղել այդպիսիք: Մանկության կամ դպրոցական տարիների իմ բոլոր կուռքերն ինձ վրա շատ մեծ ազդեցություն են թողել ու այնքան են ոգեշնչել ինձ իրենց արվեստով, որ ես իսկապես կարողացա իրականացնել իմ երազանքը և դառնալ երգչուհի: Ուրախ եմ, այդ նույն կուռքերից մեծ մասին այսօր ես հնարավորություն եմ ունեցել հանդիպելու արդեն որպես հայ երգչուհի և անձամբ նվիրելու իմ ստեղծած ձայնասկավառակները: Այնպես որ, իրոք, շատ կարևոր է ինչ-որ բանով կամ ինչ-որ մեկով ոգեշնչվելը, որովհետև դա իսկապես կարող է բացել հոգիդ և տալ քեզ թևեր:

-Ե՞րբ կամ ինչի՞ շնորհիվ հասկացար, որ հենց երգարվեստում պետք է մասնագիտանաս ու շարունակեսհետագա ուղիդ:

-Միշտ երգել եմ, մանկուց հաճախել եմ երաժշտական խմբակներ, հաճախել դաշնամուրի և կիթառի դասընթացների, բայց հասկացել եմ, որ «վոկալային գործիքս» ավելի արագ է արտահայտում երաժշտական մտքերս, քան որևէ այլ գործիք: Միշտ սիրել եմ երաժշտությունը, բայց կարելի է ասել, որ իմ մուտքը երգարվեստ եղավ հայկական «Սուպերսթար» նախագծից, համենայնդեպս հանրությունն ինձ ճանաչեց հենց այդտեղից: Դա ուղիղ 10 տարի առաջ էր:

-Ինչպես ինքդ նշեցիր, ամեն ինչ սկսվեց «Հայ Սուպերսթար» նախագծից. ի՞նչ տվեց այն քեզ, ուինչպիսի՞ն եղան այդ տարիները քեզ համար:

-Միշտ էլ ասել եմ, որ այն ինձ համար մի մեծ դպրոց էր, որն ըստ էության ինձ ավելի ծանոթացրեց, մոտեցրեց հանդիսատեսին` նրանց տալով հնարավորություն, որպեսզի որոշեն, թե ում են ցանկանում տեսնել բեմում: Հենց այդպես էլ եղավ. նախագծի վերջում ես արդեն վաստակել էի ժողովրդի սերը: Նրանց սպասումներն ինձ ստիպեցին, որ սկսեմ գործել որպես անհատ, ստեղծագործեմ և ներկայացնեմ աշխատանքներ, ինչն էլ անում եմ արդեն երկար տարիներ:

-Հաճախ ես ճանապարհորդում, որն էլ իր հերթին հնարավորություն է տալիս ծանոթանալու այլմարդկանց մշակույթներին, մտածելակերպին ու կենսաձևին: Որքանո՞վ են դրանք իրենց ազդեցությունըթողել քեզ վրա:

-Գիտեք, ամեն տեղ, երբ ծանոթանում ես նոր մարդկանց և նրանց մշակույթներին, անկախ քեզնից` մտածելակերպդ էլ սկսում է փոխվել: Ավելի ինտերնացիոնալ ես դառնում: Բայց միևնույն ժամանակ, երբ դու էլ նրանց ես ներկայացնում քո ազգային մշակույթը, մենթալիտետը, զգում ես, թե մերն ինչքա՜ն յուրօրինակ է: Տեսնելով այդ տարբերությունները` քոնն ավելի շատ ես սկսում սիրել ու գնահատել:

-Եվ այդուհանդերձ, ո՞րն է քեզ ավելի հոգեհարազատ՝ հայկակա՞նը, թե՞…

-Ես բավական երկար ժամանակ ապրել եմ Եվրոպայում և մինչ այդ էլ շատ հաճախակի եմ ճանապարհորդել` դեռ մանուկ հասակից, ինչպես ինքներդ էլ նկատել էիք նախորդ հարցում: Ինձ համար, իհարկե, դա էլ է դարձել հոգեհարազատ, բայց ես երբեք չեմ կորցնում իմ հայեցիությունը: Միշտ էլ մեծ հպարտությամբ եմ ներկայանում որպես հայ և փորձում եմ մեր հայկականը լավագույն կերպով ներկայացնել իմ բոլոր արտասահմանցի ընկերներին ու գործընկերներին:

-Համոզված եմ`երբեմն հետ ես նայում անցած ուղուդ. ափսոսանք, ուրախություն, վստահություն… ի՞նչ զգացումներ են արթնանում մոտդ:

-Երբ քո աշխատանքում ամեն ինչ ձեռք ես բերում սեփական ուժերով, անցնում ես այդ դժվար ուղին մաքուր ու բարձր պատվով, բնական է` ետ նայելիս միայն հպարտություն ես զգում: Իսկ երբ տեսնում ես, որ այդ ամենի արդյունքում կողքիդ է մի մեծ լսարան, արդեն մեծ ուրախություն ես ապրում: Դա ինձ տալիս է համեստ վստահություն` ստիպելով անել ավելին:

-Ստեղծագործելիս հիմնականում ի՞նչն է քեզ համար ոգեշնչման աղբյուր դառնում:

-Կարծում եմ` ժամանակի ընթացքում ոգեշնչման աղբյորները փոխվում են: Առաջ, երբ բարկացած էի լինում, ստեղծագործում էի: Լինում էին դեպքեր, երբ տարբեր մարդկանց պատմություններից ազդվում էի ու նոր երգեր էի գրում: Երկար տարիներ ծովի ափին մոտ ապրելը նույնպես շատ անգամներ ոգեշնչել է ինձ: Բայց հիմա մի փոքր այլ է. ես ուղղակի որոշում եմ ու նոր երգեր ստեղծում: Այժմ իմ ամենամեծ ոգեշնչման աղբյուրն իմ երկրպագուներն են, նրանց սպասումները: Կարծում եմ` ես էլ նրանց եմ ոգեշնչում իմ նոր ստեղծագործություններով: Այսպիսի մի անբացատրելի կապ է ստեղծվում իմ ու նրանց միջև:

-Հետաքրքիր է` հեռախոսիդ «փլեյլիստում» կամ մեքենայիդ մեջ ո՞ւմ երգերն են գերակշռում:

-Միգուցե զարմանալի լինի շատերի համար, բայց ես չունեմ սիրելի երգերի հատուկ «փլեյլիստ»: Շատ են իմ սիրելի երգերը, ես շատ երաժշտասեր եմ և չեմ կարող հատուկ մեկ-երկու երգ նշել: Բացի այդ` դրանց մեջ կան կատարողներ, որոնք շատ քչերին են ծանոթ: Օրինակ` քիչ առաջ մեքենայիս մեջ լսում էի կանադական «Billy Talent» ռոք խմբի «Surrender» երգը, որը 2007թ.-ից լսում եմ և մինչ օրս չեմ հագենում:

-Զարմանալու ունակություն… թվում է`21 դարում դժվար է մարդուն զարմացնել որևէ բանով, իսկքեզ մոտ ինչպե՞ս է, ինչո՞վ կարելի է զարմացնել Աստղիկին:

-Բարություն, անկեղծություն և մարդկային վեհ պահվածք՝ այսօր ինձ միայն դրանք են դրականորեն զարմացնում:

-Կարծում ես` պե՞տք է կյանքում միշտ, ցանկացած իրավիճակում սիրահարված լինել ու մնալ` հարցիսանուղղակի իմաստով: Իսկ միգուցե այն խանգարի՞ կյանքն իրապես ճանաչելուն:

-Ես հեշտ սիրահարվող տեսակներից չեմ, քանի որ ինքս իրատես եմ իմ բնույթով, կարող եմ տարբերել սովորական հիացմունքը սիրահարվելուց: Սիրում եմ հիանալ լավով ու գեղեցիկով և, ինչո՞ւ ոչ, բարձրաձայնել այդ մասին:

-Ի վերջո անդրադառնալով նաև անձնականին` ուզում եմ հարցնել` հա՞յ, թե՞ արտասահմանցիտղամարդու է նախընտրում Աստղիկ Սաֆարյանը, և ինչպիսի՞ն պիտի լինի քո ընտրյալը:

-Նա պետք է լինի իմ ներքին աշխարհից, իմ հոգու մարդը և ինձնից ավելի լավը… Իմ կյանքում ինձ միշտ էլ հանդիպել են հիանալի տղաներ, բայց քանի որ նրանց հանդեպ իմ վերաբերունքն ընկերական մակարդակից չի վերածվել ավելիին, ես համարում եմ, որ ունեմ ուղղակի լավ և սրտացավ ընկերներ: Իսկ իմ միակին, կարծում եմ, դեռ չեմ հանդիպել` չնայած երբևէ չեմ փնտրել և չեմ էլ շտապում բոլորովին: Ես գիտեմ, որ նա կա այս աշխարհում, և դեռ ավելին, սիրտս վկայում է, որ նա, այնուամենայնիվ, հայ է:))

Հարցազրույցը վարեց Աննա Կոստանյանը

2-րդ կուրս

Կիսվել