«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ». ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՅԱՆ

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ». ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՅԱՆ

284

Մարտի 11-ին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողները հանդիպեցին ՀՀ նախագահի օգնական, քաղաքագետ, վերլուծաբան, Հայաստանի հանրային ռադիոյի «Ստատուս Քվո» հաղորդման հեղինակ-վարող Գևորգ Մելիքյանին: Նա իր փորձը ներկայացրեց ուսանողներին: Հանդիպումն ընթացավ հարց ու պատասխանի ձևաչափով: Զրույց ծավալվեց լրագրողի մասնագիտական որակների, ռադիոյի դերի, ուղիղ եթերում առկա խոչընդոտների, հեղինակ-վարողի պրակտիկայում հանդիպած դժվարությունների մասին:


Ըստ Գևորգ Մելիքյանի՝ Հայաստանում կա քննադատական մտածողության բացակայության խնդիր. «Մեր կրթական համակարգը, ցավոք, չի հենվում քննադատական մտածողության վրա»:
Նա ընդգծեց քննադատական և ոչ քննադատական մտածողության տարբերությունը և պարզաբանեց. «Դուք պետք է հարցականի տակ դնեք այն տեղեկությունը, որը ստանում եք. անգամ այն, ինչ հիմա ես ձեզ ասում եմ: Արդյոք ասվածը հիմնավորվա՞ծ է, բազմակողմա՞նի է, չի՞ ներառում որևէ մանիպուլյացիա, չունի՞ ապատեղեկատվություն, դիմացինին մոլորեցնելու նպատակ»:

Նրա խոսքով՝ քննադատական մտածողության արդյունքում ծնվում են վերլուծություններ, որոնք նման չեն հիմնականում այն վերլուծություններին, որոնք կան մեդիադաշտում: Այդտեղ վերլուծական մոտեցումն ավելի շատ նկարագրողական է. լրագրողները նկարագրում են՝ ինչ է տեղի ունենում  և վերջում կարող են ինչ-որ եզրակացություններ անել, մինչդեռ դա ճիշտ մոտեցում չէ:

Հանդիպումը եզրափակվեց արհեստական բանականության մասին քննարկումով:

Ըստ վերլուծաբանի՝ արհեստական բանականությունը փոխարինելու է շատ մասնագիտությունների, այդ թվում՝ նաև լրագրությանը: Այսօր էլ կան բանականությանը մոտ ծրագրեր, որոնք մի քանի րոպեում գրում են այն բոլոր հոդվածները, որոնք լրագրողները կարող են գրել մի քանի ժամում կամ օրում: Կան նաև հաղորդավարներ, որոնք իրական չեն: Սակայն արհեստական բանականությունը մարդուն փոխարինել չի կարող:

Հասմիկ Անդրեասյան

2-րդ կուրս

Կիսվել