ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ

1279

Արցախի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:


ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
(հոդված 3)

Արցախում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը տարբեր է եղել Ադրբեջանի կազմում եղած ժամանակահատվածում և անկախանալուց հետո, սակայն երկու պարագայում էլ դժվարություններ ու խոչընդոտներ են եղել իրավունքների ու ազատությունների լիակատար իրացման ճանապարհին։

1960-80-ական թվականներին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական կառավարությունը շարունակում էր հայ բնակչության նկատմամբ կիրառել նրանց իրավունքները ոտնահարելու, ազգային խտրականության քաղաքականությունը, որի հիմնական խնդիրն էր՝ հայաթափ անել Լեռնային Ղարաբաղը, մարզն էթնիկական  առումով դարձնել ադրբեջանական տարածք: Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ակնհայտ է եղել մարդու իրավունքների տեսանկյունից խտրականության դրսևորումը Արցախում  ապրող հայերի նկատմամբ:

«Խորհրդային տարիներին, ադրբեջանցիները ավելի բարձր կարգավիճակ և հնարավորություններ են ունեցել Արցախում քան հայերը, շատ դեպքերում արցախաբնակ հայությունը ադրբեջանցիների կողմից ենթարկվում էր խտրականությունների: Որտեղ Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների ձեռքերը հասնում էին արցախահայությանը, այնտեղ նրանք փորձում էին հայությանը դուրս մղել Արցախից՝ դրա փոխարեն ավելացնելով ադրբեջանցիների քանակն ու կշիռը ԼՂԻՄ-ում: Դա արտահայտվել է և՛ տնտեսական, և՛ վարչական, և՛ կրթական և այլ ոլորտներում: Դրա հետևանքով տասնամյակների ընթացքում հայության տոկոսը ԼՂԻՄ-ում շուրջ 20 տոկոս նվազել էր»,- Journalist.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

 1960-80-ական թվականներին մարզում հայ բնակչության հանդեպ խտրականությունը դրսևորվել է նաև հայերի աշխատանքի և վարձատրության առումով: Աշխատողներին  վարձատրում էին ոչ թե իրենց կատարած աշխատանքին համապատասխան, այլ ըստ նրանց ազգային պատկանելիության կամ օրինակ ըստ նրա, թե տվյալ օբյեկտը որտեղ էր տեղադրված՝  մարզի հայկական թե ադրբեջանական մասում: Տասնամյակներ շարունակ հայ երիտասարդությունը զուրկ է եղել աշխատելու և ապրուստ վաստակելու իրավական հնարավորություններից: Դա առանձնապես արտահայտվել է բարձր որակավորման մասնագետ կադրերին աշխատանքով չապահովելու խնդրում:

«Թեև Ադրբեջանը այդ տարիներին ֆորմալ կանոնով պահում էր այն օրենքը, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ղեկավարը ազգությամբ հայ էր, բայց  հատկապես Ղարաբաղյան շարժմանը նախորդող  տարիներին այնպիսի մարդիկ էին նշանակվում, ովքեր  չնայած հայ լինելուն  վարում էին հակահայկական քաղաքականություն, որոնցից ամենաարտահայտիչը Բորիս Գևորգովի օրինակն է»,-նշում  է ԵՊՀ դասախոս, փաստաբան, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Խտրականությունը առաջին հերթին դրսևորվում էր մշակութային և կրթական համակարգերում, այստեղ  լուրջ սահմանափակումներ կային: Ադրբեջանում փակվում էին հայկական դպրոցներ 1960-80-ական թվականներին, ինչի հետևանքով դպրոցահասակ երեխաները կամ պետք է ուսում ստանային ոչ հայկական դպրոցներում, կամ էլ տեղափոխվեին Հայաստան: Հայկական դպրոցներում էլ հանել էին հայոց պատմությունը և փոխարենը երեխաները սովորում էին Ադրբեջանի պատմություն:

Արցախի հանրապետության քաղաքացի Նարեկ Աղաջանյանը թեև 22 տարեկան է, բայց գիտի շատ դեպքեր, երբ խախտվել են արցախցիների իրավունքները, որոնք իրեն պատմել են տան մեծերը․ «Հայկական դպրոցներում բերում էին ադրբեջանական դասագրքեր և ցանկանում էին, որպեսզի երեխաները դրանցով սովորեին՝ հայերենի փոխարեն անցնելով անդրբեջաներեն: Բարձր պաշտոններին փորձում  էին նշանակել ադրբեջանցիների, իսկ հայերին նշանակում էին աշխատելու իրենց ենթակայության տակ»:

 Երկրորդ ոլորտը, որտեղ նկատվում էր խտրականություն՝ տեղաշարժման ազատությունն էր: Ադրբեջանի իշխանությունները մեղմ ասած չէին նպաստում  Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ցամաքային կապերին, այսինքն ճանապարհային կապերի զարգացմանը, շատ ավելի բարվոք վիճակում էին Ադրբեջան տանող ճանապարհները։ Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացումը ևս համեմատաբար ցածր մակարդակում էր պահվում, միջոցներ չէին ձեռնարկվում, որպեսզի տնտեսական զարգացում տեղի ունենար։ Հայ բնակչության արդար դատաքննության իրավունքը ևս հաճախակի էր խախտվում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում։

«Կան շատ հայտնի ոչ արդար դատաքննության դեպքեր, որոնք, ցավոք, Երևանում հայտնի չեն․ օրինակ հայ երեխայի դաժան սպանությունը ադրբեջանցու կողմից, որից  հետո տեղի ունեցավ դատավարություն և մեղավորները ազատվեցին շատ մեղմ պատիժներով, հենց սա ամենավառ օրինակն է խտրականության, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղում գնալով զգալիորեն պակասում էր հայերի թիվը»,-ասում է Ռուբեն Մելիքյանը:

25 տարի առաջ հրադադարի հաստատմամբ հնարավորություն տրվեց ժամանակակից չափանիշների համապատասխան մարդու իրավունքների համակարգ ձևավորելու հիմքերը դնել Արցախում: Բայց պատերազմի արդյունքում Ադրբեջանից անկախացած Արցախի Հանրապետությունում ևս որոշակի բարդություններ կան այս առումով։ Չճանաչված պետությունները և հատկապես, կոնֆլիկտային իրավիճակում գտնվող պետությունները միշտ ավելի խոցելի են լինում մարդու իրավունքների պաշտպանության առումով: Այդպիսին է նաև Արցախը: Ի հեճուկս մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքին՝ միջազգային հանրությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում Արցախում մարդու իրավունքների պաշտպանության և Արցախի միջազգային ընդգրկվածության վրա:

Արցախի Հանրապետության չճանաչված լինելու հետևանք է այն, որ տարբեր միջազգային  կառույցների կողմից Արցախում գործունեություն իրականացնելու սահմանափակումների պատճառով  Արցախը մարդու իրավունքների համակարգին մեծապես կապված է Հայաստանի միջոցով: Միջազգայնորեն չճանաչված պետության արդարադատության համակարգի խնդիրներից մեկը միջազգային փորձին հաղորդակից չլինելն է:

Բացի այդ, չճանաչված պետությունների քաղաքացիները շատ հաճախ խնդիր ունեն դիմելու միջազգային դատարաններ և կիսադատական մարմիններ (օրինակ՝ ՄԱԿ-ի կոմիտեներ) ներպետական ատյանների վճիռերի հետ համաձայն չլինելու դեպքում: Սակայն հատկապես վերջին տարիներին նոր զարգացումներ են տեղի ունենում այդ առումով: Մասնավորապես, ՄԻԵԴ-ը որոշ պարագաներում պատասխանատվության է ենթարկել ճանաչված պետություններին իրենց հետ կապ ունեցող չճանաչված պետություններում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների համար:

Ուստի, թեև մեզ համար ոչ այդքան ցանկալի ճանապարհով, սակայն պատուհան է բացվել Արցախի քաղաքացիների՝ վերպետական ատյաններում իրավունքների պաշտպանության համար:

Թամարա Վարդանյան

4-րդ կուրս

Կիսվել