Հարցազրույց ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի, ապագա մանկավարժ Քնարիկ Հովհաննիսյանի հետ:
-Ուսուցչի ճանապարհը և՛ դժվար է, և՛ պատասխանատու: Ինչպե՞ս որոշեցիք դառնալ մանկավարժ:
-Երեխաների հետ աշխատել սիրել եմ դեռ մանկուց: Միշտ երազում էի դառնալ լավ, օրինակելի մանկավարժ, ով իր աշակերտների մեջ կսերմաներ սեր դեպի կրթությունը: Հիշում եմ, թե ինչպես էի մեր բակի երեխաներին հավաքում և փորձում ինչ-որ բան սովորեցնել, իմ գիտելիքները նրանց փոխանցել: Ահա, այդ փոքրիկ երազանքը տարիների ընթացքում դարձավ նպատակ, իսկ նպատակն էլ՝ իրականություն:
-Բավական երիտասարդ եք, բայց արդեն ունեք մեծ փորձ երեխաների հետ աշխատելու: Կպատմե՞ք, թե ինչպես սկսեցիք դասավանդել:
-Ամեն ինչ սկսվեց մինչ համալսարան ընդունվելը: Երբ սովորում էի ավագ դպրոցում, մեր բարեկամները, հարևանները դիմում էին ինձ՝ իրենց երեխաներին դասապատրաստման հարցերում օգնելու համար: Իսկ ես, ինչպես նշեցի, սիրում էի երեխաների հետ աշխատել և փորձում էի ամեն կերպ նրանց օգնել: Համալսարան ընդունվելուց հետո սկսել եմ դասավանդել հայոց լեզու տարբեր տարիքային խմբերի երեխաների հեռավար տարբերակով: Դասավանդել եմ նաև Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոցում՝ պրակտիկայի շրջանակներում:
-Մասնագետ դառնալու ճանապարհին ի՞նչ դժվարությունների եք հանդպել և երբևէ մտածե՞լ եք հանձնվելու մասին:
-Մինչ համալսարան ընդունվելը վախեր ունեի: Մտածում էի, թե արդյոք ճիշտ ճանապարհ եմ ընտրել, արդյոք կարող եմ հաղթահարել այս ամենը: Ու այդ ամենի հետ մեկտեղ, միշտ լսում էի՝ ինչիդ է պետք այդ աշխատանքը, բա քեզ պետք է գլուխդ անիմաստ ցավեցնես, ներվերդ փչացնես և նմանատիպ այլ բացասական կարծիքներ ընտրածս մասնագիտութան մասին: Եվ եթե մի փոքր կամքից թույլ լինեի, հնարավոր է, որ այդ բացասական խոսքերը ազդեին մասնագիտոըթյանս ընտրության վրա: Բայց այդ ամենը ինձ չկոտրեց, և ես շարունակեցի գնալ իմ նպատակի հետևից: Մեծ դեր ունեցան նաև իմ ընտանիքի անդամները, ովքեր միշտ աջակցում էին ինձ:
-Ըստ ձեզ՝ ինչպիսի՞ն պետք է լինեն ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները:
-Այդ հարաբերությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա: Աշակերտը պետք է չսովորի վախի մթնոլորտում, չվախենա ուսուցչից, այլ ընդհակառակը, աշակերտը պետք է վստահի իր ուսուցչին, նրան համարի իր ընկերը և աջակիցը, իսկ ուսուցիչը՝ հասկանա, օգնի ու ուղղորդի աշակերտին:
–Ի՞նչը կցանկանայիք փոխել, կամ ի՞նչն է պակասում այսօր մեր կրթական համակարգում:
-Իմ կարծիքով պետք է ուշադրություն դարձնել մեթոդաբանությանը: Կարելի է դասերը անցկացնել խաղի միջոցով՝ ավելի ժամանակակից և արդյունավետ դարձնելու նպատակով: Այս դեպքում սովորելու ձգտումը, հետաքրքրասիրությունը աշակերտների մոտ էլ ավելի կմեծանա, և դասերը չեն լինի կաղապարված:
-Ի՞նչ խորհուրդ կտաք ապագա մանկավարժներին:
-Եթե համոզված են իրենց մասնագիտության ընտրության հարցում, ապա անտեսեն այն կարծիքները, որոնք hօգուտ նրանց չեն ծառայելու ու միայն վնասելու են: Եվ եթե ունեն հստակ նպատակ, ապա պետք է անհնարինը հնարավոր դարձնելով՝ հասնեն դրանց:
Էլեն Խուդոյան
2-րդ կուրս