ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԱՆԻ Է, ՈՐ ԻՐ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԵՆ

ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԱՆԻ Է, ՈՐ ԻՐ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԵՆ

2219

«Թարմ այտերը, լավ շպարված քիթը և ընդգծված աչքերը հմայիչ լինելու արվեստում ամենագլխավորները չեն: Գեղեցկությունը կախված է այլ  բաներից` բարությունից, խելքից և, իհարկե, երևակայությունից, առանց որի տպավորիչ կին չես դառնա»: Տարիներ շարունակ կանացիության խորհրդանիշ համարվող Սոֆի Լորենի հետ շատերն են համաձայն: Իհարկե ամեն ինչ չէ, որ արտաքին գեղեցկությամբ է որոշվում, բայց շատ անգամ մարդկանց ուշադրություն գրավողը հենց դա է: Մարդիկ հաճախ արտաքինի միջոցով բացահայտում է անձի ներքին գեղեցկությունը: Չէ՞ որ մարդու արտաքինից կարելի է հասկանալ նրա էությունը:

1990-ական թվականներին ցրտի, խավարի տարիներին միտք առաջացավ` ամբողջ աշխարհին ցույց տալ, որ հայ մանուկները լույս են տալիս ցուրտ ու միապաղաղ  կյանքին: Միսս և Միստր աշխարհ մանկական մրցույթ-փառատոնի հեղինակ-հիմնադիր, «Համաշխարհային գեղեցկության նորաձևության լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց գեղեցկության-նորաձևության  մրցույթ-փառատոն` «Միսս և Միստր» անունով: Անվանման ոչ հայերեն լինելը նպաստելու էր ողջ աշխարհով ճանաչում ձեռք բերելուն: Այն նպատակ ուներ բարի կամքի տեր բոլոր մարդկանց համախմբել և նրանց օգնությամբ մանկական մրցույթ-փառատոնների միջոցով տարածել խաղաղություն ու ժողովրդների միջև հարաբերությունների բարելավում: Մրցույթ-փառատոնը մեծ արձագանք ունեցավ միջազգային մամուլում: 1996թ-ից НТВ և ТРТ ռուսական  հեռուստաընկերություններն արձանագրեցին  հայկական ծագում ունեցող մրցույթ-փառատոնի մասին: Փառատոնն ուներ իր սկզբունքները. երեխաները  բեմ պիտի դուրս գան առանց շպարի, պետք է չկրեն ոչ մանկական հագուստներ: Բոլոր երեխաներն անխտիր ստանում էին տիտղոսներ, մեդալներ, վկայականներ, իսկ հաղթողները ժուրիի կողմից ստանում էին թագեր և պարգևատրվում համապատասխան տիտղոսներով:

Ամալյա Թադևոսյանը, ով 2002 թվականին մասնակցել է «Միսս և Միստր» մրցույթ–փառատոնին, կիսվեց իր տպավորություններով.

-Ընդհամենը հինգ տարեկան անփորձ երեխա էի, երբ բեմ բարձրացա: Հիշում եմ` հաճելի տագնապ կար սրտումս, երբ տեսա, որ հանդիսատեսի ուշադրության կենտրոնում ես եմ: Հակառակ լարվածությանս` հաջող ելույթ ունեցա: Իսկ երբ հասավ երկար սպասված մրցանակաբաշխության պահը` լսեցի անունս ու… «Միսս Հայաստան»: Ուրախությանս չափ չկար, երբ զգացի հաղթողի թագը գլխավերևումս: Հեքիաթային պահեր էին, որոնք երբեք չեմ մոռանա:

25 տարիների ընթացքում փառատոնը մեծ ճանաչում ձեռք բերեց և հիմա մեծ համբավ է վայելում ողջ աշխարհում: Այժմ նույնպես կազմակերպվում են մրցույթ-փառատոններ  թե´ մանուկների, թե´մեծահասակների շրջանակներում: Անցկացվում են նաև «Աշխարհի արքայադուստր», «Աշխարհի ֆոտոմոդել», «Տիեզերքի ֆոտոմոդել», «Միսս յոթ մայրցամաք» մրցույթ-փառատոնները, որոնց հեղինակ-հիմնադիրը նույնպես Աշոտ Խաչատրյանն է:

Մրցույթներում կարևորվում են աղջիկների անվտանգությունն ու բարոյական կերպարները: Կազմակերպիչների խոսքով միջազգային փառատոններում երբեմն աղջիկների միջև տարաձայնություններ են լինում, որի հիմքում հաղթելու կամ պարտվելու խնդիրն է: Այս հարցին պետք է նուրբ վերաբերվել հատկապես երեխաների շրջանակում, որոնց դեպքում փոքր բացթողումն անգամ կարող է հոգեբանորեն վատ անդրադառնալ:

«Հարմոնիա» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Մարտիրոսյանը կարծում է, որ գեղեցկության մրցույթն  իր տեսակով տարբերվում է ինքնագնահատականի առումով: Յուրաքանչյուր երեխային պետք է յուրովի մոտեցում ցուցաբերել:

-Առհասարակ խորհուրդ է տրվում, որ երեխաներին փոքրուց սովորեցնեն մասնակցել մրցույթների, մրցունակ լինել, և նրանց մոտ ձևավորել առողջ մրցակցություն ասվածը: Երեխային մրցույթից առաջ պետք է տրամադրել հնարավոր կատարվելիք երևույթներին, նրա հետ վարվել իր բնավորությանը համապատասխան: Օրինակ, եթե երեխան անկաշկանդ է, էմոցիոնալ չէ, ապա մրցույթն իր համար միայն նոր ծանոթություններ ու դրական հիշողություններ կթողնի:

Տգեղ կանայք չեն լինում, լինում են ալարկոտներ: Առաջնորդվենք այս խոսքերով, լինենք խնամված և գեղեցիկ: Չէ՞ որ գեղեցկությունը կփրկի աշխարհը:

12391184_514309392064495_452476325402342560_n 13235252_10206267716751874_1198125638638228394_o

 

Լիանա Բրյան

2-րդ կուրս

Կիսվել