«ԿԱՆԱՅՔ ՄԱՅՐԱԲԱՐ ԵՆ ՆԱՅՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉԻՆ. ՆՐԱՆՑ ԿԱՇԱՌԵԼԸ ԴԺՎԱՐ Է». ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ...

«ԿԱՆԱՅՔ ՄԱՅՐԱԲԱՐ ԵՆ ՆԱՅՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉԻՆ. ՆՐԱՆՑ ԿԱՇԱՌԵԼԸ ԴԺՎԱՐ Է». ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ ՄԵՐԻ ՋԱՆՈՅԱՆ

68

Մերի Ջանոյանը Վայք խոշորացված համայնքի ավագանու միակ կին անդամն է։ Ըստ նրա՝ կանանց դերը պետք է բարձրացնել ՏԻՄ-երում, քանի որ կանայք ավելի քիչ են գնում զիջման և որոշումներ կայացնելու մեջ ավելի հաստատակամ են։


-Ինչո՞ւ  որոշեցիք  դառնալ ավագանու  անդամ:

-Լինելով ակտիվ  քաղաքական, հասարակական մտածողություն ունեցող մարդ՝ միշտ օգնել եմ համայնքին, մի շարք ծրագրեր ենք արել, և մտածեցի, որ կարելի է դառնալ  ավագանի. այդպես գոնե ավելի նպատակային կլինի իմ օգնությունը՝ ավելի իրական, իրավական: Ճիշտն ասած՝ ամուսինս որոշեց. ես ընդհանրապես ցանկություն չունեի, բայց մի անգամ ծրագրերից մեկում «Կանանց ներգրավածությունը ՏԻ մարմիններում»   ես  հայտ էի ներկայացրել, իրենք կանչեցին, գնացի  և այնտեղ էլ հարցրին՝ արդյոք չե՞մ ուզում ավագանի դառնալ: Ես ասացի՝ ոչ, ցանկություն չունեմ, ուղղակի եկել եմ նոր բան լսելու կամ սովորելու: Ամուսնուս հետ երկար խորհրդակցելուց հետո որոշեցի թեկնածություն դնել և պայքարել ավագանի դառալու համար: Հետո այն, որ  էլի կանայք էին առաջադրվել, ինձ ոգեշնչում էր: Մտածեցի, որ այլ կանանց հետ կմիանանք, ու մեր խոսքը մի բանի կհասնի, բայց ցավոք այնպես ստացվեց, որ երկու կանայք չընտրվեցին, ու ես այնքան էլ լավ չէի զգում, որ մենակ եմ մնում, չնայած այն բանին, որ համախոհներ ունեմ, բայց տղամարդիկ են, տղամարդկանց մտածողությունը բոլորովին  ուրիշ է. իմ մտածողությանը չի համընկնում:

– Դժվար չէ՞ աշխատել տղամարդ ավագանիների հետ:

– Դժվար է, շատ դժվար: Մեկ-երկու անգամից հետո հասկացա, որ դժվար է, իրենք` տղամարդիկ մի քիչ ավելի հեշտ են գնում կոմպրոմիսի, ես` ոչ:  Եթե դա չի բխում իմ ընտրողների շահերից, ես չեմ գնում դրան, բայց իրենք գնում են: Այդ  առումով շատ դժվար է, բայց մնացած հարցերում հետաքրքիր է, որովհետև տղամարդկանց

 մտածողությունն ուրիշ է:

-Ի՞նչ եք կարծում կանանց ներկայությունը տեղական

 ինքնակառավարման մարմիններում օգտակա՞ր է:   

 -Շատ: Ո′չ մի անգամ, ո′չ մի տղամարդ չի կարող այնպես մտածել, ինչպես կինը. Կինն ինչպիսին, որ ընտանիքում է՝ տան հոգսերն է հոգում՝ ամեն ինչ անելով, որոշելով, ամեն ինչ ճիշտ ուղու վրա դնելով, այդպես էլ այս աշխատանքն իրականացնելիս է։ Իսկ  տղամարդը՝  դրսի մարդ է, այդ հարցերը չի կարողանում լուծել: Եթե կանայք չլինեն կառավարման մարմիններում, կամ պասիվ լինեն, շատ դժվար քայլերով առաջ կշարժվեն: Այնքան բաներ կան, որ կինը նկատում է, տղամարդը՝ ոչ: Հետո, կանայք ավելի մայրաբար են նայում ամեն ինչին. նրանց կաշառելը դժվար է լինում:

 -Ըստ Ձեզ` ինչո՞ւ են քիչ թվով կանայք ներգրավված տեղական ինքնակառավարման մարմիններում:   

-Դա շատ ռիսկային է: Ես և ամուսինս իմ թեկնածությունն առաջարկել ենք շատ դժվարությամբ․ օրեր շարունակ մտածում էինք: Անհանգիստ էի, իմ անհանգստությունից նեղվում էի: Ընտրական գործընթացներում տղամարդիկ ավելի շատ ռեսուրսներ ունեն, ընկերները շատ են, շրջապատը՝ ևս: Վայքի ավագանու  թեկնածու տղամարդիկ  մեծ մասամբ հիմնարկի անդամներ են ու իրանց համար ավելի հեշտ է՝ իրենց շրջապատն ունեն, կայացած են, ու իմ հնարավորությունները՝ որպես այդպիսին  ավելի քիչ են: Այս քաղաքում մեծացած մարդիկ գիտեն` եթե կանայք մի քիչ աչքի են ընկնում, սկսում են նրանց  մասին չարախոսել,  ու  այդ  ամենը շատ դժվար է հաղթահարել, անցնել այդ սահմանը ու գնալ առաջ՝ ինչ-որ մեկին օգնելու համար: Դու պիտի հասկանաս, որ անելու ես մի բան, որի համար չես վարձատրվելու, կարող է բարոյապես էլ չվարձատրվես, բայց եթե շատ ես ուզում օգնել մարդկանց, դու պետք է պատրաստ լինես, անել դա նաև անվճար:

Ունե՞ք որևէ կարգախոս, որով առաջնորդվում եք:

-Կարգախոս, որպես այդպիսին չունեմ, սակայն իմ կարծիքով՝ կարևորն այն է, որ օգտակար լինես մարդկանց: Ինձ շատ հաճելի է, երբ մեկին օգնում եմ. ինձ բավարարված եմ զգում: Բոլոր ժամանակներում՝ անկախ նրանից ավագանու անդամ կլինեմ, թե՝ ոչ, ինձ համար հաճելի է մարդկանց ինչ-որ բանով օգտակար լինելը: Ճիշտ է՝ Վայքում  եմ ապրում, բայց խոշորացված համայնքների և գյուղերի բոլոր խնդիրներին տեղյակ եմ. գիտեմ՝ որ գյուղում ի′նչ խնդիր կա, ի′նչ ճանապարհներ կան, ի′նչ առանցքային հարցեր կան: Ես բոլոր առումներով հնարավորություն ունեմ այդ խնդիրները վեր հանելու և համայնքին օգնելու: Հիմա մենք զբաղված ենք զարգացման ծրագրերով: Մոտ 515 հազար դոլար ունենք, ինչն անհրաժեշտ է այդ բոլոր ծրագրերի զարգացման համար:  Պետք է կարողանանք այդ գումարները ճիշտ տեղայնացնել.  այդ հարցերն ենք քննարկում: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի, և այս հինգ տարիների ընթացքում համայնքիս առաջ  ծառացած խնդիրներից  շատերը կլուծվեն:

Մուշեղ Կուրեխյան
2-րդ կուրս


Կիսվել