«ԼՐԱԳՐՈՂԸ, ՈՎ ՄԻԱՅՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ Է ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ, ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՁԱՅՆԱԳՐԻՉԻՑ ՈՉՆՉՈՎ ՉԻ...

«ԼՐԱԳՐՈՂԸ, ՈՎ ՄԻԱՅՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ Է ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ, ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՁԱՅՆԱԳՐԻՉԻՑ ՈՉՆՉՈՎ ՉԻ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ». ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ

1537

Փետրվարի 17-ին ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հյուրն էր հեռուստառադիոլրագրող, մեկնաբան Նաիրի Հոխիկյանը: Լինելով  ֆակուլտետի սան` Նաիրին անդրադարձավ իր ստացած գիտելիքներին և բաց թողած այն դասախոսություններին, որոնց համար այսօր զղջում է, մասնավորապես` Գագիկ Հովհաննիսյանի՝ Լրագրության Ժանրեր առարկային․ «Բավական խիստ դասախոս էր, իրականում չուզենալով էինք գնում դասի, բայց կարծում եմ`սխալ էինք, քանի որ եթե ցանկանում ես դառնալ լավ լրագրող, պետք է տիրապետես լրագրության ժանրերին: Լրագրողը խոսքը լսարանին կարող է հասանելի դարձնել ժանրերին տիրապետելու միջոցով»:

Ըստ Նաիրի Հոխիկյանի` լրագրողը չի կարող տիրապետել բոլոր ոլորտներին, բազմակողմանի զարգացած լինելը միֆ է․ «Երբ ես «Շանթ» հեռուստաընկերությունում էի աշխատում, մեր լրատվականի տնօրենը պարտադրում էր, որ մենք ամեն ինչ լուսաբանենք։ Ես դեմ եմ, քանի որ մասնագիտացած եմ տարածաշրջանային քաղաքական զարգացումների ոլորտում։ Ես չեմ կարող կրթություն լուսաբանել, որովհետև չգիտեմ կրթությանը վերաբերող բազմաթիվ նրբություններ»:

Ն․ Հոխիկյանը, չբացելով փակագծերը, նշեց, որ  «Շանթ» հեռուստաընկերությունը լքելուց հետո ունեցել է բազմաթիվ առաջարկներ:  Նա ասաց, որ որևէ նոր բանի հասնելու համար ինչ-որ մի բան պետք է զոհաբերես․ «Այս պահին ՀՀ կառավարության առաջարկով վավերագրական ֆիլմ ենք նկարահանում հայ-եզդիական պատմական բարեկամության մասին: Միաժամանակ տասը տարուց ավել զբաղվում եմ Արևմտյան Հայաստանում ապրող, ինքնությունը պահպանող հայերի հետ աշխատանքով, նրանց կյանքը,  կենցաղը ներկայացնելով»:

Ուսանողուհու այն հարցին, թե ինչպես է մեկնաբանը վերաբերվում Ֆրենկ Սինատրայի խոսքերին, թե ինքն ատում է լրագրողներին մինչև հոգու խորքը․ լրագրողները այնտեղ են, որտեղ չարիքն է, Նաիրի Հոխիկյանն անկեղծացավ․ «Անկեղծ ասած՝ եթե ես լինեի Ֆրենկ Սինատրայի տեղում, ես էլ այդպես կասեի այսօրվա լրագրության մասին: Ես հիմա խուսափում եմ գնալ մեծ միջոցառումների, որովհետև լրագրողներն այնքան անիմաստ հարցեր են տալիս, չմտածված քայլեր են անում, սադրանքների են դիմում դիտումներ հավաքելու համար, և սա միայն հայաստանյան լրագրության մեջ չէ»:

Գիրք կարդալը մարդուն տալիս է ամեն ինչ` բառապաշար, կողմնորոշվելու կարողություն և նաև հաճույք: Մեկնաբանի կարծիքով՝ գրքին չի կարող փոխարինել ոչ մի հեռախոս, համակարգիչ և հեռուսացույց․ «Ես միշտ տոների առիթով գիրք եմ նվիրում: Շատ հաճախ ինձ կատակով ասում են՝ Մեր տանը ինչքան գիրք կա դու ես նվիրել», բայց դա ամենաթանկ նվերն է` մանավանդ մակագրված»:

«Այս կյանքում քեզանից առավել պետք է սիրես ծնողներիդ, կողակցիդ և երեխաներիդ»,- հավելեց Նաիրի Հոխիկյանը:

Վիկտորյա Հովեյան, Ռիտա Մնացականյան
2-րդ կուրս

Կիսվել