Նկարիչ Կտրիճ Գևորգյանը Կոտայքի մարզի Ալափարս գյուղի Երջանկության փողոցի բնակիչ է։ Նկարչի արվեստանոցը տան երկրորդ հարկում է, այդ սենյակը կարծես փոքր ցուցասրահ լինի. բոլոր պատերից կախված են նկարչի գործերը։
Կինը` Մարինան, արվեստանոցում ներշնչանքի պակասը լրացնում է դաշնամուրի գեղեցիկ հնչյուններով։ «Ինձ նույնպես հոգեհարազատ է նկարչությունը, ինչպես նաև երաժշտությունը և հագուստի մոդելավորումը։ Մենք կարծես միմյանց լրացնենք գեղեցիկի և արվեստի հանդեպ հարգանքով և սիրով»։
Կ. Գևորգյանը գյուղի 8-ամյա դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Եղվարդի նկարչական դպրոցում։ Ասում է, որ նկարելու նկատմամբ իր ձգտումն առաջացել է բնության նկատմամբ ունեցած մեծ սիրո և այն արտանկարելու մեծ ցանկության շնորհիվ։
«Մինչև 7-րդ դասարանը օգնում էի դասընկերներիս նկարչական հանձնարարությունները կատարել։ Որպես կանոն՝ նրանք բարձր էին գնահատվում, իսկ ես՝ ցածր` որպես ծույլ աշակերտ։ Հետո նկարչության նոր ուսուցչուհի եկավ, ով նկատեց և ոգևորեց նկարչական իմ ընդունակությունները։ Դա էլ հիմք հանդիսացավ, որ ես գնամ նկարչական դպրոց»։
Կ. Գևորգյանի նկարները բազմաժանր են, մեծամասնությունը` կոմպոզիցիաներ։ Սիրում է նկարել նաև դիմանկարներ։
Նրա խոսքով` բոլոր արվեստագետներին էլ պետք է հայտնիություն։ Շատ ցուցահանդեսներ է ունեցել։ Ամռանը նաև աշակերտներ է ունեցել, որոնք նշում են, որ Կտրիճ Գևորգյանի ղեկավարությամբ նկարելը շատ ուսանելի և հետաքրքիր փորձ էր իրենց համար։ «Նա օգնեց ինձ բարելավել իմ հմտությունների մակարդակը: Օգնեց ինձ տեսնել ստվերներն ու կիսաթմբերը, տարբերել դրանք, աշխատել ծավալների հետ և նկարին ավելացնել բարդություն և ճաշակ: Մինչ նրան հանդիպելը` իմ գունավոր նկարները հում էին: Նա շատ հետաքրքիր ու մատչելի էր բացատրում, որը հատուկ է միայն տաղանդավոր մարդուն»։
Կ. Գևորգյանը երեք երեխա ունի` 2 աղջիկ, 1 տղա։ Որդին ժառանգել է հորից նկարչական շնորհը և շարունակում է նրա գործը։ «Ճիշտ է, միայն նկարչությամբ դժվար է հոգալ ընտանիքի հոգսերը, բայց ինձ համար կարևոր են իմ երեխաների ցանկությունները»։
Որդին նշում է, որ նկարչության մասին հոր կարծիքը ամենահեղինակավորն է իր համար։ «Ինձ համար նա և՛ ուսուցիչ է, և՛ հայր։ Երբ տեսնում եմ շրջապատի և նրա նկարիչ ընկերների բարձր գնահատականը հորս նկարների վերաբերյալ, ակամայից հպարտությամբ եմ լցվում և ցանկանում եմ նմանվել նրան»։
Նկարչի խոսքերով` նկարելու բուն գործընթացն այնքան երկար չի լինում, որքան դրան նախորդող գործընթացը։ «Սկզբում առաջանում է միտքը, հետո գլխում լավ խմորվելուց հետո հանձնվում է կտավին»։
Կինը նշեց, որ ժամանակ առ ժամանակ ինքն էլ է նկարում։ «25 տարի միասին ապրելուց հետո կարծես միանման ենք մտածում և որոշումներ կայացնում»։
Կ. Գևորգյանը նախընտրում է աբստրակցիոնիզմը և իմպրիսիոնիզմը։ Ասում է, որ կատարյալ ռեալիզմն իրեն հոգեհարազատ չէ։
Նկարչի խոսքով` պարտականությունները և պատասխանատվությունը ընտանիքի նկատմամբ հաճախ թույլ չեն տվել լիարժեք տրվել նկարչությանը, բայց պետք է և՛ ապրել, և՛ արարել։ Եղել են շատ դժվարություններ, բայց անկախ դրանցից` նա երբեք չի դադարել նկարել։
Անահիտ Սահակյան
2-րդ կուրս