ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ՀՈԳԵԲԱՆԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՄՇԱԿՈՒՅԹ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ՀՈԳԵԲԱՆԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՄՇԱԿՈՒՅԹ

429

Մի քանի տարի առաջ հոգեբանին դիմելը գուցե ծիծաղ առաջացներ: Հոգեբանների հանդեպ վստահությունը վերջին տարիներին ավելացել է:
Սյուզաննա Մարտիրոսյանը 20 տարեկան է: Մի քանի ամիս առաջ ունեցավ հոգեբանական խնդիրներ. «Կյանքումս ճգնաժամ սկսվեց: Դրա արդյունքում դարձա շատ նյարդային: Որոշեցի դիմել հոգեբանի: Սկզբում մտածում էի, որ դա ամոթ է, որ կմտածեն, թե գիժ եմ, բայց դա սխալ է: Հոգեբանը օգնեց ինձ վերականգնել կյանիքս բնականոն ընթացքը»:

Հոգեբան Ֆլորա Բադասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանում արդեն հոգեբանին դիմելը ամոթ չէ. «Մեր օրերում հոգեբանին դիմելու մշակույթը արմատավորվել է, նույնիսկ այն աստիճան, որ ստիպված ես լինում օգտագործել ոչ աշխատանքնային օրերդ, որպեսզի հասցնես սպասարկել բոլոր այցելուներին: Մարդիկ սկսել են գիտակցել, որ կան խնդիրներ, որոնք սեփական ուժերով լուծել չեն կարող: Հենց այստեղ է, որ օգնության է հասնում հոգեբանը»:

Բայց հոգեբանը նշում է, որ դեռ կա այն կարծրատիպը, թե հոգեբանն ու հոգեբույժը նույն մարդիկ են. «Դեռ չենք սովորել տարբերել երկու տարբեր մասնագետների: Հոգեբանը ընդամենը օգնում է անձին, որպեսզի կարողանա ինքնուրույն հասկանալ և լուծել իր սեփական խնդիրները, վերականգնի ներդաշնակությունը շրջապատող աշխարհի հետ»: Ֆլորա Բադասյանը նշեց նաև, որ արական սեռի ներկայացուցիչները շարունակում են չվստահել հոգեբաններին:

Այսօր հոգեբանական խորհրդատվությունից հիմնականում օգտվում են իգական սեռի ներկայացուցիչներն ու երեխաները: Մանկապարտեզներում ու դպրոցներում արդեն կան հոգեբաններ, ովքեր պարբերաբար զրույցներ են ունենում երեխաների հետ ու կոտրում հոգեբանի մասին ունեցած իրենց թյուր պատկերացումները: Հոգեբանը նշեց, որ երեխաների դեպքում հիմնական խնդիրներն են՝ մանկական վախերը, ագրեսիաները, տարանջատման տագնապները, վարքային և հուզական խանգարումները: Կպչուն մտքերը, նևրոզները, միայնակության զգացումն ու դեպրեսիաները բնորոշ են ինչպես փոքրերին, այնպես էլ հասուն տարիքի մարդկանց: Ու հիմնականում այցելուների մեծ մասը 50-55 տարեկան մարդիկ են:
Հետաքրքրվեցինք՝ ինչքան ժամանակ է պահանջվում հոգեբանից մարդուն օգնելու համաՙր. «Կոնկրետ ժամանակ չկա, դա կախված է անհատից: Ոմանք կարող են ահմանափակվել մեկից երկու հանդիպումներով ու տալ արդյունք, իսկ կան մարդիկ, որոնց բավականին երկար ժամանակ է հարկավոր: Հնարավոր է նույնիսկ մեկ տարի»:

Այսօր նաև հնարավորություն կա օնլայն եղանակով կապ հաստատել հոգեբանի հետ. «Լինում են դեպքեր, երբ խորհրդատվությունն իրակացվում է օնլայն տարբերակով: Արդյունավետությունը նույնն է՚» :
Եվրոպական երկրներում կան նաև ընտանեկան հոգեբաններ, սակայն Հայաստանում այն զարգացած չէ.
«Ընտանեկան հոգեբանները աշխատում են զույգերի հետ, ովքեր ուզում են լավացնել հարաբերությունները կամ բաժանվել այնպես, որ իրար ցավ չպատճառեն: Բայց Հայաստանում հոգեբանի նման աշխատանք չի իրականացվում: Հիմանականում աշխատում ենք առանձին-առանձին»:

Աննա Ստեփանյանը 25 տարեկան է: Ամուսնալուծությունից հետո լուրջ հոգեբանական խնդիրներ ունեցավ. «Սկզբում մտածում էի, որ ինքնուրույն կհաղթահարեմ, բայց հետո ընկերներիցս մեկը խորհուրդ տվեց հոգեբանի դիմել»: Մասնակցեց հոգեբանական մի քանի սեանսների. «Առաջ մտածում էի, որ հոգեբանի միայն հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ են դիմում, բայց իհարկե սխալվում էի: Մի քանի այցելությունից հետո ինձ ավելի թեթևացած զգացի՚» :
Վերջում Ֆլորա Բադասյանը նշեց, որ ցանկացած խնդիր լուծելի է, սակայն հոգեբանի աշխատանքը չի ստացվի, եթե անհատը իրապես չգիտակցի իր ունեցած խնդիրը և չցանկանա այն լուծել:

Լիլիթ Գասպարյան

2-րդ կուրս

Կիսվել