Երբ «Կապույտ կետը» մահացու վտանգավոր է… համակարգչում

Երբ «Կապույտ կետը» մահացու վտանգավոր է… համակարգչում

277

Համակարգչային խաղեր կան, որոնք առաջին հայացքից այնքան վտանգավոր չեն թվում, ինչքան իրականում են: Այդ խաղերի ծուղակում հայտնվելու հավանականությունը շատ ավելի մեծ է երեխաների համար: «Կապույտ կետ»-ը մահվան ելքով այդպիսի խաղերից է, գուցե` ամենավտանգավորներից մեկը:

2016 թվականին ռուսական մամուլը սկսեց գրել համացանցային «մահվան խմբերի» մասին, որոնք դեռահասներին ինքնասպանության էին դրդում։ Մամուլում հրապարակվող նյութերում շարունակում էին պնդել, որ “Синий кит” անունով հայտնի խաղի հետևանքով մեկ տարվա մեջ ինքնասպանություն է գործել 130 դեռահաս։ Խաղի տարածվածությունը գագաթնակետին հասավ 2017-ին, երբ սոցցանցում ավելի քան 800 օգտատեր իր պատին դրեց #синийкит հեշթեգը՝ սպասելով խաղի համակարգողի հրահանգներին։ Խաղի մեջ մտած մասնակիցը ստանում է 50 հրահանգ՝ ամենասովորական խաղ հիշեցնողից մինչև ինքնավնասման կամ վտանգ պարունակող արարքները։ Չկատարելու դեպքում մասնակիցը սպառնալիքներ է ստանում։ Այդ ընթացքում խաղը սկսեց տարածում ունենալ նաեւ Հայաստանում:  Հոգեբան Մարիամ Վարդանյանը նշում է այն նախանշանները, որոնք հանդիպում են այս խաղով հետաքրքրված մարդկանց մոտ:

«Այս խաղով տարված երեխաների վարքը կարող է տարօրինակ լինել: Նրանք գրեթե միշտ ցրված են, ունեն հաճախակի տրամադրության անկում: Նախընտրում են ժամամակն անցկացնել միայնակ, շատ շուտ են պառկում քնելու, սակայն չեն կարողանում քնել տագնապի զգացողության պատճառով»,-նշեց հոգեբանը:

Հատկապես դեռահաս տարիքում երեխաներին պետք է հնարավորինս ուշադիր լինել: Այս շրջանում նրանք կարող են պարփակվել, չկիսվել, չվստահել, ինչը հետագայում հանգեցնում է անդառնալի հետեւանքների:

Աննա Մարտիրոսյանը, ում տղան այժմ չափահաս տարիքում է, պատմում է, որ երեխայի դեռահասության փուլում (15տ.) բախվել են այս խնդրին։ Մոր խոսքերով, երեխայի պահվածքը սկզբում ոչնչով աչքի չի ընկել, սակայն ժամանակի ընթացքում տան անդամները նրա մոտ նկատել են անհասկանալի լարված եւ նյարդային պահվածք, որը սկսել է անհանգստացնել նրանց:

«Նրա մոտ սկսել էր նկատվել ախորժակի կորուստ եւ տարօրինակ կախվածություն հեռախոսից, ինչը նախկինում այդ աստիճան չէր եղել: Նկատում էինք՝ նախընտրում է ավելի շատ ժամամակ անցկացնել իր սենյակում փակված: Սկզբում մտածում էինք, որ պարզապես տարիքային խնդիրներ են, մինչեւ այն պահը, երբ նկատեցի, որ իր սոցիալական էջերում շատ անծանոթ նոր էջերի հետ է ընկերացել, որոնք իրենց էջերում կիսվում էին կապույտ կետի հեշթեգներով եւ նկարներով: Տղաս այդ էջերից  պարբերաբար ստանում էր նամակներ եւ նույնիսկ զանգեր: Սկզբում փորձեցի ինքս խոսել իր հետ, հասկանալ՝ ինչն է անհանգստացնում, սակայն հասկացա, որ խաղն արդեն «բթացրել է» երեխայիս միտքը: Սկզբում խուճապ էր բոլորիս մոտ, չգիտեինք՝ որն է ճիշտ մոտեցումը: Դիմեցինք հոգեբանի, եւ մենք էլ մեր հերթին փորձեցինք ավելի շատ ժամանակ անցնացնել երեխայի հետ, եւ որոշակի ժամանակ անց նկատեցինք, որ անընդհատ անհանգիստ, լարված եւ նյարդային վիճակը անցնում է, եւ երեխան սկսում է վերադառնալ իր նախկին ապրելակերպին»,- պատմեց Աննան:

Հոգեբան Մարիամ Մարգարյանը խորհուրդ է տալիս երեխայի մոտ տարօրինակ վարքագիծ նկատելիս ուշադիր լինել, թե նա ինչ է որոնում համացանցում, ներառված է նա արդյոք անծանոթ խմբերում: «Երեկոյան ուշ եւ առավոտյան վաղ ժամերին ստուգեք երեխայի քնած լինելը: Երեխայի հետաքրքրությունների մասին կարող են շատ բան ասել նրա նկարած նկարները: Եթե երեխան հաճախ նկարում է նույն պատկերները՝ կատուներ, թիթեռներ, միաեղջյուրներ, ապա սա կարող է կապված լինել խաղի ընթացքում ստացած առաջադրանքների հետ»:

Եթե երեխան ուղարկում կամ ստանում է հաղորդագրություն «արթնացրու ինձ 4:20» կամ «ես խաղի մեջ եմ», ապա սա կարող է արդեն անհանգստանալու պատճառ հանդիսանալ»:

Ըստ հոգեբանի` ծնողները պետք է կարողանան իրենց երեխաների հետ հաստատել անմիջական եւ վստահելի հարաբերություններ: «Խաղով հիմնականում տարվում են այն երեխաներն, ովքեր հոգեպես ճնշված եւ միայնակ են: Պետք է հաճախակի հետաքրքրվել երեխայի որպիսությամբ: Նա պետք է իրեն անհրաժեշտ աջակցությունը ստանա իր ընտանիքում, հակառակ դեպքում երեխան իրեն «հասկացող» կփնտրի մեկ այլ վայրում, որը լի է վտանգներով: 

Խաղը ավելի հեշտ իր ծուղակն է գցում այն մարդկանց, ովքեր անվստահ են, չունեն սեփական «ես»:

 «Պետք է դեռ վաղ տարիքից աշխատել երեխայի ինքնավստահության եւ սեփական «եսի» ձեւավորման վրա: Երեխան պետք է կարողանա ասել «ոչ» առաջին հայացքից գայթակղիչ, բայց իրականում շատ վտանգավոր առաջարկներին: Յուրաքանչյուր խնդիր փորձել պարզաբանել հանգիստ տոնով, որպեսզի երեխան ագրեսիա չզգա եւ կարողանա կիսվել ձեզ հետ իր խնդիրներով, ինչը ամենակարեւորն է»,- նշում է Մարիամ Վարդանյանը:

Նման խնդիրները փաստում են, որ անհրաժեշտ են մեդիագրագիտության դասընթացներ՝ թե՛ երեխաների, թե՛ ծնողների համար` տեղեկացնելու  սոցիալական ցանցերից բխող իրական վտանգների մասին: Լրագրողներն իրենց հերթին պետք է նմանօրինակ խաղերի մասին նյութեր գրելիս զգույշ լինեն, որպեսզի հնարավոր լինի նվազեցնել քարոզի ռիսկերը:

Ալյոնա Ամիրխանյան

4-րդ կուրս

Կիսվել