ՄԱՍՆԱԳԵՏ, ՈՐԻՆ ՉԻ ՎՆԱՍԵԼ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ

ՄԱՍՆԱԳԵՏ, ՈՐԻՆ ՉԻ ՎՆԱՍԵԼ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ

894

Երկրում արտակարգ դրության իրավիճակով պայմանավորված` ժամանակավորապես   սահմանափակվել է մարդկանց տեղաշարժը, փակվել են աշխատավայրերը։ Այս օրերին միայն պարետատան հաստատած մասնագիտությունների տեր մարդիկ են, որ իրավունք ունեն տանից դուրս գալ ու գնալ աշխատանքի: Սակայն գործը չի կարող սպասել, եւ շատերը հենց տանից են աշխատում։ Լրագրություն, ծրագրավորում, աստղագիտություն, մարքեթինգ, մանկավարժություն, դիզայն, հաշվապահություն, թարգմանչություն, ֆինանսների կառավարում. սրանք մասնագիտություններ են, որոնք հնարավորություն են տալիս աշխատանքն իրականացնել առանց աշխատավայր հաճախելու:

Զրուցակիցս՝  Արմինե Վարդանյանը, մարքեթինգային ոլորտից է,  տանից գործ անելն իր համար նորություն չէ, հարազատ չորս պատերը վաղուց է փոխարինել ընդարձակ ու մարդաշատ աշխատավայրին։ Ահա տանից աշխատանքի  և՛ դրական և՛ բացասական կողմերը, որոնք առանձնացրել է մարքեթոլոգը։

  • Բնականաբար, ամենակարևոր պլյուսը ժամանակդ տնօրինելն է։
  • Միաժամանակ տարբեր բաներով զբաղվելը լուրջ ռեսուրս է պահանջում, բայց ավելի հետաքրքիր է:
  • Հնարավոր վարակից խուսափելը: «Ռիսկը մեծ է, երբ դուրս ենք գալիս տանից, ուստի  տանից աշխատելը առողջ մնալու լավագույն տարբերակն է»։
  • Ընտանիքիդ անդամների, երեխաներիդ հետ երկար ժամանակ անցկացնելը: Եթե մարդիկ աշխատանքի պատճառով իրենց բալիկներին օրվա մեջ երկու-երեք ժամ էին տեսնում, ապա այսօր հնարավորություն ունեն ամբողջ օրը միասին անցկացնելու։

Իսկ բացասական կողմերի մասին խոսելիս, Արմինեն ժպիտով նշում է.

«Ինձ համար տանից աշխատելու ամենաանհարմար ու տխուր պահը այն է, երբ հենց աչքերդ բացեցիր, դու արդեն աշխատավայրում ես, ինչն այնքան տխուր է»։

Ըստ Արմինեի, մյուս անհարմարությունը, երբ պետք է կարողանաս անթերի աշխատանք ներկայացես ու միեւնույն ժամանակ երեխաների դաստիարակությամբ զբաղվես։

Մեր զրուցակիցը վստահ է՝ այս պահին կարեւոր են ոչ թե աշխատանքի կամ տնային հոգսերի անհարմարությունները, այլ մեր՝ միահամուռ պայքարը վարակի դեմ, ինչը ենթադրում է մեկ առաջնահերթություն՝ մնա՛լ տանը․ սա է համայն աշխարհի առաջնային գործը։

Մարո Եղոյան

3-րդ կուրս

Կիսվել